Երևան-Բաքու գործընթացը՝ Թուրքիայի Ախ նիստի օրակարգում․ ի՞նչ է քննարկում Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հերթական անգամ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ «Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները, քննարկվել են նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Խորհուրդը նաև վերահաստատել է Թուրքիայի կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու համար»,- ասված է հայտարարությունում։ Խորհրդի նիստին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Օրերս էլ ռեգիոնալ իրավիճակին անդրադարձել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ասելով, որ՝ երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Թուրքիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում»,- Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններում «չեն քննարկվում երկու հարց. մեկը՝ Զանգեզուրի միջանցքի հարցը, մյուսը՝ Հայաստանի սահմանադրության հետ կապված որոշակի հարցեր»:
Նա նշել է՝ երբ այդ հարցերը լուծվեն և ստորագրվի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանները Հայաստանի հետ։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էլ նախօրեին հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի 2030 թվականին»։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմն արդեն վերանորոգում է Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղային գծերը և դրանք կհասցնի մինչև Հայաստանի սահման։
Ըստ նրա, առաջիկա աշխատանքների շրջանակում կկառուցվեն թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ։
Ուրալօղլուն հավելել է նաև, որ Հորադիզ-Բաքու հատվածով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են և, ընդհանուր առմամբ, բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։ Եվ չնայած հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները բացառում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառությունը, թուրքական և ադրբեջանական կողմերը շարունակում են այն կիրառել։
Հաքան Ֆիդանի վերոնշյալ հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նշելով, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար:
«Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չէ, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա»,- նման դիտարկում էր արել Արարատ Միրզոյանը։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Թուրքիան Հարավային Կովկասն ընկալում է իր լայնածավալ աշխարհաքաղաքական ճարտարապետության առանցքային օղակներից մեկը, որը կապում է Միջին Արևելքը, Սև ծովն ու Կենտրոնական Ասիան։

Ըստ նրա, այս ռեգիոնի ներառումը ԱԽ նիստերի օրակարգ վկայում է այն մասին, որ այս ուղղությունը դառնում է Թուրքիայի անվտանգության ու արտաքին քաղաքական օրակարգի կայուն բաղադրիչ։
Սակայն, նրա խոսքով, երկկողմ հարաբերություններում Անկարան ակնհայտորեն առաջնահերթություն է տալիս Բաքվի հետ ռազմա-քաղաքական ինտեգրացիային՝ այն դիտարկելով որպես լծակ ողջ տարածաշրջանի նկատմամբ, ուստի հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումները պայմանավորվում են Ադրբեջանի հետ կարգավորմամբ։
«Պարբերական անդրադարձերը Հարավային Կովկասին, թուրք-ադրբեջանական հարաբերությունների խորացումն ու նաև Հայաստանի հետ երկխոսությունը, կարգավորման հեռանկարի անընդհատ քննարկումը ցույց են տալիս, որ Թուրքիան պատրաստվում է ավելի համակարգված ու ինստիտուցիոնալ ձևով ամրապնդել իր դերը տարածաշրջանում։ Աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Թուրքիան ավելի մեծ հավակնություններ ունի, ձգտում է ավելի ինքնուրույն քաղաքականության, գլոբալ հարաբերություններում միջնորդական ջանքերի՝ փորձելով համադրել կամ համատեղել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև թուրքական աշխարհի շահերը՝ Հարավային Կովկասը ներառելով այդ ռազմավարության շրջանակ»,- նման կարծիք հայտնեց Կոնստանտին Սիմոնովը՝ նշելով, որ Անկարան փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում իր դերակատարությունը կարող է ծառայել և Արևմուտքի շահերին, և ռեգիոնալ նախաձեռնություններին՝ միաժամանակ անուղղակիորեն սահմանափակելով Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը։
Նրա կարծիքով՝ այս զարգացումները ցույց են տալիս նաև այն, որ Թուրքիան մտնում է Հարավային Կովկասի զարգացումների նոր փուլ, որտեղ ունի հստակ տեսլական ու փորձելու է իրացնել հենց այդ տեսլականը, Թուրքիայի այս տարածաշրջանային ակտիվությունն ուղեկցվում է Անկարայի ձգտմամբ՝ դառնալու հիմնական միջնորդ թե հաղորդակցական նախագծերի, թե՛ խաղաղության օրակարգերի շուրջ, որը դրսևորվում է նաև Ուկրաինայի հարցով։
«ԱԽ նիստում Հարավային Կովկասի ներառումը ցույց է տալիս, որ Թուրքիան ցանկանում է ազդեցություն նաև տնտեսական հոսքերի, էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նկատմամբ։ Եվ քանի որ ներկայումս Երևանն ու Բաքուն հենց այդ հարցերն են քննարկում, Կենտրոնական Ասիան ևս դիրքավորվում է համապատասխան։
Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունն առանձնահատուկ է շատ խաղացողների դեպքում, ուստի շատ ռեգիոնալ խաղացողների հրապարակային անդրադարձերում տեսնում ենք անդրադարձ, հետաքրքրություն Հարավային Կովկասի նկատմամբ, ուստի այս հետաքրքրությունը, պայմանավորված աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ զարգացումներով, բնական է։ Ռուսաստան-Արևմուտք մրցակցության խորացումը, ինչպես նաև Եվրոպայի աճող ներգրավվածությունը Հարավային Կովկասում ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ Թուրքիան փորձում է ամրապնդել իր ազդեցությունը»,- ասաց Կոնստանտին Սիմոնովը։

