Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ ՀՀ կառավարության․ «Հին Երևանից» մինչև ՍԴ. «Հետք»
«Հետք». Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսը Բուզանդի 32 հասցեում, որովհետև այդ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է կայացվել, և այն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում:
Գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք է բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի անց Կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված հասցեների ցանկում ընդգրկվել է նաև Բուզանդի 32-ը, և գույքի վրա արգելանք է դրվել: Այն ընդգրկվել է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների մեջ, որտեղ պետք է կառուցվեր «Հին Երևան» նախագիծը։ Այդպիսով ընկերությունն այլևս որևէ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել: Հետագայում հաջորդել են գերակա շահ ճանաչելու մյուս որոշումները, և գույքի վրա մշտապես պահպանվել է արգելանքը, իսկ «Հին Երևանն» այդպես էլ չէր կառուցվում:
Թուֆենկյանն ու կառուցապատողը համաձայնության չեն գալիս
Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանը պատասխանելիս նշել է, որ Կառավարության որոշումներով տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ի Էմ Սի» ընկերությունը, որն իրականացնում է իրացման աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարության 2014թ․ որոշման` «Հին Երևան» համալիրի կառուցապատումն իրականացնելու է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն։
«Ի Էմ ՍԻ» ՓԲԸ-ն ավելի շատ միջնորդի դերակատարություն ունի, տարածքները վերցնելուց հետո դրանք փոխանցում է Մարսելում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, գործարար Վարտան Սրմակեսի (տարբեր աղբյուրներում նա հիշատակվում է որպես Վարդան Սիրմաքեշ) «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին:
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում խոստովանում է, որ ընկերությունը պատրաստ էր, այսօր էլ դեմ չէ խելամիտ փոխհատուցման պարագայում գույքը հանձնել կառուցապատողին: Սակայն մինչեւ 2022 թվականը կառուցապատողը որևէ բանակցային գործընթաց չի նախաձեռնել գույքն օտարելու նպատակով, ինչից դրդված՝ Թուֆենկյանը որոշել է իրավական գործընթաց սկսել:
«Մենք հասկացել ենք, որ այս գործընթացը վերջ չունի, գումարած դրան, նշաններ ենք տեսել, որ այս պրոցեսը վերջ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ մեր իրավունքները շատ կոպիտ ձևով խախտվեն: Այսինքն` մենք համաձայն ենք, որ գույքն իրական արժեքից էականորեն ցածր արժեքով վերցնեն մեզնից այն դեպքում, երբ գույքը մեզնից պետք է շուկայական արժեքից էլ 15% բարձր արժեքով գնեն։ Օրենքն է այդպես պահանջում»,- նշում է Միքայել Դանիելյանը:
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2023թ. փետրվարին դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության)` խնդրելով հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:
Փաստաբանը չի թաքցնում, որ իրավական այս գործընթացի նպատակը ոչ թե պետությունից գումար ստանալն է, այլ սեփականության իրավունքի խախտման փաստը ներպետական ատյաններում կամ հաստատելը, կամ մերժելը, որը ճանապարհ կբացի դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ընկերությունը հայցադիմումում նշել է, որ, հանդիսանալով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր, 2002 թվականի օգոստոսի 1-ից առ այսօր` արդեն ավելի քան 20 տարի, փաստացի զրկվել է իր գույքից և դրա դիմաց չի ստացել համարժեք փոխհատուցում: Ընկերությունը Կառավարության որոշումների, դրանցից բխող գործողությունների ու անգործության հետևանքով փաստացի զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքն ազատ հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավազորություններից, ինչն առաջացրել է ծանր հոգեկան տառապանք և այդպիսով պատճառել ոչ նյութական վնաս:
Ընկերությունը շեշտել է, որ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն առևտրային կազմակերպություն է և նշված գույքը ձեռք է բերել ձեռնարկատիրական նպատակներով, ուստի գույքի վերակառուցման, վերանորոգման կամ գույքն ընկերության գործունեությանն այլ կերպով հարմարեցման անհնարինությունը սեփականատիրոջն է՛լ ավելի մեծ հոգեկան տառապանք է պատճառում։
2025թ. մարտի 25-ին դատարանը մերժել է «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հայցադիմումը, ինչից հետո ընկերությունը դիմել է Վերաքննիչ դատարան: Գործն այս պահին ընթացքի մեջ է:
Ընկերությունը միաժամանակ դիմել է նաև վարչական դատարան` վիճարկելով Կառավարության 2022թ. նոյեմբերի 24-ի որոշումը, որով «Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․։ Այս դատական գործում վիճարկում են հենց ժամկետի երկարացման իրավաչափությունը, քանզի, ըստ փաստաբանի, այն հիմնավորված չէ:
Դատական երեք ատյաններն ապարդյուն անցնելուց հետո «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2025թ. ապրիլին դիմել է Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ընկերությունը վիճարկում է «Հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ինչպես նաև՝ Կառավարության 2018 և 2022 թվականների որոշումները, որոնցով երկարացվել են ժամկետները:
ՍԴ-ն վարույթ է ընդունել ընկերության դիմումը և գրավոր ընթացակարգով դատական նիստ նշանակել 2026 թ.-ի հուլիսի 8-ին: Հարցի պարզաբանման համար անհրաժեշտություն է առաջացել Կառավարությունից հիմնավորումներ և որոշ փաստաթղթեր ստանալ, ինչի պատճառով գործը կասեցված է առ այսօր։
Փաստաբանը ծանոթացել է ՍԴ գործի նյութերին, ինչից պարզ է դարձել, որ ՍԴ-ն վերջնաժամկետ էր սահմանել մինչեւ 2025թ. սեպտեմբերի 15-ը, և Կառավարությունը սահմանված ժամկետում որոշ պարզաբանումներ է ներկայացրել: ՍԴ-ն պետք է նյութերն ուսումնասիրի և գործը վերսկսի:
Փաստաբանի խոսքով, ՍԴ-ն Կառավարությունից պահանջել է տրամադրել գործի բոլոր նյութերը, ինչպես նաև՝ պատասխանել երկու հարցի. առաջին՝ ինչով է պայմանավորված 20 և ավելի տարի միջոցներ չձեռնարկելը, մարդկանց խելամիտ ու համարժեք փոխհատուցում չտրամադրելը, երկրորդ` Կառավարությունից խնդրել է դիրքորոշում ներկայացնել, թե որքանով է իրավաչափ նույն գույքի և նույն ծրագրի համար բազմակի գերակա շահ ճանաչելը:
Առաջին հարցի առնչությամբ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը, որը նույնպես ներգրավված է այս գործում, նյութեր են ուղարկել` ցույց տալու, որ կատարել են որոշ գործողություններ, նամակագրություն և այլն՝ նշելով, որ բազմաթիվ խնդիրներ են եղել, ինչի պատճառով այս հարցը հնարավոր չի եղել լուծել: Երկրորդ հարցին Կառավարությունը չի անդրադարձել:
«Մենք ՍԴ-ում փորձում ենք ազատել մեր գույքը, այսինքն` մեզ համար երկու այլընտրանք կա՝ կամ մինչև վերջ գնում ենք և ստանում ենք մեզ համար ընդունելի փոխհատուցում, կամ գնում ենք նրան, որ մեր գույքն ազատվի»,- նշում է փաստաբան Դանիելյանը:
Փաստաբանը ենթադրում է, որ «Հին Երևան» նախագծի համար ժամանակին հատկացվել են գումարներ, որոնք նպատակին չեն ծառայել, այսօր ներդրողը չի ցանկանում այլևս գումարներ հատկացնել, քանի որ ժամանակին տրվել են խոստումներ, իսկ այսօր դրանք չեն կատարվում: Ստիպված արհեստականորեն ձգձգում են գործընթացը` փորձելով գույքը հնարավորինս էժան իրացնել:
Աստղաբաշխական թվեր, թե շուկայական արժեք․ ո՞վ է որոշում գինը
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն ՍԴ-ի քննարկմանը նաև փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ հարցեր է բարձրացրել։ Թեև փոխհատուցումը, ըստ օրենքի, պետք է համարժեք լինի՝ շուկայական գին, գումարած 15 %, գումարած բոլոր հարկերը, բայց օրենքում շուկայական գնի գոյացման վերաբերյալ մեխանիզմներ չկան։ Թերևս, այդ մեխանիզմի բացակայությունն է հանգեցրել նրան, որ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն և ևս 30 գույքի սեփականատերեր չեն իրացրել իրենց գույքը կառուցապատողին: Քաղաքապետարանը մեր գրությանն ի պատասխան՝ հայտնել է, որ տարածքում դեռևս իրացված չէ 31 գույք, որոնց վերաբերյալ կան դատական հայցեր:

Փոքր Կենտրոնում Բուզանդի 32 հասցեն 693 քմ տարածք է զբաղեցնում: Փաստաբան Դանիելյանն ասում է, որ բացառվում է, որ այն գնահատվի 1 քմ-ը 4000 դոլարից ցածր արժեքով: 2019-ին ընկերությունը գնահատում է պատվիրել լիցենզավորված «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ին, որը գույքն ամբողջությամբ գնահատել է 834 մլն դրամ: Դրան գումարելով 15 % հավելումն ու հարկերը՝ փոխհատուցման արժեքը դառնում է 1 մլրդ 350 մլն դրամ:
2023 թվականի ապրիլին ընկերությունը, սակայն, գրավոր առաջարկ է ստացել կառուցապատողից 642 մլն դրամով գույքն իրացնելու վերաբերյալ (ներառյալ 15 % հավելումն ու հարկերը): Այսինքն` ավելի քան կրկնակի պակաս: «Ի Էմ Սի» ընկերության գնահատումն իրականացրել է 2021 թվականին հիմնադրված «Գնահատման և փորձաքննությունների ազգային Կենտրոն» ՍՊԸ-ն։
«Կասկածից վեր է, որ այդ գնահատումն օրինական լինի, որովհետև անհնար է երկու կամ երեք անգամ տարբերություն տա գնահատումը, բնականաբար, այդ մասով որևէ պետական միջամտություն կամ հետաքրքրվածություն չկա, սակայն եթե այլ գործերի դեպքում նույնիսկ 25 % տարբերություն նկատվեր, այդ փաստն իրավապահ մարմինների ուշադրությանը կարժանանար, կամ այդ ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը կդիտարկվեր»,- նշում է փաստաբան Դանիելյանը:
Նրա խոսքով, «Ի Էմ Սի» ընկերության գնահատողն իր եզրակացությունը մուտք չի անում Կադաստրի կոմիտե, ինչն օրենքի պահանջ է, և դրա խախտումն էլ ինչ-որ համաձայնությունների հետևանք է:
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2024թ. հունիսին նորից է դիմել անկախ գնահատողի, այս անգամ Բուզանդի 32 hասցեն գնահատվել է 952 մլն դրամ` առանց հարկերի, 1 մլրդ 550 մլն դրամ` 15% հավելումն ու հարկերը ներառյալ: Հետևաբար, «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն չէր կարող նման առաջարկի հետ համաձայնել և իրացնել Բուզանդի 32 հասցեն այդ արժեքով։
Փաստաբանը նշում է, որ «Հին Երևան» նախագծում ընդգրկված շենքերի իրացման և փոխհատուցման գործերում չկա միասնական մոտեցում, փոխհատուցման չափերը շատ տարբեր են՝ ում հետ որքան կարողացել են բանակցել։
«Որոշ դեպքերում նաև պարտադրվում է, որովհետև երբ դատական գործերի ավարտից հետո փոխհատուցման չափերն ես նայում, կամ Կադաստրից կատարված հարցումներն եմ վերլուծում վերջին վեց ամսում իրացված գույքերի մասով, և երբ քառակուսի մետրի արժեք ես ուզում վերծանել, տարբերությունը շատ մեծ է լինում, ինչը սխալ է: Այսինքն` եթե պետությունը համարժեք փոխհատուցում ապահովելու պարտավորություն ունի, ապա դա պետք է լինի համարժեք բոլորի համար, ոչ թե ես հարկադրված ինչ-որ պայմաններից համաձայնեցի այդ հատուցմանը, դա չեղավ համարժեք փոխհատուցում»,- նշում է Միքայել Դանիելյանը:
Փաստաբանը նաև կասկածելի մոտեցում է նկատել իրացնողների և բանակցողների գործելակերպում: «Մեխանիզմը ո՞նց են աշխատեցնում. ունեն տարբեր բանակցողներ, որոնք հայտնվում են և ներկայանում կազմակերպության կամ մարդու անունից, մի ծիծաղելի թիվ են դեմ տալիս, որին բացառված է, որ համաձայնես, փորձում են բանակցությունների իմիտացիա ստեղծել, բայց զուգահեռ դատական պրոցես են նախաձեռնում: Հիմա մեր և մյուս շահառուների դեմ, ում հետ այս պահին չեն կարողացել համաձայնության գալ, դատական պրոցես են նախաձեռնել: Նպատակն է, որ դատական կարգով այս ցածր թվերով կարողանան պրոցեսն ավարտել»,- նշում է Միքայել Դանիելյանը:
Իրացնող «Ի Էմ Սի» ընկերությունը շահառուների դեմ դատական գործընթացները սկսել է հիմնականում 2023 թվականից: Սակայն, քանի որ Սահմանադրական դատարանն այս գործերին առնչվող դիմում է քննում, մնացյալ գործերով, կարծես, սպասում են ՍԴ-ի որոշմանը:
«Հին Երևան» նախագծում ընդգրկված 21 շենքերից մինչ օրս կառուցվել է 3-ը: «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը որպես կառուցապատման ձգձգման գլխավոր պատճառ նշում է տարածքների իրացումը. տարբեր սեփականատերեր աստղաբաշխական գումարներ են ուզում իրենց տարածքների օտարման համար, ինչի պատճառով էլ մինչ օրս «Հին Երևան»-ը չի կառուցվել:
«Օլդ Սիթի» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հայկ Դավթյանը «Հետքին» ասաց, որ Թուֆենկյանի ընկերությունն իր գույքը գնահատել է որպես գործող համալիր, այդ պատճառով գնահատումները տարբեր են։
«Հին Երևան» նախագծի իրականացմանն ու ձգձգման պատճառներին կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ։


