Ինչո՞ւ ԲՀԿ-ն դադարեց «այլընտրանք» լինել

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրեց այն նոր քաղաքական իրողությունը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում ձևավորվել է ներքաղաքական դաշտում:
Պատասխանելով ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանի այն մեղադրանքին, որ չնայած 7 տոկոս տնտեսական աճին` երկրում առկա է 10 տոկոսանոց արտագաղթ, Տիգրան Սարգսյանն ասաց. «Պետք չէ ձեռքերը լվանալ, քաշվել ղրաղ ու ասել, որ կապ չունեք դրա հետ: Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա` հեռանում է»:
Մինչև վերջերս` որպես իշխանությանը այլընտրանք, հանդես էր գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հենց այս կուսակցության ներկայացուցիչներն էին, որ հայտարարում էին, որ իրենք այլընտրանք են իշխանությանը: Մինչդեռ Տիգրան Սարգսյանը երեկ բացահայտ հայտարարեց, որ իշխանությանն այլընտրանք չկա, և ԲՀԿ որևէ անդամ չհակադարձեց նրան, որևէ ԲՀԿ-ական չմոտեցավ ամբիոնին և չհայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը սխալվում է իր որակումներում և գնահատականներում, քանի որ իշխանությանն այլընտրանքը հենց իրենք են` ԲՀԿ-ականները:
Իսկ դա տեղի չունեցավ մի պարզ պատճառով. ԲՀԿ-ն դադարեցրել է նույնիսկ ձևական իմաստով իր այլընտրանքային կարգավիճակը, և Տիգրան Սարգսյանն ընդամենը արձանագրում է այդ իրողությունը: Դա ցույց տվեց նաև հարցուպատասխանի ամբողջ ընթացքը:
Թեկուզ անորոշ, բայց սպասում կար, որ ԲՀԿ պատգամավորները պետք է իրենց հարցերով «բզկտեին» վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան հիշեցնելով օֆշորային բացահայտումների մասին, և պարզաբանումներ պահանջեին դրա համար: Բայց ԲՀԿ 36 հոգանոց խմբակցությունից կառավարությանը հարց տալու համար գրանցվել էր միայն Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նա իսկապես չափազանց ընդիմադիր և սուր հարց ուղղեց կառավարությանը՝ հարցնելով, թե արդյո՞ք Սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարին աշխատանքից հեռացման ժամանակ չեն խախտվել Քաղծառայության մասին օրենքով նախատեսված ընթացակարգերը: Իսկապես հասարակական ամենամեծ հնչեղություն ունեցող և հայ հանրությանը այս օրերին ամենաշատը տանջողը հենց այս հարցն է. արդյոք այդ փոփոխությունը եղե՞լ է օրենսդրության շրջանակներում, թե՞ կատարվել են խախտումներ:
Այն, որ ԲՀԿ վարքագծում տեղի է ունեցել կտրուկ փոփոխություն՝ անհնար է չնկատել: ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը երեկ խոսելով կառավարության 2012թ. կատարողականի մասին և քննադատելով այդ կատարողականը, հատուկ շեշտեց. «Ես ուզում եմ կրկնել, որ «Բարգավաճ Հայաստանը» երբեք ու երբեք ու որևէ անձի հետ կամ անձի դեմ խնդիր չի ունեցել և չունի»:
Այ, այ, այ, այ, այ, այ…: Օբյեկտիվության ինչպիսի՜ դրսևորում: Մենք ուզում ենք մեջբերել Վահան Բաբայանի, ընդամենը մի քանի ամիս առաջ, ավելի կոնկրետ` մարտ ամսին, նույն ԱԺ ամբիոնից հնչեցրած հետևյալ միտքը. «Ահագնացող արտագաղթի մեղավորը Տիգրան Սարգսյանն է»: Եվ ևս մեկ մեջբերում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունից՝ արված մոտավորապես նույն ժամանակաշրջանում. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել Ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել»:
Դե հիմա ասեք. եթե ԲՀԿ-ն որևէ անձի հանդեպ խնդիր չի ունեցել կամ չունի, ապա կամ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը պետք է հայտարարեն, որ իրենք ԲՀԿ-ից չեն, կամ պետք է ասեն, որ Տիգրան Սարգսյանն անձ չէ, այլ հրեշտակ է կամ սատանա: Ամեն ինչ, բացի անձից, իրենց ընտրությամբ:
Իրականում ԲՀԿ-ում տեղի է ունեցել հերթական ռևերսը: Մարտի 5-ին ԲՀԿ-ում տեղի էր ունեցել խորհրդակցություն, և ԲՀԿ պատգամավորները նկարագրելով այդ խորհրդակցության ընթացքը` գրում էին. «Խորհրդակցության ընթացքում Ծառուկյանը մի քանի անգամ խիստ արհամարհական տոնով շեշտել է, որ ինքը չի հանդուրժելու պաշտոնի կամ այլ արտոնությունների համար սրան-նրան քծնողներին: Անկասկած է, Գագիկ Ծառուկյանը, թեև չնշեց կոնկրետ անուններ, սակայն նա գիտեր, թե քանի հոգի նկատի ունի և հատկապես որ դրվագներում»: Այս խորհրդակցությունը հռչակվեց` որպես ԲՀԿ ռեֆորմիստական թևի հաղթանակ՝ պահպանողական թևի նկատմամբ:
Հենց այս խորհրդակցությունից հետո սկսվեց ԲՀԿ-ականների խիստ ընդդիմադիր գործունեությունը, որն ավարտվեց Երևանի ավագանու ընտրություններից հետո: Հիմա ԲՀԿ-ականները հայտարարում են, որ որևէ անձի հետ խնդիր չեն ունեցել և չունեն: Սա առիթ է տալիս մտածելու, որ խոսակցություններն այն մասին, որ մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ ԲՀԿ-ականներն առանց իշխանության և առանց պաշտոնի չեն կարող ապրել` բավական հիմնավոր են: Եթե ԲՀԿ-ականներն այլևս խնդիր չունեն որևէ անձի հետ, ապա դա կարող է ուղղակիորեն նշանակել, որ ԲՀԿ-ն պատրաստ է մտնել Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարություն: Ճիշտ է, ԲՀԿ-ականները նշում են` կառավարությունը 2012թ.-ին որոշ ձախողումներ ունեցել է, բայց նրանք էլ մտնում են կառավարություն օգնելու կառավարությանն ավելի հաջող գործունեություն ծավալելու, վերացնելու այդ ձախողումները, կամ, որ ավելի հավանական է՝ այդ ձախողումները չտեսնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս