«Երբ փոթորիկն ու փորձությունը գալիս է՝ անհաստատները դուրս են մնում, ովքեր հաստատուն են Վեհին, Մայր Աթոռին՝ մնալու են». Տեր Փառեն քահանա Առաքելյան
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, երեկ տեղի ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ, ներկայումս ապօրինի կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը:
Հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը, սակայն Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը չպնդեցին՝ ասելով՝ ինչպես օրենքը կորոշի: Դատարանն էլ որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել սրբազանի կալանքի ժամկետը։
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը խոսելով Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման մասին՝ ասաց՝ մի փոքր հույս ունեին, որ դատարանն այլ որոշում կկայացներ, բայց ամեն ինչ սպասելի էր, քանի որ ակնհայտ է, թե այժմ Հայաստանում արդարադատությունն ինչպես է կարգավորվում։
«Ո՛չ մի փաստ, ո՛չ մի հիմնավորում սրբազանի կալանքը երկարաձգելու համար։ Հույս ունեինք, որ խափանման միջոցը կփոխվի, բայց եղավ այն, ինչ եղավ։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կփոխվեր, եթե սրբազանի խափանման միջոցը փոխվեր տնային կալանքով, ապա ասեմ՝ կալանքը կալանք է։ Երբեմն ասում են, որ խափանման միջոց փոխվեց տնային կալանքով, բայց դա էլ նույն ազատազրկումն է, որևէ բան չէր փոխելու։ Միայն մեկ լավ բան կլիներ, որ սրբազանն իր ծնողի մոտ կլիներ։
Մեր սպասելիքն այն է և դա լինելու է, որ ամբողջությամբ արդարադատությունը վերականգնվի, և սրբազանն ազատության մեջ լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Փառենը։
Ինչ վերաբերում է նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանին ու Արամայիս Թախմազյանին և հարցին՝ այս անձինք թեկուզ այս պահին հետդարձի ճանապարհ ունե՞ն, հոգևորականը պատասխանեց՝ այդ անձինք շատ են խորացել, կարգալույծ են արվել, ինչը շատ խորը ու կարևոր երևույթ է։
«Ես այս ամենը սրտի ցավով եմ ասում։ Բայց մեր եկեղեցում եղել է դեպք, երբ կարգալույծ եղած հոգևորականը զղջումով հետ է եկել։ Պրակտիկան կա, եթե պրակտիկան կա, ուրեմն՝ հնարավոր է, բայց այս իրավիճակով հնարավոր չէ»,- հավելեց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Խոսելով եկեղեցու շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակի մասին, հոգևորականը նկատեց՝ միշտ է ասել, որ Հայ Առաքելական եկեղեցին մինչև վերջ ամուր է մնալու։
«Ով եկեղեցուց դուրս է գալիս, դա չի նշանակում պառակտում, այլ նշանակում է, որ դուրս եկողը զրկվեց եկեղեցուց։ Երբ փոթորիկն ու փորձությունը գալիս է՝ անհաստատները դուրս են մնում, իսկ ովքեր հաստատուն են Վեհին, Մայր Աթոռին՝ հաստատուն են մնալու։ Ավետարանն ասում է՝ մինչև վերջ համբերիր և կմնա։ Մենք պարտավոր ենք մինչև վերջ համբերել, որովհետև ճշմարտության կողմն ենք, չենք ասում, որ անմեղ ենք, բայց մենք ճշմարտության կողմն ենք, կարգ ու կանոնի, դարավոր ավանդույթի կողմն ենք»,- ընդգծեց Տեր Փառենը։
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին առաջադրված մեղադրանքի հիմքում Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի, այժմ կարգալույծ Ստեփան Ասատրյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արած հայտարարություններն են այն մասին, որ «2021 թվականին իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին»:
Մեղադրանքի համար հիմք է ծառայել նաև Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացրած հաղորդումը: Մեղադրանքն առնչվում է օրինական հավաքներին խոչընդոտելուն կամ հարկադրելուն և ընտրական իրավունքը խոչընդոտելուն:
