Հայաստանյան ընտրությունները վերածվում են «проходной двор»-ի, միջամտում է Կայա Կալլասը, Վենսը, կարծես դրանից ինքնիշխանությունը չի տուժում․ Սիլաև
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի, այսպես կոչված, միջամտությունից խուսափելու համար տեղակայել Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ»։ Չի բացառվում նաև՝ մշտական քաղաքացիական առաքելություն։ Այս մասին օրերս գրել էր «Ազատություն» ռադիոկայանը։ Լրատվամիջոցի տրամադրության տակ էր հայտնվել Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել էր արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ Ի դեպ, ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։
168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՊԻ (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ) առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն ասաց, որ դա, իհարկե, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Ըստ վերլուծաբանի, ավելին, երբ նրանք մեջբերում են Մոլդովայի ընտրությունները, որոնք, բոլորը գիտեն, որ կոպտորեն կեղծվել են Եվրամիության աջակցությամբ, ապա դա բացահայտ, ուղղակի հայտարարություն է այն մասին, որ Եվրամիությունը մտադիր է միջամտել ընտրություններին և մտադիր է կեղծել դրանք։ Նրա որակմամբ, սա, ըստ էության, խոստովանություն է։
«Կայա Կալասն, անկախ իր հայացքներից, իր զբաղեցրած պաշտոնում ամենաանհաջող դիվանագետներից մեկն է։ Նա ոչ կոմպետենտ է։ Հենց այդպես էլ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարությունները նրան ընկալում են։ Այս հրապարակային հայտարարությունը պարզապես Կալասի խորը անգործունակության ևս մեկ նշան է»,- ասաց Սիլաևը՝ Կալասին որակելով մասնագիտապես «անպետք»։
Հիշեցնենք, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը X-ի իր էջում տեսանյութ էր տեղադրել՝ անդրադառնալով նաև Հայաստանին. «Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»։
Մեր զրուցակից Նիկոլայ Սիլաևի խոսքով, երբ ԵՄ-ից ասում են, որ կօգնեն Հայաստանին ընտրություններում՝ հետևելով Մոլդովայի օրինակին, նրանք բառացիորեն ստորագրում են այն բանի ներքո, որ մտադիր են կեղծել այս ընտրությունները։
Ինչ վերաբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայաստան ու այցի ընթացքում նրա հայտնած աջակցությանը Նիկոլ Փաշինյանին գալիք ընտրություններում, Սիլաևն ասաց, որ Վենսը գործում է ամբողջությամբ ամերիկյան ավանդույթին համապատասխան․ ամերիկյան համոզմունքն այն է, որ նրանք իրավունք ունեն միջամտել աշխարհի տարբեր երկրների ընտրություններին, մինչդեռ ոչ ոք իրավունք չունի միջամտել նրանց ընտրություններին:
«Եվ նրանք իրենց համարում են բացառիկ այս առումով, ինչպես որ իրենց համարում են բացառիկ շատ այլ առումներով: Իհարկե, այս հայտարարությունը ևս ընտրություններին լիովին բացահայտ միջամտության օրինակ է: Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայն է սրա հետ, իսկ ակնհայտ է, որ նրանք համաձայն են դրան, նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը համաձայն է ընտրությունները վերածել «проходной двор»-ի, ուզում է՝ Կալասն է միջամտում, Ջեյ Դի Վենսը, եկեք ու միջամտեք, եթե դուք ներկայիս վարչապետի կողմն եք, ապա, կարծես, Հայաստանի ինքնիշխանությունը դրանից չի տուժում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Սիլաևը։
Հարցին, թե ի՞նչը կարելի է գնահատել՝ որպես գործնական միջամտություն ցանկացած պետության ներքին գործերին, Սիլաևը պատասխանեց, որ սովորաբար պետությունն է հայտարարում միջամտության մասին: Ըստ նրա, մեկ այլ բան էլ այն է, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ միջամտությունը հստակորեն առկա է, բայց պետությունը չի հայտարարում դրա մասին:
«Եվ Մոլդովան այստեղ կատարյալ օրինակ է, քանի որ, այո՛, նրանք կամովին ընդունեցին Եվրամիության մասնակցությունը՝ թույլ տվեք ընդգծել՝ ընտրակեղծիքները, որովհետև, մինչ մոլդովական սփյուռքին Եվրամիությունում թույլատրվում է քվեարկել, ընտրատեղամասերը չեն բացվում Ռուսաստանում գտնվող Մոլդովայի քաղաքացիների համար: Սա բավականին բացահայտ միջամտություն է, երբ ընտրողների տարբեր խմբերի համար ստեղծվում են քվեարկության տարբեր պայմաններ: Եվ պարզ է, որ սա արվել է Եվրամիության գիտությամբ և աջակցությամբ, բայց Մոլդովան սա միջամտություն չի համարում: Ըստ երևույթին, Հայաստանի ղեկավարությունը նույնպես դա չի համարում միջամտություն, երբ «ավագ հորեբայրն» եկավ և գովաբանեց գործող վարչապետին»,- ասաց ռուս վերլուծաբանը։
Ռուս փորձագետը կարծում է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ՀՀ-ում իշխող կուսակցության կողմնակիցները կարողանան քվեարկել, մինչդեռ նրա հակառակորդները՝ ոչ.
«Հնարավոր է նաև, որ կիրառվի նույն համակարգը, ինչ Մոլդովայի ընտրություններում»,- ասաց Սիլաևը։
Նրա որակմամբ, Ռուսաստանից հիբրիդային սպառնալիքների մասին խոսակցությունը պարզապես հիմարություն է։ «Ի՞նչ հիբրիդային հարձակումներ Ռուսաստանից։ Ռուսաստանը երբեք չի սպառնացել Հայաստանին և երբեք էլ չի սպառնա։ Այո, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ սերտ կապեր կան, այդ թվում՝ մարդկային, բայց եթե նման կապերը հանցագործություն համարենք, շատ հեռու կգնանք։ Դա աբսուրդ է»,- նկատեց նա։



