Մեդվեդևը հեղափոխություն է իրականացրել Տիգրան Սարգսյանի մտածողության մեջ
Մայիսի 31-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր:
«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդևն ասել է, թե Ռուսաստանը կարևորում է Հայաստանի ձգտումը Մաքսային միությանն ինտեգրվելու հարցում:
«Հայաստանն ուզում է մասնակցել դրան (Մաքսային միությանը), և մենք ևս դա կարևոր ենք համարում: Հարկավոր է միայն գտնել նման համագործակցության ճիշտ ձևաչափը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը: Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին՝ հայտարարել է, որ Երևանի դիրքորոշումը «հստակ է, և ոչ մի կասկած չկա»: «Այժմ պետք է տեխնիկական մակարդակում որոշել, թե ինչ տեմպով և ինչ քայլերով առաջ ընթանալ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նաև տեղեկացրել է, թե ինքը Մինսկում Եվրասիական միության կոլեգիայի քարտուղար Վիկտոր Խրիստենկոյի հետ արդեն քննարկել է Միությանն ինտեգրվելու հուշագրին առնչվող հարցերը: «Համաձայնություն կա այն հարցում, որ պետք է արագ պատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել այն նախագահների հետ և ստորագրել»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ համառ ջանքերից, դիմադրություն կամ դրա իմիտացիա ցուցաբերելուց հետո Հայաստանը չկարողացավ չենթարկվել Ռուսաստանի ճնշմանը և դե ֆակտո միանում է Մաքսային միությանը: Իհարկե, առայժմ խոսքը ոչ թե անդամության, այլ, ինչպես Մեդվեդևն է ասել՝ «մասնակցության» մասին է, սակայն ակնհայտ է, որ այս փուլում ընդամենը ձևակերպումների, բառախաղի միջոցով փորձ է արվում լղոզել տեղի ունեցածը: Ընդ որում, ռուսական կողմը՝ հավատարիմ մնալով իր «բարի ավանդույթներին», հերթական անգամ դա արել է Հայաստանին նվաստացնելով: Դա երևում է անգամ տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդագրության ձևից: Նախ՝ Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանն ուզում է մասնակցել Մաքսային միությանը, ինչը կարելի է սենսացիոն նորություն համարել, քանի որ մինչ այժմ Հայաստանը պաշտոնապես նման ցանկություն չի հայտնել: Ավելին, նույն այն վարչապետի մակարդակով, ում հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը հիշատակել է Հայաստանի «ձգտումը», հայկական իշխանությունը մի քանի անգամ հայտարարել է այդ կառույցին մեր երկրի անդամակցության աննպատակահարմարության մասին: Ի՞նչ է ստացվում. տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունը հրապարակավ հայտարարում է, թե մեր երկիրը ձգտում է ինտեգրվել Եվրոպային, այդ ուղղությամբ, գոնե ֆորմալ, բազմաթիվ քայլեր է կատարում, և հանկարծ այդ երկրի վարչապետին կանչում են Մինսկ ու տեղեկացնում, որ իր երկիրը երազում է մասնակցել Մաքսային միությանը: Այն Մաքսային միությանը, որն ուղղված է Եվրամիության դեմ, որի հետ էլ, ի դեպ, մի քանի ամիս հետո Հայաստանը պատրաստվում է (է՞ր) Խորը և ազատ առևտրի համագործակցության համաձայնագիր ստորագրել:
Պակաս ուշագրավ չէ Հայաստանի վարչապետի ոգևորվածությունն ու պատրաստակամությունը՝ ոչ թե սովորական ռեժիմում, այլ արագ՝ համագործակցության փաստաթուղթ պատրաստելու վերաբերյալ: Ուշագրավ է այն առումով, որ, ինչպես նշեցինք, նույն Տիգրան Սարգսյանն առնվազն մի քանի անգամ հրապարակավ դեմ է արտահայտվել այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը: Ավելի կոնկրետ՝ այս տարվա փետրվարին, Տիգրան Սարգսյանը ռուսական «Մոսկովսկիե Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է. «Խոսքը միայն ընդհանուր սահմանների բացակայության մասին չէ: Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան, և որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանվում է բարձր մաքսավճարների օգնությամբ: Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»: Իսկ անցած տարվա հոկտեմբերին, կրկին ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում, լրագրողի՝ «Ի՞նչ դիրքորոշում ունեք Մաքսային միության և Եվրասիական միության հարցում։ Եվ արդյո՞ք Հայաստանը դիտարկում է այդ կառույցներին անդամակցելու հնարավորությունը» հարցերին ի պատասխան՝ Տ. Սարգսյանն ասել է. «Հայաստանը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով։ Մեր երկրների նախագահները վերջին հանդիպման ժամանակ անդրադարձան այդ հարցին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ճիշտ նկատեց, որ Հայաստանն առանձնահատկություն ունի՝ չկա ընդհանուր սահման և՛ ԵվրԱզԷս-ի, և՛ Մաքսային միության հետ։ Համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի օրինակ, որ երկիրը, ընդհանուր սահման չունենալով, Մաքսային միության մաս կազմի։ Այդ իսկ պատճառով՝ նախագահների հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբը պետք է գործիքներ մշակի, որոնք թույլ կտային խթանել ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները»։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Տիգրան Սարգսյանի մտածողության մեջ ընդամենը մի քանի ամսում տեղի է ունեցել հեղափոխություն, որի մասին, երևի բարեկամաբար, նրան տեղեկացրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեևը: