ԿԳՄՍ նախարարության արևի տակ․ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծաթիվ և միլիոնավոր դրամաշնորհները
Օպերայի և բալետի ազգային թատրոնում, ասում են՝ գործում է նաև «Դուրգարյանների ազգակցական թատրոնը»․ Կարեն Դուրգարյանը տնօրենի պաշտոնն է զբաղեցնում, նրա եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանը, աշխատում է Կարեն Դուրգարյանի օգնական։
Վերջինս, ի դեպ, ազատ ժամերին, ՔՊ-ին էլ է՝ օգնում, օրինակ, «ազատագրել» Մայր Աթոռը, ավելին՝ Մայր Աթոռի դռների մոտ, Կաթողիկոսի շիրիմի վրա բարձրացած՝ հենց նա՛ էր հրահանգներ հնչեցնում։

Բայց այս պատմությունը դեռ այս դրվագների մասին չէ․ այլ այն մասին, թե որքանո՞վ են ազնիվ Դուրգարյանների՝ այս իշխանությանը պաշտպանելու մղումները։
Այնպես է ստացվել, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմ ընկեր Կարեն Դուրգարյանի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց օրեր անց ընդամենը, ապա նաև՝ 2023 թվականից՝ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո, շատ պատահականորեն իշխանությունների մոտ մեծ մղում է առաջանում դրամաշնորհներով հեղեղել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ը, ՊՈԱԿ-ն էլ իր հերթին՝ հանկարծ սկսում է ակտիվորեն մասնակցել Պետգնումներին։

Այս ամենի մասին՝ փաստերով․
Այսպես, Կարեն Դուրգարյանը 2021 թվականի օգոստոսի 30-ին դարձավ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիկական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արդեն 2021 թվականի սեպտեմբերի 9-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսեց դրամաշնորհների հատկացումը, բայց մենք կներկայացնենք տասնյակ պայմանագրերից միայն խոշորները, որոնց հատկացման չափը գերազանցել է 2 միլիոն դրամը։

2021թ․ նոյեմբերի 15-ին ԿԳՄՍ նախարարությունն, օրինակ, 22 միլիոն 366 800 միլիոն դրամ հատկացրեց՝ «Գեղամ Գրիգորյան 70» գալա-համերգի ծախսերի համար,
Նոյեմբերի 23-ին ԿԳՄՍ նախարարությունը ՊՈԱԿ-ին հատկացրեց 54 միլիոն դրամ «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացման իրականացման համար,
2022թ․ փետրվարի 2-ին ԿԳՄՍՆ-ն ՊՈԱԿ-ին հատկացնում է 1 միլիարդ 424 060 300 դրամ՝ «Օպերային և բալետային արվեստի ներկայացումներ» միջոցառման համար նախատեսված բյուջետային հատկացումների սահմաններում։
Փետրվարի 17-ին նախարարությունն արդեն հատկացնում է 5 միլիոն 262 000 դրամ՝ արդեն «Մարդուկ-Ջարդուկի»՝ Գյումրիում հյուրախաղի ծախսերի համար։

Հունիսի 3-ին արդեն ԿԳՄՍ նախարարությունը 39 միլիոն դրամ է հատկացրել «Ռոմեո և Ջուլիետի» բեմադրության համար։
Օգոստոսի 17-ին դրամաշնորհի մեկ այլ պայմանագրով էլ 4 միլիոն 950 հազար դրամ է հատկացվել «Անուշ» օպերայի և «Երեք սոպրանո» համերգի կազմակերպման ծախսերի համար։
Սեպտեմբեր 30-ին ԿԳՄՍ նախարարությունը 2 պայմանագրերով և դարձյալ դրամաշնորհի տեսքով թատրոնին հատկացնում է 109 միլիոն 672 700 դրամ՝ շենքի կապիտալ նորոգման և նյութատեխնիկական բազայի համալրման համար։

Դեկտեմբերի 23-ին ԿԳՄՍ Նախարարություն-ՊՈԱԿ համատեղ պայմանագրով 13 միլիոն 918 200 դրամաշնորհի հերթական հատկացումն է լինում, որն, ըստ պայմանագրի, թատրոնի սառնամատակարարման և ջրամատակարարման համակարգերի հիմնանորոգման նախագծահաշվարկային փաստաթղթերի մշակման համար է նախատեսված։
2023 թվականի հունվարի 27-ին ԿԳՄՍՆ-ն 1 միլիարդ 448 միլիոն 389 հազար դրամ է հատկացրել թատրոնին ընթացիկ դրամաշնորհի տեսքով:
Մայիսի 4-ին՝ 50 միլիոն դրամ ԿԳՄՍՆ-ից պետական աջակցություն՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի բեմադրության համար:
Մայիսի 16-ին նախարարությունից 2 միլիոն 889 000 դրամ է տրվում թատրոնին՝ «Բերդ» պարային անսամբլի 60-ամյակի միջոցառումների կազմակերպման համար:
Հուլիսի 13-ին ԿԳՄՍ նախարարությունը 77 միլիոն դրամ է հատկացնում Փարիզում եռօրյա հյուրախաղերի կազմակերպման համար:
Հուլիս 31-ին նույն կողմերով կնքված պայմանագրով 233 միլիոն 526 հազար 800 դրամ է հատկացվել դարձյալ ընթացիկ դրամաշնորհի համատեքստում:
Նոյեմբեր 14-ին նախարարությունը ՊՈԱԿ-ին հատկացրել է հերթական՝ 68 միլիոն 242 300 դրամ արժողությամբ դրամաշնորհը՝ դարձյալ նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով:
2024 թվականի հունվար 25․ ԿԳՄՍՆ-ն 1 միլիարդ 580 միլիոն դրամ ընթացիկ դրամաշնորհն է հատկացնում ՊՈԱԿ-ին:
Մայիսի 29-ին նախարարությունը 5 միլիոն 058 100 դրամ է հատկացրել թատրոնին, որ Արտաշատ մայրաքաղաքի մասին օպերային բեմադրության շրջանակներում տեսահոլովակ նկարահանվի:
2025 թվականի փետրվարի 7-ին 1 միլիարդ 870 միլիոն 760 000 դրամ է հատկացվում 2025 թվականի խաղացանկն ապահովելու համար:
Սեպտեմբերի 16-ին ԿԳՄՍ նախարարությունը 16 միլիոն 49 հազար 300 դրամ է հատկացրել շենքում կոյուղատար և հեղեղատար համակարգերի կառուցման նպատակով։
Ու սա դեռ ամենը չէ․ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ը նաև պետական գերատեսչությունների հետ միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր ունի, որոնք կնքվել են ոչ մրցակցային՝ մեկ անձ եղանակով․ վառ օրինակներից մեկն այս տարվա մայիսին էր, երբ տեղեկացանք ու մեր ընթերցողին տեղեկացրինք, որ Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի հետ։

Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների պայմանագրով ՊՈԱԿ-ը ստանձնել էր «Երևանի բալետային միջազգային փառատոն»-ի՝ «YEREVANBALLETFEST»-ի իրականացման պարտավորությունը։ Պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի գին է նշվել 596 միլիոն 664,000 դրամը (1.562.387.73 դոլար):
Նշել էինք՝ գումարի շրջանակում նախատեսված էր նաև հյուրընկալել արտերկրից ժամանած թատերախմբերի՝ Մոսկվայի «Մեծ», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան»,
և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների մասնակցությունը։
