Ի՞նչն է «անընդունելին»

Եռանախագահների հայտարարությունը` արցախյան հակամարտության ներկա իրավիճակը բնութագրող և ակնկալիքները սկզբունքների տեսքով վերահաստատող, բովանդակային առումով որևէ հիմնական հավելում չի պարփակում: Շեշտադրումների խնդիր է, որ հայտարարությանը ծանոթացողը կնկատի: Ոճի խստացումը, համեմատաբար նախորդ հայտարարություններին, ակներև է:

Այսպես . եռանախագահողները խոր ափսոսանք  են հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փորձելու լուծում գտնել, հիմնված փոխադարձ շահերի հիման վրա, շարունակում են ձգտել միակողմանի ելքերի:

Նույն հայտարարության մեջ ասվում է, որ այս ձգձգումը անընդունելի է: մնացյալը, կոչի դասական մոտեցում է և բազմիցս ամրագրված սկզբունքների կիրառման անհրաժեշտության վերհիշեցում:

Ոճի համեմատական խստացման շարժառիթները կարող են իրենց քաղաքական բացատրություններն ունենալ: Այդ ուղղությամբ քաղաքական հարակից գործընթացները դեռեվս լույս կսփռեն  շեշտադրումային որոշակի փոփոխություններով փոխանցվող ուղերձի բուն դրդապատճառների վրա:

Այժմ նկատենք անմիջապես, որ ներկա գոյավիճակը և նրա լուծման համար տարվող բանակցությունների ձգձգումը ուղղակի անընդունելի կհամարվեն եռանախագահողների կողմից։ Բայց հակամարտության լուծման անտեսանելիության չափ անորոշ է նաև այս իրավիճակի անընդունելիության գաղափարը: Այստեղ անշուշտ ասված չէ, թե անընդունելիությունը ինչպե՞ս են ուզում գործնապես թարգմանել միջնորդ պետությունների ղեկավարները: Պաշտոնական Բաքուն իր պահանջների հետևողականությունը պահելու համար իրավիճակի անընդունելիությունը կարող է  մեկնաբանել իբրև նախաբան բանակցային ձևաչափի փոփոխության գործողության:

Պաշտոնական Երևանի մեկնաբանությունը դիտարկելուց առաջ նկատենք, որ եռանախագահողների կողմից հայտարարված գոյավիճակի անընդունելիության պատասխանատվությունը հավասարապես բաժանվել է հակամարտող կողմերին: Իբրև պատասխանատու չի առանձնացվել  ռազմատենչ հայտարարություն կատարողը, հրադադար խախտողը, դիպուկահարներ գործի լծողը, դիվերսիոն գործողություններ կազմակերպողը, Սաֆարովին հերոսացնողը և հայատյացություն տարածողը: Շփման գծում կատարվող մշտադիտարկումների արդյունքները հավանաբար բավարար նկատվեին միակողմանի պատասխանատվություններ ճշտելու համար:

Այս առումով էլ արդարացված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունն այս ամբողջ գործընթացի սառեցման պատասխանատվությունը Բաքվի ուսերին տեսնելու առումով: Դիվանագիտական մարտավարությունը ևս, որ որոշ ժամանակից ի վեր կիրառվում է, պարզ է: Միջազգային ընտանիքին ցույց տալ, որ միջնորդների և միջազգային օրենքի ճշտած սկզբունքներն ու օրինաչափությունները ընդունելի են Երևանի համար և Բաքուն է, որ մերժում է դրանք։

Փաստ է նաև այն, որ հայկական դիվանագիտության այս վարքագիծը իր անմիջական արդյունքները չի տալիս: և հակառակ դրան, որ սկզբունքների նշման ընթացքում Երևանը ուժի կիրառման բացառումից հետո իբրև երկրորդ սկզբունք է արծարծում ազգերի ինքնորոշման իրավունքը և ապա տարածքային ամբողջականության սկզբունքը, միջազգային հայտարարությունները ընդհանրապես և այս դեպքում եռանախագահները իրարահաջորդականության մեջ երկրորդ տեղն են տվել տարածքային ամբողջականությանը և ապա միայն իբրև երրորդ սկզբունք ինքնորոշման իրավունքին:

Այս նրբերանգները անպայման նկատի կառնվեն հայտարարության ուղերձները մեկնաբանողների կողմից: Միջազգային ընտանիքի, եռանախագահողների և Մինսկի խմբի հայտարարություններին ընդառաջ գնալը և Բաքուն իբրև պատասխանատու ներկայացնելու հայկական դիվանագիտության մոտեցումները բավարար չեն: Այդ բոլորը արդյունք կտան, երբ պատասխանատվության նժարը հայտարարություններում և հատկապես բանակցային սեղանների վրա սկսեն թեքվել դեպի ադրբեջանական կողմը:

Այսօր դեռևս գործում է պատասխանատվության համահավասարեցման միջազգային սկզբունքը: Այս անգամ՝ համեմատաբար խիստ ոճով և իրավիճակը անընդունելի նկատելով: Երևանը այս համահավասարեցումն անընդունելի պետք է նկատի և աշխատի որ նույն կեցվածքը որդեգրեն նաև միջազգային այլ կազմակերպություններ:

Շահան Գանտահարյան
«Ազդակի»  գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս