«Սա դիվերսիա է Առաքելական եկեղեցու դեմ. ճանաչում եմ մարդկանց, որոնց առաջարկվել է նյութական բարիքների դիմաց հանդես գալ եկեղեցու և կաթողիկոսի դեմ». Դավիթ Աղաջանյան
Արդեն մի քանի ամիս է՝ ՀՀ իշխանությունը պայքար է սկսել Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ՝ պահանջելով Վեհափառի հեռացումը։ Իշխանությունը մի կողմ թողնելով երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները, քննարկում է Վեհափառի կուսակրոնության հարցը: Իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն արդեն սպառնալից բնույթ են կրում, ըստ նրանց՝ կա՛մ Վեհափառ հայրապետը պետք է հեռանա, կա՛մ իրենք կհեռացնեն նրան։
Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների սկսած այս արշավի մասին 168.am-ը զրուցել է արվեստագետ, երգիչ-երգահան Դավիթ Աղաջանյանի հետ։
– Դավիթ, տևական ժամանակ է՝ Առաքելական եկեղեցու շուրջ լարված իրավիճակ է. իշխանությունները պահանջում են Վեհափառի հրաժարականը, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ՝ ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցողի վերաբերյալ։
– Ես դա այդպէս չէի անվանի։ Վստահաբար, այդ ամենի անունը կդնեմ դիվերսիա։ Նրանք այս դիվերսիան սկսել էին դեռ 2019 -ի սկզբին՝ փորձելով հավաքագրել տարբեր ճանաչված հանրային մարդկանց։ Այս պայքարը Վեհափառի դեմ չէ, այլ Հայ Առաքելական եկեղեցու, ու սկսվել է 6-7 տարի առաջ, երբ օրվա իշխանություններին սկսեց խանգարել մեր դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։
Վերջին շրջանում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն առիթը բաց չի թողնում՝ խոնարհաբար շեշտելու, որ ինքը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է, եթե այդպես է, ինչո՞ւ էր իրեն խանգարում մեր եկեղեցու պատմության ուսումնասիրումը Հայաստանի դպրոցներում, և ինչո՞ւ էին ինքն ու իր վարչախումբը տևական ժամանակ ծաղրում հայ դպրոցի դասարաններ մտնող հոգևորականներին, նրանց անցյալ դարի 20-30-ականների հեգնական տոնով «տերտեր» անվանում, ասելով՝ «ի՞նչ գործ ունի «տերտերը» դպրոցներում»։
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ են հետապնդում ՀՀ օրվա իշխանությունները հակաեկեղեցական այս արշավով։
– Համոզված եմ, որ հակաեկեղեցական այս շարժման նպատակն է՝ թուլացնել Հայ Առաքելական եկեղեցու միասնականությունը։ Եկեղեցու նկատմամբ անվստահություն և խոր հիասթափություն առաջացնել մեր հասարակության բոլոր շերտերի մոտ, ցույց տալ, որ մեր եկեղեցին այլևս հզոր կառույց չէ, որ կարելի է այն խոցել մի քանի էժանագին քայլերով։ Վստահ եմ, մեծ գումարներ, վարչական ռեսուրս են ներդրել, այս չարագործությունը հաջողությամբ ավարտին հասցնեն։
– Օրերս հայտնի դարձավ, որ Առաքելական եկեղեցու որոշ եպիսկոպոսներ գնացին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այդ թվում՝ Արցախի թեմի հոգևոր առաջնորդը, սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք 1700 տարվա պատմություն ունեցող Մայր եկեղեցին ներսից պառակտվում է։
– Եկեղեցում, ինչպես բոլոր կայացած համակարգերում, մշտապես գոյություն են ունեցել մեծ և փոքր խնդիրներ։ Համոզված եմ, հիմա էլ բազմաթիվ խնդիրներ կան, բայց հայտնի չէ, որ դրանք սպառնում են մեր սահմանադրական կարգին։ Ըստ մեր Սահմանադրության, եկեղեցին անջատ է պետությունից։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս է գործադիր իշխանության ղեկավարը միջամտում եկեղեցու գործերին, կոմպրոմատներ հայթայթում և դրանցով փորձում ահաբեկել եկեղեցու անդամներին։
Ինքս ճանաչում եմ մարդկանց, որոնց սկսած 2019 թվականից տարբեր տարիների առաջարկվել է նյութական բարիքների դիմաց հանդես գալ եկեղեցու և կաթողիկոսի դեմ։ Բնականաբար, այս մասին պատմել են նրանք, ովքեր այդ առաջարկից հրաժարվել են։
Այդ անձինք հիմնականում հանրային դաշտում ճանաչված, քաղաքական տարբեր խաղերի մեջ չներգրավված, այլ խոսքով ասած՝ մաքուր մարդիկ են։ Բնականաբար, նման առաջարկներ հնչել են նաև պարտադրանքի լեզվով՝ այն մարդկանց ուղղված, ում վրա իշխանություններն ունեն ճնշման գործիքներ՝ կոմպրամատներ, ապագայում հնարավոր պաշտոններ զբաղեցնելու մասին խոսումներ, և այլն։
– Դուք այս պահին Մոսկվայում եք, այդտեղ Առաքելական եկեղեցու թեմն ի՞նչ վիճակում է, առհասարակ հայ համայնքն ի՞նչ կարծիք ունի տեղի ունեցածի վերաբերյալ։
– Մոսկվայի հայ համայնքում վիճակը հանգիստ է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այնքան հանգիստ, որ չափազանց մտահոգիչ է։ Աննկատ և աննշան է անցնում ՌԴ հայկական համայնքի կյանքը։ Շատերին կարող է իմ ասածը դուր չգալ, բայց պատրաստ եմ հիմնավորել և ապացուցել, որ ճիշտ եմ։ Եկեղեցի փորձում եմ շաբաթը մեկ գնալ, ոչ մի արտառոց բան չեմ նկատել, հանգիստ և դրական միջավայր է՝ թե՛ դրսում, թե՛ ներսում։
– Եթե այս ամենը չկանխվի, ի՞նչ վտանգավոր զարգացումներ կարող են լինել, այդ թվում՝ սփյուռքում ապրող մեր հայ համայնքների և նրանց հոգևոր կյանքի հետ։
– Այս հարցին կուզեմ կարճ պատասխանել։ Սա բացայայտ հակահայկական գործունեություն է, որի նպատակն է պառակտել մեր ազգը, կռիվ գցել ժողովրդի մէջ, թուլացնել կամ ոչնչացնել մեր ավանդույթներն ու հիմքերը, գլխավոր կառույցները։ Այս վերոնշյալները տեղի կունենա, եթե չխափանենք։
– Որպես երիտասարդ արվեստագետ՝ ի՞նչ եք կարծում, այսօր ի՞նչ պետք է անի մեր ժողովուրդը, ազգը, այն մարդիկ, որոնք Առաքելական եկեղեցու հետևորդ են։
– Առաջինը պետք է ինքներս մեզ հավատարիմ մնանք։ Չպետք է վախենանք, որքան էլ վտանգավոր ու մտահոգիչ լինի իրավիճակը։ Պետք է խոսենք, բարձր խոսենք՝ օգտագործելով նաև սոցիալական ցանցերը։ Հանրային գործիչները պետք է օգտագործեն իրենց լսարանը և սատար կանգնեն այն կառույցին, որը դարեր շարունակ մեր ազգային մշակույթի միակ պահապանն ու նվիրյալն է եղել։
– Այս խնդրի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում։
– Հաղթելով այս պայքարում, կխափանենք ապագա բազում ավերածություններ, պարտվելով՝ ավելի շատ կկորցնենք։
Եթե ուշադիր նայենք՝ մեր եկեղեցու և նրան սատարողների դիրքերը շատ ամուր են: Միայն չափազանց ծուլանալու հետևանքով հնարավոր կլինի անհաջողությունը։ Մեր ժողովուրդը չափազանց բարոյալքված և սպառված վիճակում է, և եկեղեցու հաղթանակն ու դիրքերի ամրապնդումը մեծ ոգևորություն կառաջացնի մեր հանրության մեջ։ Այս մարդիկ խավար են բերել մեր գլխին, բայց լույսը բացվելու է։ կարծում եմ՝ առավոտը մոտ է, ինչքան շուտ երևան արևի շողերը, այնքան լավ, բայց այս դեպքում «արևածագը» մեզանից է կախված։

