Ինչպես Ուկրաինայի համար Թրամփի՝ 28 կետից բաղկացած պլանը ցնցեց աշխարհը
Մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Զելենսկին բարձրախոսով լսում էր, թե ինչպես են նախագահ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները տող առ տող ընթերցում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28 կետից բաղկացած պլանը։
Զելենսկու հեռախոսային մասնակցության մասին իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռուստեմ Ումերովի և Թրամփի թիմի հանդիպմանը, որը տեղի էր ունեցել անցյալ հանգստյան օրերին, նախկինում չէր հաղորդվել։ Սա լույս է սփռում հատկապես այն բանի վրա, թե կոնկրետ երբ է նա ներգրավվել բանակցություններին։
Գործընթացը, որը հանգեցրեց այս դրամատիկ հանդիպմանը և 28 կետից բաղկացած պլանին, սկսվել է մոտ մեկ ամիս առաջ՝ Մերձավոր Արևելքից Մայամի հետադարձ թռիչքի ժամանակ։ Այս զեկույցը հիմնված է ԱՄՆ վեց պաշտոնյաների, Ուկրաինայի երկու պաշտոնյաների և ևս մեկ իրազեկ աղբյուրի հետ հարցազրույցների վրա. նրանց մեծ մասն անմիջականորեն ներգրավված են եղել բանակցություններում։

Ինչպես դա սկսվեց
Հոկտեմբերի 22-ին թռիչքի ժամանակ Քուշները և Ոիթկոֆը Գազայի գործարքի քննարկումից, որի կնքմանն իրենք օգնել էին, անցում կատարեցին Ուկրաինայի պատերազմին։ Նույն օրը Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ, առաջին անգամ՝ պաշտոնին վերադառնալուց հետո, և խաղաղ գործընթացը փաստացի փակուղի էր մտել։ Նրանք ցանկանում էին կրկնել Գազայում կիրառված մոտեցումը՝ մշակել պլան, դնել այն սեղանին և փորձել ստանալ երկու կողմերի համաձայնությունը։
Երեք օր անց Ուիթկոֆը և Քուշները Մայամիում ընթրիքի շուրջ հանդիպեցին նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ, հետո կրկին՝ մի քանի ժամով կիրակի օրը։ Ռուս բանագնացը, որը նաև գլխավորում է Ազգային բարեկեցության հիմնադրամը, նոյեմբերի 17-ին Axios-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ նրանք աշխատում են Թրամփի և Պուտինի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները թղթի վրա ամրագրելու ուղղությամբ։
Նպատակը շրջանակային ծրագրի մշակումն էր, որը «ըստ էության կպատասխաներ հետևյալ հարցին՝ «Ի վերջո, ինչպես կարողանանք ապահովել երկարատև անվտանգություն Եվրոպայում, ոչ միայն Ուկրաինայում»», – հայտարարել է Դմիտրիևը։ Նրա հետ հանդիպումների արդյունքը եղավ այն փաստաթղթի նախնական տարբերակը, որը հետագայում վերածվեց ամերիկյան 28 կետից բաղկացած պլանի։
Axios-ին տված հարցազրույցում Դմիտրիևը չի հիշատակել ԱՄՆ-ի առաջիկա խաղաղության ծրագիրը, սակայն լավատեսություն է հայտնել բանակցությունների ուղղության վերաբերյալ. «Մենք զգում ենք, որ ռուսական դիրքորոշումն իսկապես լսելի է դարձել»։ Մինչ այդ Ուիթկոֆը և Քուշներն արդեն ստացել էին Թրամփի հավանությունը։ «Նրանք առանց նրա համաձայնության ռուսների և ուկրաինացիների հետ նոր պլանի շուրջ բանակցություններ չէին վարի», – հայտարարել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն «տեղյակ էր յուրաքանչյուր քայլից», -ավելացրել է ամերիկյան պաշտոնյան։ Փոխնախագահ Վենսը նույնպես տեղյակ էր զարգացումների մասին։

Անսպասելի պատվիրակը
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերով՝ հենց Վենսի մտքով է անցել բանակի նախարար Դեն Դրիսկոլին՝ ԱՄՆ Եյլի իրավաբանության ֆակուլտետի իր համակուրսեցուն, ներգրավել Ուկրաինայում 28 կետից բաղկացած պլանն իրականացնելու գործում։
Դրիսկոլն արդեն իսկ ծրագրում էր մեծ ռազմական պատվիրակությամբ այցելել Ուկրաինա՝ քննարկելու պաշտպանական տեխնոլոգիաների և ռազմավարության հարցերը։ Այցից մի քանի օր առաջ Սպիտակ տունը նրան հանձնարարել էր արագացնել խաղաղ բանակցությունների նախապատրաստումը։
«Ինչպես կարող եք պատկերացնել, մենք մաքրում ենք օրացույցը և անցնում ենք ամբողջական պլանավորման և նախապատրաստման ռեժիմի», – Axios-ին հայտնել է ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա։ «Նա հավաքում է քաղաքական ամփոփագրեր, կենսագրական տվյալներ, պատերազմի պատմությունը՝ ամեն ինչ, և դա անում է մինչև մեկնելը»։
Միևնույն ժամանակ Ուիթկոֆը և Քուշները երկու օրվա ընթացքում հանդիպում ունեցան Զելենսկու խորհրդական Ումերովի հետ (Ուիթկոֆի Մայամիի տանը)։ Հանդիպմանը ներկա էր նաև քաթարցի բարձրաստիճան պաշտոնյա, որը լավ հարաբերություններ ունի Ումերովի, Պուտինի և ամերիկացի բանագնացների հետ։
Ուիթկոֆը և Քուշները Ումերովին ծանոթացրել են կարգավորման պլանին՝ հաշվի առնելով նրա որոշ առաջարկներ։ Ումերովի գաղափարն է եղել՝ զանգահարել Զելենսկուն, որպեսզի նա կարողանա պլանի մանրամասների մասին իմանալ ուղիղ Թրամփի թիմից։
«Նրանք փորձեցին ծրագրի կետերը կարդալ նախագահի համար, բայց դա անհնար է անել հեռախոսով», – ասել է ուկրաինացի պաշտոնյան, որը կտրականապես դեմ էր թե՛ կարգավորման ամերիկյան պլանին, թե՛ դրա ներկայացման ձևին։
Այնուամենայնիվ, ամերիկյան թիմը հանդիպումից դուրս է եկել լավատեսությամբ՝ ակնկալելով, որ ուկրաինացիները նույնպես կողմ կլինեն դրան:
Ուիթկոֆը պլանավորում էր չորեքշաբթի օրը մեկնել Թուրքիա՝ հարցը անմիջապես Զելենսկու հետ քննարկելու նպատակով: Հանդիպումը այդպես էլ չկայացավ. ամերիկացիները մտածեցին, որ ուկրաինացիները հետ են կանգնում պլանն իրականացնռելու իրենց պատրաստակամությունից:
Ուկրաինացի պաշտոնյան սա վերագրեց թյուրըմբռնմանը. Զելենսկու թիմը կարծում էր, որ Ուիթկոֆը և Քուշները ընդամենը նախնական գաղափարներ էին առաջարկել, մինչդեռ ամերիկացիների ընկալման մեջ դա պաշտոնական առաջարկ էր։
Այժմ Դրիսկոլը պետք է հինգշաբթի օրը անձամբ կարգավորման պլանը ներկայացնի Զելենսկուն և համոզի նրան ընդունել այն։

Նորությունները դուրս են սպրդում
Նոյեմբերի 18-ին ամերիկացի մի պաշտոնյա ամերիկյան Axios պարբերականին պատմել է կարգավորման պլանի 28 կետերի և դրանցում ներառված ընդհանուր թեմաների մասին՝ խաղաղություն՝ Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն՝ Եվրոպայում և ԱՄՆ-ի ապագա հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։
Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա հաստատել է, որ խորհրդակցություններ են տեղի ունեցել Դմիտրիևի հետ, իսկ ուկրաինացի մի պաշտոնյա էլ հաստատել է, որ ծրագիրը ներկայացվել է Ումերովին։ Axios-ի առաջին հրապարակումը լույս է տեսել նույն երեկոյան։
Լուրը շատերի մոտ շփոթություն է առաջացրել՝ եվրոպական մայրաքաղաքներում, Վաշինգտոնում և Կիևում, տեղյակ չէին՝ ինչ է կատարվում։
Շատերը սարսափով արձագանքեցին չորեքշաբթի օրը Axios-ի և այլ լրատվամիջոցների կողմից հրապարակված մանրամասներին: Այլ կոշտ զիջումների թվում Ուկրաինային առաջարկվում էր հրաժարվել Ռուսաստանի կողմից արդեն իսկ վերահսկվող լրացուցիչ տարածքներից։
Երկու դիվանագետների խոսքով, երբ եվրոպացի պաշտոնյաները պարզաբանումներ ստանալու համար զանգահարել են Պետդեպարտամենտ, նրանց ասել են, որ սա «Թրամփի ծրագիրը» չէ։ Սակայն Թրամփը ոչ միայն աջակցեց այս պլանին, այլև պահանջեց, որ Ուկրաինան ստորագրի այն մինչև Գոհունակության օրը (Thanksgiving Day)։
Հինգշաբթի օրը Զելենսկու և Դրիսկոլի միջև կայացած հանդիպումից հետո ԱՄՆ պաշտոնյան հայտարարեց, որ համաձայնեցվել են «ստորագրման ագրեսիվ ժամկետները»։
Ուկրաինացի պաշտոնյան պնդում է, որ Զելենսկին համաձայնել է օգտագործել այդ պլանը որպես բանակցությունների հիմք, քանի որ գիտեր, որ չի կարող պարզապես հրաժարվել։ Ճնշումը ժամ առ ժամ աճում էր։
Զելենսկին ուրբաթ օրը դիմեց ուկրաինացի ժողովրդին՝ նախազգուշացնելով, որ Ուկրաինան ռիսկի է դիմում՝ «կորցնել իր արժանապատվությունը» կամ կորցնել ԱՄՆ աջակցությունը. «Նրանք մեզանից պատասխանի են սպասելու»։
Թրամփի վարչակազմի՝ առնվազն որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետքարտուղար Ռուբիոն, կարծում էին, որ իրադարձությունները շատ արագ են զարգացել և չափազանց հեռուն են գնացել։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Դրիսկոլը «իրադարձություններից առաջ է անցել»՝ «լայնամասշտաբ խաղաղ բանակցություններ» վարելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Իհարկե, ուկրաինացիներն ասում են, որ մենք փորձում ենք ստիպել իրենց գործարք կնքել Ռուսաստանի հետ։ Նրանք հենց այդպես են վարվում։ Դա բացարձակ ճիշտ չէ։ Բայց մեզնից մի փոքր առաջ անցան», – ասել է պաշտոնյան։
Ինքը՝ Թրամփը, Գոհունակության օրը որպես ստորագրման օրվա վերջնաժամկետ հայտարարեց՝ մասամբ Զելենսկու նկատմամբ ունեցած իր դժգոհությունից դրդված։
Ըստ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի՝ ուրբաթ օրը նախագահը հասկացավ, որ իրավիճակը չափազանց խճճված է դառնում։ Նա Ռուբիոյին ուղարկեց Ժնև՝ Ուիթկոֆի, Քուշների և Դրիսկոլի հետ միասին։
Ռուբիոյի հրապարակային և մասնավոր հայտարարությունները որոշակի շփոթություն առաջացրեցին այն հարցում, թե որքանով էր ԱՄՆ պլանը լուրջ, և ինչպես էր ինքը վերաբերվում դրան։ Այնուամենայնիվ, Շվեյցարիա ժամանելուն պես Ռուբիոն ուկրաինական թիմին հայտնեց, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ հանդիպել, քանի դեռ հայտարարություն չի արվել այն մասին, որ դա ռուսական պլան չէ, և որ ուկրաինացիները դրանում ներդրում չունեն։
Ամերիկյան կողմը ուկրաինացիներին մեղադրեց մամուլում բացասական արտահոսքերի համար։ Ուկրաինացիները համաձայնեցին հանդես գալ պոզիտիվ հայտարարությամբ՝ իրավիճակը պարզելու համար։
Սակայն Կիևի համար ամեն ինչ այնքան էլ վատ չէր. նախ, ամերիկացիները սկսեցին 28 կետերը անվանել «շրջանակային ծրագիր», այլ ոչ թե վերջնական առաջարկ։ Երկրորդ, հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը պատրաստակամություն հայտնեց ներառել ուկրաինական հակաառաջարկների որոշ տարրեր։
Թեև երկու կողմերն էլ լավատեսական հայտարարություններ արեցին Ժնևում կիրակի օրվա բանակցությունների արդյունքներով, բազմաժամյա հանդիպումները լարված էին։ Ռուբիոն այն անվանեց «հարցի լուծման ամենաարդյունավետ օրը»։
Վերադառնալով Վաշինգտոն՝ Թրամփը ուկրաինացիներին մեղադրեց անշնորհակալ լինելու մեջ։
Ինչ վերաբերում է Գոհունակության օրվա (Thanksgiving Day) սահմնաված վերջնաժամկետին, Ռուբիոն հայտարարեց, որ իրական նպատակը «որքան հնարավոր է շուտ» գործարք կնքելն է։ Եթե բանակցությունները հաջող լինեն, Թրամփն ու Զելենսկին կարող են հանդիպել այս կամ հաջորդ շաբաթ։ Ամսաթիվը դեռ որոշված չէ։
Հրապարակման պատրաստեց՝ 168.am-ը

