Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից. Թրամփ
Չնայած պաշտոնական Թեհրանի հերքմանը, թե Վաշինգտոնի հետ բանակցում է պատերազմը դադարեցնելու շուրջ՝ Դոնալդ Թրամփը երեկ կրկին հայտարարել է, թե Իրանի հետ բանակցում են և հիմա համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա:
ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից: Ըստ նրա՝ Թեհրանն այժմ ունի ևս մեկ հնարավորություն՝ վերջ դնելու ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին: Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Թեհրանը կօգտվի այդ հնարավորությունից:
«Մենք հիմա իսկապես լավ քննարկումներ ենք ունենում… Նրանք ուզում են խաղաղություն։ Նրանք համաձայնել են, որ չեն ունենա միջուկային զենք և այլն։ Բայց տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց ես կասեի, որ շատ մեծ հնարավորություն կա», – նշել է Թրամփը:
Հնարավոր գործարքի մասին Թրամփի հայտարարություններից հետո ամերիկյան լրատվամիջոցները գրում են, թե ԱՄՆ փոխնախագահը կարող է մասնակցել հնարավոր բանակցություններին, որոնք կարող են անցկացվել Պակիստանում: Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ այս ենթադրությունները չպետք է համարվեն վերջնական, քանի դեռ Սպիտակ տունը չի հայտարարել այդ մասին:
«Սրանք դիվանագիտական զգայուն քննարկումներ են, և ԱՄՆ-ն չի բանակցելու մամուլի միջոցով», – BBC-ին ասել է Սպիտակ տան Քերոլայն Լևիթը:



