Մոսկվան անընդունելի է համարում Ռումինիայից իր դիվանագետի արտաքսումը՝ ԱԹՍ-երի խոցման դեպքից հետո
Ռուսական անօդաչուների՝ Ռումինիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ բողոքով երկրի արտգործնախարարություն կանչված Ռուսաստանի դեսպանը անընդունելի է համարել Մոսկվային ուղղված մեղադրանքները և ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի արտաքսումը, ռուսական TACC-ի փոխանցմամբ՝ հայտնել են դեսպանությունից։
«Որևէ ապացույց չի ներկայացվել, որ անօդաչուները Ռուսաստանին էին պատկանում։ Թռիչքի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ հարցերից որևէ մեկին պատասխան չի տրվել», – ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Լիպաևն ընդգծել է, որ Ռուսաստանը երբևէ չի թիրախավորել ռումինական օբյեկտները։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Բուխարեստի «ոչ-բարեկամական քայլերը պատշաճ պատասխան կստանան»։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հուլիսի 26-ին հայտարարեց F-16 կործանիչով երկրի օդային տարածքում երեք օրում երեք ռուսական անօդաչու խոցելու մասին։
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել էր. «Անթույլատրելի է, որ Ռուսաստանը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրամիության օդային տարածք է»։
Ռումինիան Ուկրաինայի հետ 650 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման ունի, և ռուսական ԱԹՍ-երը բազմիցս խախտել են երկրի օդային տարածքը, սակայն մինչև ուրբաթ անօդաչու խոցելու դեպք չէր եղել:

