Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի. Վահե Դավթյան

Իշխանությունները հիմա էլ խոսում եմ Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին: Անգամ սկսել են Թուրքիայի կառավարության հետ ներդրումային հարցեր քննարկել: Ասում են՝ ՛՛Պատրաստ ենք օր առաջ սկսել՛՛:

Այլ պայմաններում տվյալ նախաձեռնությունը թերևս կարելի էր ողջունել: Օրինակ՝ 2009-2010 թ. ՛՛ֆուտբոլային դիվանագիտության՛՛ ժամանակ, երբ Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգիայի լուրջ պակասորդ, Հայաստանն էլ պատրաստ էր փակել դրա մի մասը: Ի վերջո, այդ ժամանակաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային միջավայրերը սկզբունքորեն տարբեր էին ներկայիս իրողություններից։

Այսօր իրավիճակը որակապես փոխվել է։

Թուրքիան ոչ միայն դինամիկ տեմպերով հաղաթահարում է էլեկտրաէներգետիկ պակասորդը, այլև ռազմավարություն է որդեգրել առաջիկա տարիներին զարկ տալ արտահանմանը, ներառյալ հարավկովկասյան շուկաները: Վերջինիս նախադրյալներն առկա են՝ հատկապես հաշվի առնելով

Թուրքիայում գեներացնող հզորությունների շարունակական աճը՝ Աքքույու ԱԷԿ, նոր ատոմային նախագծեր Սինոփում ու Ֆրակիայում, 750-ից ավել ՀԷԿ-եր և այլն:

Այս պայամաններում Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի:

Այս միտումը լրացուցիչ խորանում է մի քանի ներհամակարգային գործընթացներով։

Դրանցից առաջինը Երևանի ընտրությունն է՝ հօգուտ փոքր մոդուլային ռեակտորի, որը երկարաժամկետ հեռանկարում փոխարինելու է բազային միջուկային հզորությունների ներկայիս մոդելը՝ նվազեցնելով համակարգի ինքնաբավության մակարդակը։

Երկրորդը արևային էներգետիկայի արագ ու քաոտիկ զարգացումն է, որը, ունենալով սահմանափակ արտահանման ներուժ և բարձր սեզոնային կախվածություն, չի կարող ապահովել բազային պահանջարկի կայուն ծածկույթ:

Երրորդը շուկայի ազատականացումն է, որը ստեղծում է բոլոր պայամանները արտաքին շուկաներից էլեկտրաէներգիա ներկրելու ու փաստացի Հայաստանի արտաքին կախվածությունն ավելացնելու համար:

ԵՄ-ն էլ հանդես է գալիս որպես այս ամենի ֆինանսական աջակից՝ պատրաստակամություն հայտնելով Հայաստանի էներգետիկայի ՛՛ապառուսիֆիկացման՛՛ նպատակով տրամադրել անհրաժեշտ միջոցները: Բնականաբար, վարկերի տեսքով:

Ակնկալվող արդյունքներ՝ պետական պարտքի ավելացում, էներգետիկ ինքնաբավության կտրուկ նվազում, անվտանգային նոր ռիսկեր:

Վահե Դավթյան՝ քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տեսանյութեր

Լրահոս