Կարո՞ղ է պատերազմ է, ես չգիտեմ, զոհեր ու վիրավորներ կան, չեք ասում՝ ի՞նձ եք խնայում. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին «Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի ներկայացրած փաստերի առնչությամբ, համաձայն որի, մասնավորապես, Գեղարքունիքի ուղղությամբ Ադրբեջանը նոր դիրք է դրել, նոր առաջխաղացում կա:
Պաշտպանության նախարարությունը հերքել էր նշված պնդումը, որ ադրբեջանական դիրքը Հայաստանի տարածքում է կառուցվել, և հղում էր արել 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզին՝ պնդելով, որ դրա համաձայն՝ ադրբեջանական դիրքը ՀՀ տարածքում չէ:
«Պաշտպանության նախարարությունը շատ մանրամասն պարզաբանում տվել է, հիմա լրացուցիչ ի՞նչ կա պարզաբանելու: Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Ձեր հարցի մեջ մի այսպիսի շեշտ էլ կա՝ ասում եք՝ խաղաղություն է, կարո՞ղ է պատերազմ կա՝ ես տեղյակ չեմ: Կամ՝ ինչ-որ տեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայում եք ինձ։
Որտե՞ղ պատերազմ կա, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն և և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը Հայաստանի Հանրապետությունում»,- արձագանքեց Փաշինյանը:
Ի դեպ, «Ֆակտորը» փաստարկված անդրադարձել էր Պաշտպանության նախարարության հերքմանը:
Մանրամասները՝ տեսանյութում



