Վրթանես սրբազանը Վենսին դիմելուց առաջ թող նախ իր գործընկեր Փաշինյանին դիմի․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ պետք է ԱՄՆ փոխնախագահին ցույց տալ, որ իրենք ուղիղ դերակատարություն պետք է ունենան, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան Բաքվի բանտերից։
«Մանավանդ, երբ նրա այցելությունը տարածաշրջանային է, Վենսը լինելու է նաև Բաքվում, հետևաբար, հնարավորություն կա այստեղից այդ պահանջները տանել Բաքու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին գերիների և Արցախի եկեղեցիների, հուշարձանների հարցերով։
Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ Վրթանես սրբազանն այդ հարցերով պետք է նախ Փաշինյանին դիմի․
«Արցախի ժողովրդի դիրքորոշումն այն է, որ Վրթանես սրբազանը ժողովրդի կողմից չունի լիազորություն ներկայացնելու Արցախի ժողովրդին՝ որպես թեմի առաջնորդ, մինչ Մայր Աթոռը այդ հարցը կկարգավորի, որովհետև մենք դիմել ենք և սպասում ենք դրա շտապ լուծմանը, որպեսզի այլ հոգևորական այսուհետ ներկայացնի արցախցիներին։ Հետևաբար, նախ՝ որևէ լիազորություն չուներ այդ առումով։

Իսկ եթե որպես Փաշինյանին միացած հերթական հոգևորական՝ ուներ նման ցանկություն, ապա այո, նախ միանշանակ պետք է դիմեր իր գործընկերոջը։ Իր հնարավորություններն այդ առումով ավելի շատ են, քան մեզանից յուրաքանչյուրի, և ուղիղ կապ ունենալով՝ կարող էր դիմել հենց Փաշինյանին։ Ի տարբերություն Արցախի թեմի առաջնորդ ներկայացող սրբազանի՝ այդ հարցերում գործուն քայլեր կատարում է Կաթողիկոսը»։
Ըստ նրա՝ գործող իշխանությունների ձեռքով 200-ից ավելի եկեղեցիներ և վանքեր, հարյուրավոր խաչքարեր օկուպացված են թշնամու կողմից․ «Ոչ միայն օկուպացված են, այլև ավերվում են, դրանով վերացնում են հայկական հետքը, իսկ Սահմանադրությամբ ՀՀ իշխանությունները պարտավորություն ունեն աշխարհով մեկ պահել-պահպանել մշակութային ժառանգությունը, ինչի ուղղությամբ այս ընթացքում որևէ ծպտուն չենք լսել նույնիսկ այն հումանիտար հարթակներում, որտեղ հնարավորություն են ունեցել ներկայացնել։ Դա ապացույցն է, որ իրենք ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են, այլ եկեղեցիներն օկուպացնողներ, ուղղակի ադրբեջանական կողմից մի տարբերությամբ, որ դեռևս քարուքանդ չեն արել»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



