«Արաբական գարնան» սցենարները գրվել են Հայաստանում, անգամ գիտեմ՝ Ծաղկաձորի որ հյուրանոցում. Աբրահամ Գասպարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Սրանց ցայտնոտը ճնշման արդյունք է, ինչը կարող է լինել և՛ ներսից, և՛ ռեգիոնից, և՛ գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոններից։
- Ուկրաինա, Հարավային Կովկաս, Միջին Ասիա․ սրանք այն երեք կետերն են, որոնցով Արևմուտքը նպատակադրված է թուլացնել Ռուսաստանին։ Այս ծրագրի մաս է TRIPP նախագիծը, որից ուզում են Ռուսաստանին դուրս թողնել։
- Ադրբեջանը գնում է դեպի Միջին Ասիա, Թուրքիան գնում է հակառակ ուղղությամբ, իսկ մենք մնում ենք ձեռնունայն։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան նշանակում է, որ այստեղ ընթանում է պրոցեսի արագացում։
Հիշեցնենք. ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպման ժամանակ Ադրբեջանը ստացել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումների լիիրավ անդամի կարգավիճակ։ Իսկ նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի նստավայրում՝ Սպիտակ տանը, «C5+1» ձևաչափով տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և կենտրոնասիական պետությունների՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում Դոնալդ Թրամփն «ամերիկյան այլընտրանք» է առաջարկել ավանդաբար դեպի Ռուսաստան, իսկ վերջին տասնամյակներին՝ նաև դեպի Չինաստան կողմնորոշվող կենտրոնասիական երկրների ղեկավարներին՝ հազվագյուտ մետաղների և հանքանյութերի հանքավայրերի շահագործման մասին խոշոր գործարքների և առևտրային համաձայնագրերի տեսքով։

- TRIPP նախագիծը լայն հասկացություն է․ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» ընդամենը դրա՝ Հայաստանով անցնող հատվածն է։ Նիկոլ Փաշինյանը հստակ ճնշումների տակ է, և դա է պատճառը, որ նա չի կարողանում ոչ մի շոշափելի արդյունք ձեռք բերել։
- Ես շատ լավ հիշում եմ այն ձայնագրությունը, որ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակվեց 2021թ․ արտահերթ ընտրություններից առաջ, և մեր փորձագետները խնդիր ունեին ցույց տալ, թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը, որ իրեն դրսում չպետք է գժի տեղ դնի, բայց իր քարոզիչները դա փաթեթավորեցին այնպես, թե՝ տեսե՛ք, ինչ խոհեմ ղեկավար է։ Խոհեմությունը, փաստորեն, Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն Օգոստոսի 8-ով փոխարինելն էր։
- Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերագրվող ձայներն անձնական, անձի ազգանվանը վերագրվող ձայներ են, իսկ իրականում մի փոքր լավ աշխատանքի դեպքում հնարավոր էր հաղթել նրան։ Ընդդիմության թեկնածուն ընդամենը 700 ձայնով էր զիջում:
- Եվրոպան տնտեսական խորը ճգնաժամի մեջ է։ Գերմանական ընկերությունների փախուստը, գերմանական ընկերությունների մասնաբաժինը ՀՆԱ-ում, Ֆրանսիայում ուկրաինական ծախսերի բեռը, նույնը՝ Գերմանիայում, դրա վառ ապացույցն են։ Այս բեռը թոթափելու, վերականգնվելու համար Եվրոպային առնվազն 7-10 տարի ժամանակ է պետք։ Հիշենք նաև, որ Ռուսաստանի ջանքերով Աֆրիկայից դուրս մղվեց ֆրանսիական տնտեսական ներուժը։ Եվրոպան միլիտարիզացնում է իր տնտեսությունը և մեզ տանում 70-80 տարի հետ։ Սա ասում եմ, որպեսզի հասկանալի դառնա՝ Եվրոպան որևէ հետաքրքրություն չունի ընդլայնվելու համար, որ Հայաստանին տանի, ու ավելացնեն իրենց բեռը։ ԵՄ անդամության թեման խայծ է՝ ժողովրդին թմրեցնելու և Ռուսաստանից Հայաստանը հեռացնելու համար։ Եվրոպան խորը արհամարհում է ԵՄ ընդլայնման ցանկացած հնարավորություն։
- Այսպես կոչված՝ «Արաբական գարնան» սցենարները գրվել են Հայաստանում, անգամ գիտեմ՝ Ծաղկաձորի որ հյուրանոցում։ 190-220 տեխնոլոգիաների մասին է խոսքը, որոնցից 30-40-ը 2018 թվականի հեղափոխության օրերին կիրառվեցին Հայաստանում։
- Ինքը դեռևս երկարաձգում է իր իշխանությունը, պասիվացնում է մարդկանց, որ հակագործողություններ չանեն։ Ամենավերջում կրկին կգործադրի «նախկին-ներկա» սցենարը։

- Մարդիկ չգիտեն՝ ինչ բան է Եվրոպան։ Մարդկանց մեծ մասը Եվրոպա ասելիս՝ սեռաշեղված պատկերացումներ ունի։
- Փաշինյանը քարտ-բլանշ ունի՝ ռեպրեսիաներ անելու։ Առավելագույն խիստ գնահատականը դրսից կլինի դատապարտումը կամ կոչ անելը, բայցև կասեն սրան՝ կիրականացնես այն, ինչ քեզ ասում են։
- Նիկոլն ընդամենը դերակատար է, մենք իրեն ենք տեսնում, բայց մեր վզին համակարգ է փաթաթված, մենք դրանից պետք է ազատվենք։
- Միացյալ Նահանգները ցանկացած ժամանակ կկարողանա բացել և փակել ցանկացած սահման։ Հայաստանը չունի որևէ դիմադրողականություն։ Մենք ունենք կամազուրկ իշխանություն․դրա համար Հայաստանն իր անվտանգությունն արտապատվիրակել է ԱՄՆ-ին, որը ցանկացած ժամանակ կարող է ճնշել Թուրքիային՝ բացել կամ փակել հայ-թուրքական սահմանը։
- Հայ-թուրքական սահմանը կարող էին բացել դեռևս 15 տարի առաջ. Թուրքիան է փակել, ինքն էլ թող բացի:
- Պետության ղեկավարը չպետք է ստախոս լինի։ Մենք գործ ունենք դասական ստախոսի, ոչ ադեկվատ ղեկավարի, քաղաքական փահլևանի հետ։ Մենք 15 տարուց ավելի գիտենք, որ նա ստախոս է, բայց հիմա պետություն է ղեկավարում, և դրսում մեզ են դատելու, պատիժը մերն է լինելու։
- 2020թ․44-օրյա պատերազմի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկը կոնկրետ հարց է տվել՝ այս պատերազմն ինչի՞ մասին է՝ հաղթանակի՞, թե՞ պարտության։ Որովհետև նրա բոլոր քայլերը ցույց էին տալիս, որ տանում է պարտության: Նիկոլն այս հարցից ընկել է հիստերիայի մեջ։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես ամեն ինչ արվեց, որ մենք գնանք պարտվելու։
Հիշեցնենք, օրեր առաջ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանեց ազդեցության գործակալներ, նշեց, որ նրանք չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում։ Ասաց, որ 2018-ի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն պետության գրպանում, որի ազդեցության գործակալներն են իր թվարկած անձինք, բայց անվանական չնշեց, թե որ երկիրը նկատի ունի։

- Ինքը թիրախում պահել է 2 գլխավոր կառույց՝ Եկեղեցի և ազգային ուժեր։ Հիմա ալեգորիկ է խոսում, չի կարող ուղիղ ասել՝ Ռուսաստանի գործակալներ են։ Երբ պլանն ամբողջացվի, ու ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերելու հարցը որոշվի, իրեն էլ անձնական անվտանգության երաշխիքներ տան, կասեն՝ հիմա այ սա՛ պետք է ասես, ու կասի։ Օրը կգա, ինքն այդ բառը կարտաբերի։ Ինքը եկեղեցուն հենց այնպես չի խփում, ուզում է հիմքերը տանել դեպի ԽՍՀՄ, Ռուսաստան ու վարկաբեկել։
- Հայաստանն աշխարհաքաղաքական ընտրության առաջ է կանգնած․ եթե Փաշինյանն ընտրի ռուսական ուղին, բնականաբար, իրեն իշխանության բերողները վերացնելու են հետքերը։ Բայց սա ընդգծված արևմտյան դիրքորոշում որդեգրեց, և Ռուսաստանը սա անհետևանք չի թողնելու։ Սա ընդունակ է անգամ TRIPP ծրագիրն արտապատվիրակել Ռուսաստանին, միայն թե մնա իշխանության։
- Թուրքիան հենց այնպես ոչինչ չի ասում․նա Ադրբեջանին հասկացրեց՝ թանկ եմ ծախում Ղարաբաղում իմ աջակցությունը։ Թուրք գործարարների շրջանում լուրջ դժգոհություն կա Ադրբեջանի քաղաքական և տնտեսական էլիտաներից։
- Թուրքերի հետ լեզու գտնել՝ չի նշանակում թուրքերի տակ պառկել ու կատարել այն ամենը, ինչ որոշում են Անկարայում։ Մյուս կողմից՝ պետք է գտնել հակազդեցության մեխանիզմներ, որովհետև Թուրքիան էլ լավ վիճակում չի գտնվում։ Տնտեսական վիճակը վատ է, կա քրդական հարց, Սիրիա, Մերձավոր Արևելքի նոր քարտեզագրման օրակարգ։ Եթե դու այս ամենը հաշվի չես առնում, նշանակում է՝ դու սնանկ պետություն ես։ Եթե դու սա հաշվի չես առնում, ակամա դառնում ես պանթուրանական ազդեցության գործակալ։
- Այն քաղաքականությունը, որն Էրդողանն ընդդիմության հանդեպ վարում է Թուրքիայի ներսում, նույնությամբ կրկնում է Նիկոլ Փաշինյանը։ Մի միլիմետր շեղում չկա։
- Սրա ձեռքը ով մի անգամ սեղմել է, կապ չունի՝ մարզի՞կ է, թե՞ կլասիկ քաղաքական գործիչ, վե՛րջ, կործանվել է։

- Սրանց հետ երկու բանի չի կարելի գնալ՝ ընտրություն և պատերազմ, որովհետև երկու դեպքում էլ պարտվելու ենք։ Մյուս կողմից՝ ընտրության չես գնում, բա ի՞նչ ես անում։ Սրանք պետք է իշխանազրկվեն, և եթե պետք է, նաև փողոցային պայքարով։ Սա ամեն ինչ անելու է, ռեպրեսիաների մեծ ալիք է լինելու, բոլորին բռնելու է, վարչական լծակներն իր ձեռքում են, ընտրություններում մեծ թիվ է նկարելու, և ընդդիմությունը լեգիտիմացնելու է իր մասնակցությամբ։ Եթե սա վերընտրվեց 2026թ.-ին, Հայաստան պետություն չի լինելու, և նվազագույնը 300-400 000 մարդ արտագաղթելու է։
- ՀԷՑ-ը ազգայնացրեցիր, ի՞նչ ես անելու։ Կառավարել չես կարող, էդքան հմտություն չունես։ Թուրքերին ինքը չի տալու, էդքան միամիտ չէ, կվախենա հակազդեցությունից։ Կգտնի երրորդ երկրի կազմակերպություն։ Սրանց համար փողը դարձել է կյանքի նպատակ։
- Թուրքական կապիտալը մուտք է գործել նաև Հայաստանի կառուցապատումների մեջ: Ես երկու արաբական կազմակերպություն գիտեմ այստեղ աշխատող, որոնց փայատերերը Թուրքիայից են՝ Անկարայից ու Դիարբեքիրից։ Հիմա ես ի՞նչ մտածեմ։

