Ռյուտեն Անկարա է մեկնում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 21-22-ին Անկարայում կլինի՝ հանդիպումներ ունենալու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և պաշտպանության նախարար, գեներալ Յաշար Գյուլերի հետ, գրում է Turkiye Today-ը։
ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ռյուտեն կհանդիպի Թուրքիայի պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով երեք ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռյուտեն նաև կայցելի թուրքական պաշտպանական արդյունաբերական ձեռնարկություն, ինչն արտացոլում է ՆԱՏՕ-ի ուշադրությունը պաշտպանական արտադրության և բեռի բաշխման վրա՝ Անկարայի գագաթնաժողովից առաջ։ Հանդիպումները կանցկացվեն լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։
Այցը հաջորդում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ADF), որտեղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեկերինսկան հաստատել էր Թուրքիայի աճող դերը դաշինքում, այդ թվում՝ 2026 թվականի երկրորդ կեսին Էստոնիայում օդային պարեկության համար թուրքական ինքնաթիռների տեղակայումը։ ՆԱՏՕ-ն բազմիցս նշել է, որ Թուրքիան ունի դաշինքի երկրորդ ամենամեծ բանակը և պաշտպանական արդյունաբերության ամենակարևոր ներդրողներից մեկն է։
Factor.am



