Գալիս եմ, պա՛պ. Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Այսօր «Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի լեգենդ, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ, իտալական Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Newmag» հրատարակչությունը:
Առաջին բանը, որ մինչև գրքի շնորհանդեսի մեկնարկը գրավեց մեր ուշադրությունը, լեփ-լեցուն դահլիճն ու նախասրահն էին: Մարդիկ իրենց Հենոյի գրքի շնորհանդեսին եկել էին ընտանիքներով, ֆուտբոլային ակումբները՝ թիմերով, այդ թվում՝ ամենափոքր տարիքի խաղացողներով: Ներկա էին ազգային հավաքականում Հենրիխ Մխիթարյանի թիմակիցները, ընտանիքի անդամները, բարեկամները, ընկերները, նրա տաղանդի պարզ երկրպագուները, մարդիկ, ովքեր իսկապես հասկանում են՝ ՀԵՆՈՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է:

Եվ, իհարկե, ներկա էր և շնորհանդեսին որպես բանախոս՝ հանդես եկավ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «ոսկե հավաքականի» հրամանատար Վարդան Մինասյանը: Դա այն հավաքականն էր, ով հյուրընկալվելիս ջախջախում էր եվրոպական ֆուտբոլային առաջատար երկրների հավաքականներին. Դանիայի և Սլովակիայի հետ արտագնա խաղերը, ցավոք, դեռ երկար ժամանակ կմնան չգերազանցված:
Հենոյի գրքի շնորհանդեսին նրա մասին պատմեցին նաև խաղընկերը՝ Դավիթ Մանոյանը, FAF շաժման հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը, իսկ գրքի թարգմանիչ Անի Հակոբյանը խոսեց գրքի ստեղծման մասին:
Գիրքը հայ տղայի վճռական նվիրումի ուղու, ամեն պարագայում մարդ ու հայ մնալու մասին է, ուղենիշ սկսնակ ֆուտբոլիստների կամ պարզապես դժվարություններից հուսահատվողների մասին:

Շնորհանդեսի մարդաշատությունը վկայում էր՝ Newmag-ի նախաձեռնությունը սպասելի էր, արդարացված ու կարևոր:
Գրքում առանցքային կարմիր գծով է անցնում Հենրիխ Մխիթարյանի վաղամեռիկ հայրը՝ Երևանի «Արարատի» ռմբարկու, տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը, ում հետ Հենոն կարծես զրուցում է. գիրքն ինքը յուրատեսակ ձոն է հոր հիշատակին:
«Գալիս եմ, պա՛պ»,- իր գրքում ասում է Հենոն՝ հպարտությամբ արձանագրելով, որ ինքը հոր պատճենն է և ոչ միայն՝ արտաքինով, այլև՝ տաղանդով ու աշխատանքին իր նվիրվածությամբ:
Այս գիրքը բոլորի համար է՝ ծնողների, երեխաների, ուսուցիչների ու աշակերտների, մարզիկների ու պարզապես այս կյանքում նպատակ ունեցող ցանկացած մարդու համար է:
Հենոն իսկապես ազգային արժեք է. Հուսանք՝ մի օր դա Հայաստանում բոլորը կհասկանան:
