Ռուբիոն մեղադրել է Կուբային ԱՄՆ-ի հակառակորդ երկրների հետախուզական ծառայություններին տարածք տրամադրելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Կուբայի իշխանություններին ԱՄՆ-ի հակառակորդ պետությունների հետախուզական ծառայություններին երկրի տարածքը տրամադրելու համար։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
«Մենք թույլ չենք տա, որ օտարերկրյա զինվորականները կամ հետախուզությունը կամ անվտանգության ծառայություններն անպատիժ գործեն մեզնից 90 մղոն հեռավորության վրա», – ասել է նա։
Ռուբիոն որևէ երկիր չի առանձնացրել, սակայն ԶԼՄ-ները նշում են Կուբայի վաղեմի պատմական կապերը նախ ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի հետ։ Վերջին տասնամյակներում Կուբան նաև ընդլայնում է Չինաստանի հետ համագործակցությունը տնտեսական ու տեխնոլոգիական ոլորտներում։
Մեկնաբանելով Կուբայում ստեղծված իրավիճակը՝ Ռուբիոն ասել է. «Այնտեղ բարելավումները կարող են լինել միայն լուրջ տնտեսական բարեփոխումների շնորհիվ, բայց ոչ ներկա իշխանությունների հետ, որոնք տնտեսապես գիտակ չեն»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Նա նախկինում բազմիցս պնդել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկման այն բանից հետո, երբ ԱՄՆ ճնշման ներքո դադարել են Վենեսուելայից նավթի մատակարարումները։



