Մասիս համայնք ունի նոր համայնքապետ՝ 15 ձայնով Նորայր Հակոբյանը ընտրվեց համայնքապետ

Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում միաձայն համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, որը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։ Նա ստացավ ավագանու անդամների 15 ձայն։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։
Հավելենք, որ Նորայր Հակոբյանը 2018թ․ մի քանի ամսով ղեկավարել է Մասիս քաղաքը, երբ Դավիթ Համբարձումյանը (այն ժամանակ Մասիսի քաղաքապետ` խմբ․) կալանավորվել էր 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:

Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։
Մասիսի համայնքապետը հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։

Տեսանյութեր

Լրահոս