Ալիևն ասում է՝ տեսեք, ինչքան բարի տղա եմ. քաղաքական «հանճար» պետք է լինել՝ նման խայտառակ պարտության գնալու համար. Արտակ Բեգլարյանը՝ Փաշինյանին
«Արցախ Միություն» հասարակական կազմակերպությունը՝ գործընկեր մի շարք կազմակերպությունների հետ միասին, հրապարակել և Եվրոպական խորհրդարան է ուղարկել լայնածավալ և համապարփակ զեկույց Բաքվում պահվող հայ պատանդների իրավունքների խախտման վերաբերյալ՝ կոչ անելով Եվրախորհրդարանի պատգամավորներին անհապաղ կերպով այցելել Բաքու և ներկա լինել հայ գերիների շինծու դատավարություններին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու ուղղությամբ արվող քայլերի մասին։
Միաժամանակ, արցախցի իրավապաշտպանը շեշտեց՝ գլխավոր գործոնն այս հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դերակատարությունն է։
«Առանց Հայաստանի իշխանությունների ուղիղ և միջնորդավորված քաղաքական, իրավական և հնարավոր այլ մեխանիզմների կիրառման ու ջանքերի գործադրման՝ մեր պատանդները չեն վերադառնալու։
Իսկ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրի և Հայաստան-Ադրբեջան միջպետական համաձայնագրի նախաստորագրման իրադարձությունները լավագույն առիթն են եղել պատանդներին ազատ արձակելու, որը չօգտագործեց Հայաստանի իշխանությունը՝ չհաշված, որ այդ փաստաթղթերում բավական շատ զիջումներ են արվել Ադրբեջանին, այդ թվում՝ ադրբեջանական միջանցքի պահանջը կատարելով, Մինսկի խմբի լուծարմանը գնալով, բազմաթիվ այլ զիջումներ անելով։ Այս ամենը տալով և ոչինչ չստանալով՝ պետք է ուղղակի դիվանագիտական ու քաղաքական հանճար լինել՝ նման պարտության ու խայտառակության գնալու համար»,- նշեց «Արցախ Միության» նախագահը։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արդեն էական էլ չէ՝ Ալիևը պատանդների վերաբերյալ ինչ է խոստացել Փաշինյանին կամ Թրամփին, քանի որ Բաքվի բռնապետը բազմիցս դրժել է իր խոստումները։
«Ինչ-որ ակնարկներ են անում իշխանական վերնախավում, որ իրենք սուսուփուս աշխատում են, բայց եկեք արդյունքներով չափենք. արդյունքը չկա, և մենք տեսնում ենք, որ ալիևյան ռեժիմն անում է այն, ինչ ցանկանում է, իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ միջնորդներին չեն խնդրում, որ կիրառեն իրենց լծակները՝ հումանիտար այս հարցը լուծելու համար»,– ասում է Արտակ Բեգլարյանը։
Խոսելով արցախահայության՝ Արցախ վերադարձի անքակտելի իրավունքի մասին՝ «Արցախ Միության» նախագահը պարզաբանեց, որ հարցը դեռևս փակուղում է՝ հատկապես Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումների պատճառով, և արցախահայության իրավունքների պաշտպանության հնարավոր նախաձեռնությունները բախվում են Հայաստանի իշխանությունների պատնեշին։
«Մեր բոլոր իրավունքների պաշտպանության հնարավոր նախաձեռնությունները բախվում են Հայաստանի իշխանությունների պատնեշին, այդ թվում՝ միջազգային հարթակներում, քանի որ իրենք ուղղակիորեն ասում են Փաշինյանի բերանով, որ «Արցախի հարցը փակված է», և հակառակը՝ Արցախի հարցն իրենք դիտարկում են որպես սպառնալիք ՀՀ-ի համար»,- արձանագրում է Արտակ Բեգլարյանը։
Արցախի հիմնահարցին և արցախահայությանն առնչվող առաջնահերթ խնդիրները
«Բռնի տեղահանման հետևանքները գնալով խորանում են։ Նախ և առաջ, Արցախի օկուպացիան և ապօրինի յուրացումն Ադրբեջանի կողմից և հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգության և սեփականության ոչնչացումը կամ յուրացումը։
Երկրորդը, Արցախի բռնի տեղահանված ժողովրդի բազմաթիվ հումանիտար, հոգեբանական, սոցիալ-տնտեսական, ինքնության խնդիրները ավելի են խորանում, սոցիալ-տնտեսական առումով՝ Հայաստանի կառավարության սխալ քաղաքականության պատճառով։
Երրորդը, իրավական-քաղաքական տեսանկյունից արցախահայության վերադարձի հարցը դեռևս փակուղում է՝ հատկապես ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումների պատճառով։
Չորրորդը, ունենք պատանդներ Բաքվում, որն ուղղակիորեն մեր հարցի մի մասն է, և այդ պատանդներն օգտագործվում են քաղաքական, իրավական, հոգեբանական և ռազմաքաղաքական տեսանկյունից ամբողջ հայ ժողովրդի դեմ»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից կառույցների լուծարումն ի՞նչ վնաս կարող է հասցնել հետագայում Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելու գործին.
«Գլխավոր վնասն այն է, որ երբ Հայաստանում լինեն ազգային իշխանություններ, որոնք կստանձնեն իրավաքաղաքական պատասխանատվություն Արցախի ժողովրդի վերականգնման ու պաշտպանության համար, այդ ժամանակ հարցը միջազգային հարթակներ տանելու հնարավոր ջանքերն ավելի մեծ ռեսուրս ու ժամանակ են պահանջելու։ Այլ խոսքերով՝ ունենալով պաշտոնապես ընդունված միջազգային ձևաչափ՝ դա արդեն լավ հնարավորություն էր այս խողովակն օգտագործելու և արագորեն վերականգնելու հակամարտության արդարացի կարգավորման միջազգայնացումը։ Բայց չենք կարող ասել, որ անդառնալիության սահմանն անցել է»։

Արցախի ժողովրդի էթնիկ զտումը ցեղասպանություն է
«Իրավապաշտպան և մասնագիտական համայնքում քիչ թե շատ արդեն կա կոնսենսուս, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն ցեղասպանությունը դատարանում ապացուցելը մեկ բան է, հանրային ընկալումներում ապացուցելը՝ այլ բան է։
Նույնիսկ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան է հայտարարել, որ սա ցեղասպանություն է, և բավական հիմնավորված, կամ՝ միջազգային մակարդակի ցեղասպանագետներ, օրինակ՝ Խուան Մենդեսը, Լուիս Մորենո Օկամպոն։ Բայց նաև կան կառույցներ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, որոնք «էթնիկ զտում» են անվանում։ «Էթնիկ զտում»-ը քաղաքական տերմին է, ոչ թե իրավական, որը կարող է լինել կա՛մ ցեղասպանություն, կա՛մ մարդկության դեմ հանցագործություն։
Այս առումով, եթե մենք խոսում ենք մեր վերադարձի ու մեր իրավունքների պաշտպանության մասին, ապա երկու հանգամանքներում էլ պետք է բացառվի այդ հանցագործության պատճառների առկայությունը և հանցագործության պայմանների կամ միջավայրի շարունակականությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ես ասում եմ, որ պետք է բացառվի ադրբեջանական ցեղասպանական վերահսկողությունը, և սա դասագրքային ճշմարտություն է նման հանցագործությունների դեպքում»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Հայաստան-Ադրբեջան «Խաղաղության համաձայնագրի» մասին
«Նախաստորագրված համաձայնագիրը չի կարող ապահովել իրական, տևական և արդար խաղաղություն՝ առանց Արցախի հարցի արդարացի լուծման, առանց հումանիտար խնդիրների լուծման և արցախահայության հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների պայմաններում։ Դա խաղաղության համաձայնագիր չէ, դա միջպետական հարաբերությունների վերականգնման անոնս է։
Իսկ խաղաղությունը և խաղաղության համաձայնագիրը պետք է լինի արդար, բայց այն արդար չէ, պետք է լինի համապարփակ, բայց այն համապարփակ չէ, որովհետև չի ներառում հակամարտության բոլոր հիմնական հարցերը և հատկապես գլխավոր հարցը՝ Արցախի ժողովրդի իրավունքներ, անվտանգություն, կարգավիճակ (հակամարտությունը հենց սրա շուրջ է եղել), ներառական չէ, որովհետև գլխավոր տուժող կողմը՝ Արցախի հայ բնակչությունը, որևէ կերպ ներառված չէ համաձայնագրում, արդար չէ, քանի որ չի ապահովում արդարություն ո՛չ տեղի ունեցած հանցագործությունների, ո՛չ դրանց հետևանքների վերացման մասով։ Այս տեսանկյունից՝ խաղաղության համաձայնագրի ոչ մի չափանիշի չի համապատասխանում այս համաձայնագիրը։ Սա ասում եմ՝ որպես հակամարտությունների փորձագետ»,– նշեց Արտակ Բեգլարյանը։
Արցախի հարցի միջազգային ընկալումները ներկայում՝ միջազգային հանրության համար Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն ունի՞, թե՞ փակված է
Այս հարցին ի պատասխան՝ Արտակ Բեգլարյանն ասաց.«Ի ավիճակ է փոխվել, և այդ իրավիճակը և՛ աշխարհաքաղաքական առումով է փոխվել՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությամբ պայմանավորված, և՛ մեր տարածաշրջանում է փոխվել՝ նաև Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու բալանսի փոփոխությամբ պայմանավորված, նաև փոխվել է ՀՀ-ում և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Բայց կրկին՝ մեզնից կախված գլխավոր գործոնը ՀՀ իշխանությունների դիրքորոշումն է»։
Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին
«Ալիևը միշտ էլ դա ասել է՝ «վերադառնալու ենք»։ Այն ժամանակ թողնելով տողատակում հարցականը, թե ինչպես են վերադառնալու՝ տանկերո՞վ, թե՞ մեքենաներով, այժմ մի քիչ մեղմացրել է, թե՝ «Տեսե՛ք՝ ես ինչքան բարի տղա եմ. մենք մեքենաներով ենք վերադառնալու»։
Բայց այստեղ գլխավոր սպառնալիքը հենց դա է, որ «վերադարձի» մասին է խոսում, և սա հերթական անգամ գալիս է ոչնչացնելու Հայաստանի իշխանությունների քարոզչամեքենայի փաստարկները, թե երբ Արցախի ժողովուրդը խոսում է արցախահայության վերադարձի իրավունքի մասին, դա լարվածություն է ստեղծում, և ադրբեջանցիներն էլ խոսում են իրենց վերադարձի մասին։ Իսկ օգոստոսի 8-ից հետո իրենք ասում էին՝ վերջ, ամեն ինչ փակված է։ Ու դրանից հետո Ալիևը կրկին խոսում է «վերադարձի» մասին, ու ոչ միայն Ալիևը. սա Ադրբեջանի ամբողջ պետական համակարգի գաղափարախոսությունն է։
Այս մասին պետք է խոսել նաև այն տեսանկյունից, որ Ադրբեջանում կա հայատյացության պետական քաղաքականություն՝ միջազգայնորեն ապացուցված, հաստատված, որը որևէ կերպ չի նվազել օգոստոսի 8-ից հետո և չի էլ նվազելու։ Քանի դեռ հայատյացության համակարգն ու գաղափարախոսությունն Ադրբեջանում արմատախիլ չի եղել, տևական ու արժանապատիվ խաղաղություն չի լինելու՝ անկախ նրանից, թե Հայաստանն ու հայ ժողովուրդն ինչքան զիջումներ են անում Ադրբեջանին, միայն Արցա՞խն են զիջում, թե՞ Սյունիքն էլ են զիջում, Սևանն էլ են զիջում։
Քանի դեռ կա հայ ժողովուրդ, կա գեթ մեկ հայ այս աշխարհում, Ադրբեջանում այս քաղաքականությունը շարունակվելու է, քանի դեռ մենք դրան հակընդդեմ որևէ բան չենք արել, կամ ալիևյան ռեժիմը շատ բարձր գին չի վճարել դրա համար»։
Ինչպե՞ս գոյատևել Ադրբեջանից բխող գոյութենական սպառնալիքների պայմաններում

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդգծված ռազմաքաղաքական անհավասարակշռություն կա, որն Ադրբեջանն օգտագործում է մեր դեմ՝ չհաշված Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի առանձնահատկությունները, ներսում հայատյացության համակարգի անհրաժեշտությունը քաղաքական իշխանության պահպանման համար։ Սակայն սա նրանք օգտագործում են Թուրքիայի հետ միասին նաև իրենց արտաքին-զավթողական նպատակներով։
Այս անհավասարակշռությունը հնարավոր է վերացնել միջազգային հստակ երաշխիքներով, որի փաստաթղթերը, սկզբունքները, դրույթներն ամրագրված են միջազգայնորեն, մնում է՝ դրանք կատարվեն, կա՛մ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է մեկ օր այնքան ուժեղ և համախմբած լինի, որ Ադրբեջանը հասկանա, որ հնարավոր չէ հայ ժողովրդին հաղթել ռազմական ուժով։
Իհարկե, տեսանելի հեռանկարում մենք չենք տեսնում այդ հնարավորությունը, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է գնանք ուժեղանալու ճանապարհով։ Ո՛չ, անպայման պետք է գնանք, և դրա առաջին անելիքը մեր համախմբումն է։ Առանց համախմբված հայ ժողովրդի, առանց հստակ դիմադրող գաղափարախոսության՝ մենք այս բռնի, ագրեսիվ ու վայրի միջավայրում չենք կարող ապրել»։
Ինչպե՞ս դիրքավորվել Ադրբեջանի հանդեպ, եթե Բաքվի ռեժիմը շարունակում է հայատյացության քաղաքականությունը
«Գլխավոր դիրքավորումն այն է, որ ներսից մեր դիմադրողականության հենասյուները չպետք է քանդենք, այլ պետք է ավելի ամրացնենք, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է զգուշավոր լինենք։ Մեր իրավունքների կարմիր գծերից ու հիմնարար սկզբունքներից չպետք է հրաժարվենք։ Մենք պետք է ամրագրենք՝ մեր կարմիր գծերը սրանք են, մեր իրավունքները սրանք են, ու դրանից մենք չենք հրաժարվելու։
Եկեք քաղաքակիրթ բանակցենք, լուծումներ տանք։ Սա է հիմնական հայեցակարգը։ Բայց ես չեմ տեսնում, որ ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ ցանկություն ունեն գնալու. մի կողմից՝ հրաժարվում են բոլոր հնարավոր իրավունքներից, մյուս կողմից՝ չեն ուժեղացնում Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
«Քաղհասարակությունների» շփումների և Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի փոխանցած ուղերձի մասին, թե «պատերազմն Ադրբեջանի համար ավարտվել է»
«Հիքմեթ Հաջիևի շեֆը մեկ ամիս առաջ հայտարարել է, որ Ադրբեջանը հաղթել է և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում։ Հիմա հարց տամ. եթե իրենք համարում են, որ խաղաղությունում էլ են հաղթել, էլ ինչո՞ւ պետք է պատերազմի մասին խոսել, եթե իրենք խաղաղ ճանապարհով իրենց բոլոր պահանջներին հասել են և պլանավորում են հասնել, միգուցե համաձայնություն կամ խոստում են ստացել, որ կհասնեն, ինչո՞ւ պետք է իրենք առնվազն այս փուլում պատերազմի մասին խոսեն։
Երկրորդը, խիստ ցավալի է, որ այս իրավիճակում Հաջիևը դարձել է հղում արվող անձ հայ քաղհասարակության համար, էլ չեմ խոսում ադրբեջանական, այսպես կոչված՝ «քաղհասարակության» այցերի, իրենց լավ զգալու մասին։ Մենք պետք է սպասենք, որ մեկ օր Ալիևն էլ է գալու այստեղ, Բայրամովն էլ է գալու։ Մայիսին սպասենք, որ ադրբեջանական պաշտոնական պատվիրակություն է գալու։
Միգուցե Ալիևը չգա, Բայրամովը գա կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, բայց վստահ եմ, որ գալու են։ Եվ սրան չպետք է թեթև նայենք, քանի որ սա մեր դիմադրողականության հիմքերի հանդեպ կատարվող հերթական ոտնձգություններն ու հանցագործություններն են, որոնք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ակտիվ ու արդյունավետ համագործակցությամբ են կատարվում»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

