Վերջում ժողովուրդն ընտրելու է ոչ թե ամենաբարձր գոռացողին, այլ նրան, ով գիտի, թե ինչ է անում, և այդ ընտրությունը շատ մոտ է. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրածը պատահական արտահայտությունների շարք չէր։ Դա քաղաքական վարքագծի ձևավորված հստակ մոդելի արդյունքն էր։

Երբ երկրի ղեկավարը անցնում է ընդդիմությանը անվանարկելու վարքագծի ու դրսևորումների, նա իրականում չի հարվածում ընդդիմությանը։ Նա իջեցնում է պետական խոսքի նշաձողը։
Եվ այս ամենն ունի շատ հստակ հաշվարկ՝ քաշել ամբողջ քաղաքական դաշտը նույն մակարդակի վրա, վերածել այն փոխադարձ վիրավորանքների, և այդ ֆոնի վրա՝ մի կողմից թաքցնել կառավարման իրական ձախողումները, մյուս կողմից՝ բավարարել նախընտրական շրջանում տեխնոլոգների նախանշած պահանջմունքները։

Սա ծանոթ տեխնոլոգիա է։ Եվ հենց այստեղ է մեր ընտրությունը։

Կա երկու ճանապարհ։ Կամ մտնել այդ խաղի մեջ՝ պատասխանել նույն տոնով,
կարճաժամկետ «էֆեկտի» ետևից գնալ ու ընկնել իր լարած թակարդը՝ կորցնելով պետականության համար մղվող պայքարում քո միտքը, կեցվածքն ու հավատամքը, կամ՝ չմտնել այդ խաղի մեջ ընդհանրապես։

Մենք ընտրում ենք երկրորդը։ Որովհետև պետությունը կառավարման կարիք ունի, այլ ոչ թե լոզունգային և ռեպլիկային վարքագծի։

Երբ Ազգային ժողովը օգտագործվում է որպես հարթակ ընդդիմախոսներին պիտակավորելու համար, դա արդեն ոչ թե քաղաքական պայքար է, այլ՝ ինստիտուտների արժեզրկում։

Իսկ մենք պարտավոր ենք անել հակառակը՝ վերականգնել ինստիտուտների իմաստը։

Մեր գործը մեկն է՝ ցույց տալ, թե ինչպես է պետք կառավարել պետությունը՝ առանց աղմուկի, բայց պատասխանատվությամբ,
առանց վիրավորանքի, բայց հստակությամբ,
առանց պոպուլիզմի, բայց արդյունքով։

Որովհետև վերջում ժողովուրդը ընտրելու է ոչ թե ամենաբարձր գոռացողին, այլ նրան, ով գիտի, թե ինչ է անում։ Եվ այդ ընտրությունը շատ մոտ է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930