Հայաստանում ցորենի ցանքատարածությունները նվազել են

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունը փաստում է՝ 2023 թվականին Հայաստանում շուրջ 71.4 հազար հա ցորենի ցանքատարածություն է եղել, իսկ 2024 թվականին այն նվազել է մինչև 56.5 հազար հա։

Սա վերջին 4 տարիներին Հայաստանում ցորենի ցանքատարածություների ամենացածր մակարդակն է. նշում է  Panorama.am-ը և հավելում՝ նվազել է նաև ցորենի համախառն բերքը։

Եթե 2023 թվականին ունեցել ենք 177.9 տոննա ցորեն, 2024-ին այն նվազել է՝ հասնելով 120.3 տոննայի։ Ցորենի ցանքատարածությունները նվազել են մարզերի մեծ մասում, բայց առավել ակնառու է Տավուշի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի համոզմամբ՝ ցորենի ցանքատարածությունների կրճատման պատճառը պետական քաղաքականությունն է։

«Առաջին պատճառը պետական քաղաքականությունն է, որպեսզի Ադրբեջանի տարածքով ցորեն բերեն ու այս ազգին հաց ու տեսարան ցույց տան։ Երկրորդը՝ պետական աջակցությունը հանեցին, 0 տոկոսով վարկերը հանեցին, որ գյուղատնտեսները, ֆերմերները իրենց հացը ցանում, ստեղծում էին, կարտկահարության ապահովագրությունն էլ հանեցին, գյուղացին մեն-մենակ մնաց կարկուտի ու երաշտի հետ, դրա համար էլ այս վիճակն է։ Խայտառակ իրավիճակ է արդեն ցորենի ցանքերի հետ կապված ՀՀ-ում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը Ադրբեջանի տարածքով 4-րդ կարգի ցորեն ներկրեց Հայաստան՝ այն համարելով ճանապարհների ապաշրջափակմանն ուղղված կարևոր քայլ։

Տեսանյութեր

Լրահոս