Բաժիններ՝

«Նաիրիտի» նախկին տնօրենը խոստանում է վերադարձնել միլիոնները

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Գառնիկ Շիրինյանն ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի գործով դատական հերթական նիստը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Գառնիկ Շիրինյանն այս տարվա ապրիլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Վահան Մելքոնյանի՝ պահանջելով 200 հազ. ԱՄՆ դոլար և 249 մլն 250 հազ. ՀՀ դրամ: Այս գումարը Շիրինյանն, այսպես ասած, «պարտքով» տվել է Մելքոնյանին և հիմա պահանջում է այն վերադարձնել:

Վ.Մելքոնյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ իր վստահորդն առաջարկում է հաշտություն կնքել, հաշվի առնելով գումարի մեծությունը, և մշակել ժամանակացույց: Ըստ նրա՝ Մելքոնյանը պատարաստ է սեպտեմբերին գումարի զգալի մասը վերադարձնել, իսկ մինչ այդ վճարումներ անել չի կարող:

Հայցվորի ներկայացուցիչ Սիմոն Ֆարմանյանը նախ հայտարարեց, որ նման առաջարկ արդեն եղել է, և Գ.Շիրինյանը չի համաձայնել, ու հիմա վճռի ժամկետի ամեն մի ուշացման պատճառով վերջինս վնասներ է կրում: Ի վերջո, հայտարարված 5 րոպե ընդմիջման ընթացքում կողմերը եկան համաձայնության և, ինչպես ներկայացրեց Ֆարմանյանը, բովանդակային առումով հաշտության առաջարկը փոխվել է և իր վստահորդը պատրաստ է բանակցել:

Կարդացեք նաև

Դատական հաջորդ նիստը հավանաբար տեղի կունենա ամառային արձակուրդներից հետո: Մինչ վճռի կայացումը Վահան Մելքոնյանի գույքի վրա արգելանք է դրված: Թե ինչ գույք է և ինչի հիման վրա է «Նաիրիտի» ներկայիս ղեկավարը նման մեծ գումարի «պարտքի տակ ընկել», երկու կողմի ներկայացուցիչներն էլ 168.am-ի հետ զրույցում հրաժարվեցին բացահայտել:

Ինչպես արդեն նշել էինք, 168.am-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով՝ այս դատական գործը «պատվիրված» է հենց Վ.Մելքոնյանի կողմից: Հաշվի առնելով «Նաիրիտի» շուրջ ծավալվող իրադարձությունները, ռուսական կողմին կառավարման հանձնելու հարցը և չստացված աշխատավարձի պատճառով աշխատակիցների բողոքի ալիքը՝ Մելքոնյանն, ըստ ամենայնի, մտավախություն ունի, որ կարող է տուժել և այս կերպ փորձում է ապահովագրել իր ունեցվածքը: Եթե դատական նիստն ավարտվի հօգուտ հայցվորի, դա կապացուցի վերը նշվածը: Այլապես ինչպե՞ս կարող է ՀՀ վարչապետի հովանավորյալ անձը «պարտվել» ՀՀ արդար դատական համակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս