ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄՆ ՕՐԵՐԻ ՀԱՐՑ Է ԼԻՆԵԼՈՒ. ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ. ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Եթե ուկրաինական հակամարտության շուրջ խաղաղության գործընթացը հաջողությամբ պսակվի, և պատերազմը դադարեցվի Ուկրաինայում, դա լինելու է գլոբալիստների ամենամեծ պարտությունն աշխարհում, որը կհանգեցնի Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում կառավարությունների փոփոխության գործընթացին, իսկ դրանից հետո այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, իշխանափոխությունն օրերի հարց է լինելու։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 28 կետանոց խաղաղության ծրագրի մասին։

Ռազմական փորձագետը համոզված է, որ Մեծ Բրիտանիան անելու է ամեն ինչ, որ խաղաղության գործընթացը ձախողվի։ Սակայն, եթե Ժնևի բանակցություններում քննարկվող խաղաղության ծրագիրն, ի վերջո, հաստատվի, և պատերազմը դադարեցվի՝ այս պայմանագրի այս կամ այն կետերը պահպանելով կամ չպահպանելով, դա նշանակում է, որ գլոբալիստներն աշխարհում կրում են ամենալուրջ պարտությունը։

«Ես Ձեզ վստահեցնում եմ՝ եվրոպական երկրներում շատ արագ սկսվելու է գլոբալիստական կառավարությունների փոփոխության գործընթացը, որի թիվ մեկ շահառուն Միացյալ Նահանգներն է։ Առաջին հերթին պետք է փոխվի Մակրոնի իշխանությունը Ֆրանսիայում, նույնը սկսվելու է Գերմանիայում, ասեմ ավելին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը ևս փոխվելու է։

Կարդացեք նաև

Կարծում եմ, որ Բրիտանիայի ստվերային ղեկավարներն իշխանության կբերեն մի մարդու, որի գործողությունները պետք է համահունչ լինեն Միացյալ Նահանգների քայլերի հետ։ Այստեղից հետևություն՝ այդ երկրներում գլոբալիստների նշանակած իշխանությունների փոխվելուց հետո, ի՞նչ եք կարծում, կարգով ավելի ցածր երկրներում իշխանափոխությունն ինչպե՞ս տեղի կունենա, օրինակ՝ Մոլդովայում, Ռումինիայում, Հայաստանում։

Եթե եվրոպական երկրներում իշխանափոխության գործընթացը՝ ամիսների, ապա այստեղ՝ շաբաթների կամ օրերի հարց կլինի, որովհետև ԱՄՆ հակագլոբալիստ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի հակագլոբալիստ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն կարող հանդուրժել, որ ինչ-որ երկրներում և ռեգիոններում մնան գլոբալիստների կողմից նշանակված իշխանություններ, որոնք կարող են այլ տարածաշրջաններում խնդիրներ առաջացնել իրենց համար, մասնավորապես՝ Հարավային Կովկաս, միջինասիական հանրապետություններ»,- կարծում է Հայկ Նահապետյանը։

Փորձագետի վերլուծության համաձայն՝ մասնավորապես Հայաստանում իշխանափոխությունը կախված է այն գործընթացներից, որ այժմ տեղի են ունենում Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու և թնջուկը լուծելու համար։

«Եթե պրոյեկցիայի ենթարկենք այս ամենը Հայաստանի իրողության վրա, ես չեմ բացառում, որ եթե այս գործընթացներն արագանան, և ինչ-որ բան ստորագրվի Ուկրաինայի վերաբերյալ, Հայաստանում իշխանափոխությունը կլինի ոչ թե հունիսի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այլ ավելի վաղ»,- ասաց Նահապետյանը։

«Գլոբալիստների պարտությունը շղթայական ռեակցիա է բերելու առաջին հերթին՝ Եվրոպայում, որովհետև բոլորը գլոբալիստների ներկայացուցիչներ են։ Օրինակ՝ Մերցը, հաշվեք, նշանակվել է Բրիտանիայի կողմից, Մակրոնը բրիտանական կայսրության հենասյուներից մեկը հանդիսացող Ռոտշիլդների ընտանիքի ներկայացուցիչն է։

Եթե պատերազմը կանգնեցվի, և գլոբալիստները պարտվեն, Երկիր մոլորակի ցանկացած կետում, որտեղ գլոբալիստների նշանակած վարչակազմեր են, բոլորը փոխվելու են։ Հայաստանն այդ առումով երկրագնդից դուրս ընկած մի երկիր է. ոչ թե ամիսներ կտևի՝ գործընթացներ, փողոցային պայքար, իմպիչմենտ և այլն, այլ այստեղ մեկ զանգով է փոխվելու։ Դրա համար եմ ասում և նաև դիմում եմ այսօր իշխանության ղեկին գտնվող շատ անձանց՝ իրենք հիշեն, որ այդ փոփոխության ժամանակ Փաշինյանը, եթե ճիշտ գնահատեց և առանց այլևայլության իշխանությունը հանձնեց, ինքը հեռանալու է։ Ինքնաթիռում հաստատ մի քանի հազար հոգու տեղ չի լինելու»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս