Փաշինյանը խաղաղության մասին հիմա խաբում է ժողովրդին, որ հունիսի 7-ին քվե ստանա. Արտակ Զաքարյան
«Ի տարբերություն մեզ, Իսրայելն իր ազգային շահերով առաջնորդվող պրագմատիկ քաղաքականության պետություն է, կարող է մեկ օրվա մեջ բարեկամություն սկսել, կես ժամվա մեջ՝ թշնամանալ։ Կան պետություններ, որոնց համար թիվ մեկ խնդիրն իրենց պետության անվտանգությունն է, ու խաղաղության մասին հեքիաթներին չեն հավատում, հստակ գիտեն՝ որտեղ են իրենց կարմիր գծերը։ Իսրայելում ապրելու բանաձև հետևյալն է՝ եթե ուզում ես ապրել խաղաղ, միշտ պատրաստ եղիր պատերազմի»,- «Պրեսսինգ»հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։

Հիշեցնենք. օրերս Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն այցելել էր Բաքու: Ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին, շեշտել էր, որ Իսրայելը ժամանակին նշանակալի զիջումների է գնացել, այդ թվում՝ տարածքային, հիշատակել Օսլոյի համաձայնագիրը, Պաղեստինի ինքնավարության ստեղծումը:
«Պետք է հասկանալ, որ պաղեստինցիներն այս տարածքների ոչ մի սանտիմետրը չեն նվաճել։ Այդ բոլոր հողերն Իսրայելի կողմից փոխանցվել են երկկողմանի կամ միակողմանի կարգով։ Բայց մեր փորձը ցույց տվեց, որ մենք դրանով չմոտեցանք խաղաղության, ընդհակառակը` մեր անվտանգային իրավիճակը վատթարացավ։ Եվ հենց դրա համար էլ մարդիկ այսօր պաղեստինցիներին նոր զիջումներ տալու գաղափարին շատ ավելի զգուշավոր են մոտենում, քանի որ այն չի տանելու խաղաղության: Խաղաղությունը պարզապես թղթի կտոր չէ: Չի կարելի խաղաղություն կառուցել, երբ քեզ ատում են: Երբ ինչ-որ մեկը բացահայտ ասում է՝ ես ուզում եմ քեզ ոչնչացնել, դուք կոկորդիլոսին չեք փորձի, չէ՞, կերակրել, որը ցանկանում է ձեզ ուտել»:
Իսրայելի արտգործնախարարն այդպիսով պահանջում է, որ Պաղեստինն ապացուցի, որ իսկապես խաղաղություն է ցանկանում, իսկ դրա համար նա չպետք է «ֆինանսավորի ահաբեկիչներին», «ուսումնական ծրագրերում և լրատվամիջոցներում պետք է դադարի գործել Իսրայելի դեմ», «դադարեցնի Իսրայելի դեմ անօրինական պատերազմը»:
Իսկ կեղծ խաղաղությունից խոսող, Արցախում էթնիկ զտում, ցեղասպանություն իրագործած, հայաթափած Բաքուն ոչ միայն ռազմական բյուջեն և հնարավորություններն է մեծացնում, այլև Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին անվանում է «ռազմական հանցագործներ», կեղծ, շինծու դատավարության շոու է անցկացնում, կտտանքների և հալածանքների է նրանց ենթարկում, մանկապարտեզներում, դպրոցներում հայի թշնամու կերպար է ստեղծում, ատելություն քարոզում, հայ սպային քնած ժամանակ կացնահարող սաֆարովների պես հանցագործներին պետական կոչումներ է շռայլում և հերոսացնում, Հայաստանն Արևմտյան Ադրբեջան անվանում… Եվ այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոնարհաբար կատարում է Ալիևի բոլոր հրահանգները, իսկ Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն է հայտնում դահիճին…
«Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի՝ խաբել իր ժողովրդին, նրան անցկացնել ամենատարբեր ռիսկերի միջով։ Խաղաղության մասին հիմա խաբում է, որ հունիսի 7-ին քվե ստանա։ Մեր ժողովրդի ականջին հաճո բաներ է ասում, կարելի է մեր միամիտ ժողովրդին նույն հարցում մի 5 անգամ խաբել»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
