Մեծ դավադրություն՝ ընդդեմ հայ ժողովրդի
«Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին՝ 2026թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցում»,- Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
Նա շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է 12 մլն եվրո հատկացնել՝ օգնելու Հայաստանին ընտրություններից առաջ արդյունավետ պայքար մղել հիբրիդային հարձակումների դեմ։ Կոսը հիշեցրել է Մոլդովայի փորձը, որտեղ, ըստ նրա, Ռուսաստանը փորձել է ապատեղեկատվության ակտիվ տարածման, կիբեռհարձակումների միջոցով միջամտել խորհրդարանական ընտրություններին։
Այսպիսով, ԱԺ ընտրություններից առաջ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի իշխանությանը։ Դա ինքնին հակասում է քաղաքական բոլոր նորմերին, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու համընդհանուր սկզբունքին, որը նախկինում եղել է եվրոպական արժեհամակարգի հիմնասյուներից մեկը։
Բայց հիմա ԵՄ-ն, առանց ձևականությունների, ոչ միայն ուղղակի քաղաքական աջակցություն է հայտնում Հայաստանի իշխանությանը, այլ ընտրություններից մի քանի ամիս առաջ ինդուլգենցիա է տալիս՝ բոլոր ընդդիմախոսների դեմ պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։ «Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի» գեղեցիկ խորագրի ներքո։
Խնդիրն ամենևին 12 միլիոն եվրոն չէ։ Դա ծիծաղելիորեն խորհրդանշական գումար է։ ԵՄ պաշտոնյանի խոսքում Մոլդովայի հիշատակումը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը կանաչ լույս է ստանում առաջիկա ընտրություններից առաջ անելու այն, ինչ վերջերս արեց Մոլդովայի իշխանությունը՝ ամեն գնով վերարտադրվելու համար։
Եթե կարճ, ապա Մոլդովայի եվրոպամետ իշխանությունն իր բոլոր ընդդիմադիրներին հռչակեց «Ռուսաստանի գործակալ», «հինգերորդ շարասյուն»՝ մեծ մասին բանտարկելով, հիմնական կուսակցությունների գործողությունն արգելելով, ճնշելով ոչ իշխանական մամուլը։
Ճիշտ և ճիշտ նույնը, ինչը Հայաստանում տեղի է ունենում վերջին ամիսներին, բայց դեռևս ոչ ինստիտուցիոնալ մակարդակով։ Կոսի հայտարարությունն ազդանշան-հանձնարարություն է Հայաստանի իշխանություններին, որ եկել է բռնաճնշումներն ինստիտուցիոնալացնելու ժամանակը։
«Նա մանրամասնել է, որ այդ աջակցությունը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի համապատասխան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին․․․ ԵՄ բարձր հանձնակատարը հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի հարցում կարևորում է նաև Հայաստանի կառավարության ակտիվ ներգրավվածությունը՝ շեշտելով, որ առանց դրա ուղղակի հնարավոր չէ արդյունքի հասնել։
Այդ հարցում ԵՄ հանձնակատարն առանձնահատուկ կարևորում է նաև համապատասխան ինստիտուտների առկայությունը, որոնք պատրաստ կլինեն արժանի հակահարված տալ հիբրիդային սպառնալիքներին»,- կարդում ենք ԵՄ հանձնակատարի ճեպազրույցի մասին պատմող հաղորդագրությունում, որը փոխանցել է Հայաստանի պետական՝ «Արմենպրես» գործակալությունը։
Այսպիսով, առաջիկայում պետք է սպասել իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի, լրատվամիջոցների նկատմամբ արդեն իսկ սկսված բռնաճնշումների նոր՝ ավելի ինստիտուցիոնալացված ալիքի, որը կարող է ավարտվել կուսակցությունների գործունեության դադարեցմամբ, ԶԼՄ-ների փակմամբ, քաղաքական ընդդիմախոսների ձերբակալություններով։
Բայց այդ ամենին Հայաստանին «ժողովրդավարության բաստիոնի» արտոնագիր տված Եվրամիությունն արդեն իսկ նախապես հավանություն է տալիս՝ ի սկզբանե երաշխավորելով, որ ոչ միայն աչք է փակելու մարդու իրավունքների, ազատությունների կոպիտ ոտնահարումների վրա, այլ դրա համար Հայաստանի իշխանությանն արժանացնելու է գովասանքի՝ «Ռուսաստանի հիբրիդային պատերազմի դեմ պայքարում ունեցած ավանդի համար»։
Հ․Գ․ Մոլդովան ու Հայաստանը, իրավիճակային ընդհանրություններով հանդերձ, ունեն էական մի տարբերություն։ Հայաստանի իշխանության, Նիկոլ Փաշինյանի հակառուսականությունը, որի դիմաց նա ստանում է Եվրոպայի աջակցությունը, գոնե մինչ այս պահն առավելապես քարոզչական է։
Քաղաքական ամենաբարձր մակարդակում նա գրեթե նույնպիսի վերաբերմունքի է արժանանում Ռուսաստանի կողմից, որտեղից առավելագույնը փորձագետների շուրթերով կսմիթներ են հասցնում Հայաստանի իշխանություններին, բայց պաշտոնապես ընդունում են՝ որպես յուրայինի։
Ռուսաստանի համար խիստ շահավետ է, երբ Արևմուտքի կողմից «ժողովրդավարի» պիտակ ստացած Փաշինյանն իրականում ներքին կյանքում իրեն դրսևորում է սովորական ավտոկրատի պես՝ արժանի տեղ զբաղեցնելով նույն Արևմուտքի կողմից «բռնապետների ակումբ» որակվող Եվրասիական տիրույթում։
Իրականում գործ ունենք արտաքին քաղաքականության մեջ վաղուց տիպային համարվող «շանորդու» ախտանիշի հետ։ Այն տարբերությամբ, որ եթե այդ արտահայտությունը սովորաբար օգտագործվում է այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռին հաճո իշխանությանը բնորոշելու համար, Հայաստանի դեպքում գրեթե հավասարապես կիրառելի է հակադիր բևեռների պարագային։
Հայաստանի, հայ ժողովրդի դեմ պատրաստվում է մեծագույն դավադրություն, որում, ժանրի կանոնների համաձայն, հակադիր բևեռները քարոզչական մակարդակում պայքարում են իրար դեմ։
Արդյունքում՝ ի դեմս Հայաստանի իշխանության վերարտադրության, նրանցից յուրաքանչյուրը ստանալու է իր հասանելիքը՝ Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի հաշվին։
Հարություն Ավետիսյան

