«Եթե ինքս իրավունք ունենայի Վեհափառին որևէ անուն տալու, նրան կանվանեի Գարեգին շինարար». Մերուժան Տեր-Գուլանյան
Նիկոլ Փաշինյանն անցած կիրակի պատարագի մասնակցեց Արարատի մարզում, իսկ դրանից առաջ՝ Վայոց ձորի Խաչիկ գյուղում։ Երկու պատարագներին էլ մասնակցում էին Վայոց ձորի և Մասյացոտն թեմերի առաջնորդները և 2 պատարագների ընթացքում էլ Վեհափառ հայրապետին ուղղված հատվածը պատարագիչ քահանաները զեղչել ու հանել էին։
Պատարագից հետո Մասյացոտն թեմի բազմաթիվ քահանաներ դատապարտեցին այս քայլը, իրենց ֆեյսբույքան էջերում գրառում կատարեցին ու հայտարարեցին՝ հավատարիմ են Մայր աթոռի խորանին տված երդմանն ու ուխտին։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի բնորոշմամբ՝ այն հոգևորականները, որոնք դավաճանում են իրենց ուխտին ու միանում Վեհափառի դեմ իշխանությունների պայքարին, անաստվածներ են։
«Կարծում եմ՝ այս մարդիկ ո՛չ երբևէ Աստծուն հավատացել են, ո՛չ էլ կապ ունեն Աստվածաշնչյան մտածողության հետ, իրենցից յուրաքանչյուրը Հուդա են։ Թողնենք այն փաստը, որ այդ մարդիկ միացել են իշխանություններին ու դուրս են եկել Վեհափառի դեմ, նրանք առաջին հերթին դուրս են եկել Քրիստոսի դեմ։ Սա մեր ժողովուրդը շատ լավ է հասկանում։
Եկեք ենթադրենք, որ սրանց կողքին կկանգնեն ևս 2-3 անաստված հոգևորականներ, հետո ի՞նչ, Առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, իսկ Վեհափառը՝ այդ սրբության ղեկավարը, այդ սրբությունը պահպանողը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մերուժան-Տեր-Գուլանյանը։
Նա հիշեցրեց, որ անձամբ Վեհափառ հայրապետին ընտրողներից մեկն է եղել, 2 անգամ պատվիրակ է եղել։
«Եթե ինքս իրավունք ունենայի Վեհափառին որևէ անուն տալու, ապա նրան կանվանեի Գարեգին շինարար, որովհետև այն, ինչ հիմա կաթողիկոսն անում և արել է՝ անգնահատելի է, նա զարգացրեց Էջմիածինը՝ դարձնելով Վատիկան՝ իր գեղեկցությամբ, իր հնարավորությամբ և իր ամեն ինչով։ Պետք է գոնե տեսնել գրադարանը՝ հասկանալու համար, թե ինչ հզոր բան է։
Զարմանալի է, որ եկեղեցին ծաղկեցնողներին են վատաբանում, օրինակ, Սամվել Կարապետյանին, 2 սրբազաններին բանտարկել են և հիմա էլ Վեհափառի դեմ հակաքարոզչություն են կազմակերպել՝ գնանք հեռացնենք կաթողիկոսին, չե՛ք կարող»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մերուժան Տեր-Գուլանյանը նաև հիշեցրեց՝ նույնիսկ Լենկ Թեմուրը չկարողացավ գրավել Սուրբ Էջմիածինը, բայց այսօր օրվա իշխանությունն ամբողջ լծակները դրել է, որ Վեհափառին հեռացնի։
«Եթե Վեհափառը չնստի Էջմիածնում, այլ նստի Գորիսում կամ Աբովյանում, Մայր Աթոռը տեղափոխվելու է այնտեղ։ Որտեղ Վեհափառն է, այնտեղ է Մայր Աթոռը։ Այնպես որ՝ Վեհափառին հեռացնելու այս քայլերն անիմաստ են, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Չի կարելի աղտոտել այն, ինչը մեր հոգու մեջ է, չի կարելի թքել ազգի հոգու մեջ։ 1700 տարի պատարագներին հնչել է Վեհափառի անունը, եթե հիմա չեն հնչեցնում նրա անունը, ուրեմն՝ պատարագ չէ։ Օրենքները փոխվում են, իշխանությունները փոխվում են, բայց եկեղեցական կարգն ու կանոնը չի փոխվում, ինչպես չի փոխվում Աստվածաշունչը, դրանք հավերժական են, հավերժականին առնչվում են միայն խոնարհվելով, ոչ թե հոխորտալով։
Այս ամբողջ աղմուկի մեջ Վեհափառն իրեն փայլուն է պահում, հանգիստ, Աստվազգյաց, վեհ բառը ճիշտ է, իրեն վեհ է պահում, փառք ու պատիվ իրեն, խորին խոնարհում»,- շեշտեց հրապարակախոսը։
Նա նաև ընդգծեց՝ որքան էլ այսօր ժողովուրդը թմրած է, միևնույն է՝ հոգու խորքում խորը հավատացյալ է, հետևաբար՝ չի կարելի աղտոտված ձեռքերով առնչվել այն հոգևորին, որը ժողովրդին պահում է։

