Հայաստանն աղքատանում է

Այս օրերին Ազգային ժողովում ընթացող հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կառավարության անդամներն ու ՔՊ խմբակցության պատգամավորները ջանք չեն խնայում ցույց տալու, թե ինչ բարգավաճ ապագա են ապահովել Հայաստանի քաղաքացիների համար։ Թարսի նման, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ վերջին ամիսներին քաղաքացիների եկամուտները կրճատվել են։

Աշխատավարձերը ոչ միայն իրական, այլև անվանական արտահայտությամբ են նվազել։ Աշխատավարձերի տեսքով քաղաքացիների ստացած եկամուտները չեն հասցնում գնաճի հետևից, ինչը տանում է աղքատության խորացման։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա սեպտեմբերին, նաև հոկտեմբերին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 3.7 տոկոս։ Խոսքը դեռ միայն միջին գնաճի մասին է, որը, քաղաքացիները լավ գիտեն, թե ինչքանով է համարժեք  թանկացումների այն իրական ազդեցությանը, որը կրում են իրենց վրա։ Բայց թանկացումների իրական ազդեցությունը մի կողմ թողնենք։ Անգամ 3.7 տոկոս միջին գնաճի պարագայում քաղաքացիներն աղքատացել են, որովհետև աշխատավարձերի տեսքով ստացվող նրանց եկամուտները գնաճից ավելի դանդաղ են աճել։

Պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ անցած տարվա համեմատ՝ այս տարվա սեպտեմբերին միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 3.2 տոկոսով, մասնավոր հատվածում, որտեղ զբաղված է աշխատողների մեծ մասը, նույնիսկ ավելի քիչ՝ հազիվ 2.5 տոկոսով։  Այնինչ՝ միջին գնաճը կազմել է 3.7 տոկոս։

Կարդացեք նաև

Գնաճի տեմպը 0.5 տոկոսային կետով ավելի բարձր է եղել, քան միջին աշխատավարձն է ավելացել։

Սա նշանակում է, որ իրական արտահայտությամբ, այսինքն՝ գնաճի ազդեցությունը հանած, տեղի է ունեցել աշխատավարձերի նվազում։

Եթե համարենք, որ սա համաչափ է արտահայտվել բոլոր աշխատողների վրա, ապա նրանք սկսել են ավելի վատ ապրել, քան ապրում էին 1 տարի առաջ։ Սրա մասին ՔՊ-ականներն, իրենց ղեկավարի գլխավորությամբ, բնականաբար, չեն խոսում, բայց առիթի դեպքում չեն դադարում կրկնել, թե կյանքը Հայաստանում 50 տոկոսով լավացրել են։

Սննդամթերքի գնաճը մասին էլ չենք խոսում, որը պաշտոնական տվյալներով՝ անհամեմատ ավելի բարձր է, քան միջին աշխատավարձի աճը։

Սննդամթերքի գնաճը սեպտեմբերին գրեթե կրկնակի բարձր է եղել միջին աշխատավարձի աճից։

Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, պաշտոնական տվյալներով, Հայաստանում միջին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 8800 դրամով։

Եթե սպառողները մտովի համեմատեն իրենց ծախսերը նախորդ տարվա սեպտեմբերին ու այս տարվա սեպտեմբերին, հաստատ ծախսերի շատ ավելի մեծ տարբերություն կարձանագրեն, քան աշխատավարձերն են աճել։ Հատկապես որ, աշխատավարձերի աճը բոլորին չի վերաբերում։

Աշխատողների մի հատված կա, որոնց մոտ աշխատավարձերը ոչ միայն չեն ավելացել, այլև բավական կտրուկ նվազել են։ Դա վերաբերում է, մասնավորապես, 10-50 աշխատող ունեցող ընկերություններում զբաղված քաղաքացիներին։ Նման ընկերությունների պարագայում պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է միջին անվանական աշխատավարձի ավելի քան 14.000 դրամով նվազում։ Եթե անցած տարվա սեպտեմբերին այս ընկերություններում զբաղվածների միջին աշխատավարձը 249.500 դրամ էր, այս տարվա սեպտեմբերին դարձել է 235.400։

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ ասենք, որ այդպիսի ընկերություններում զբաղված են շուրջ 198 հազար քաղաքացիներ։ Ու այդ քաղաքացիների անվանական աշխատավարձերը վերջին 1 տարում ավելի քան 14 հազար դրամով նվազել են։

Նրանք կազմում են աշխատանք ունեցող քաղաքացիների գրեթե 25 տոկոսը։

Ավելի փոքրերի մոտ էլ, որտեղ աշխատավարձերը համեմատաբար ցածր են, անվանական միջին աշխատավարձը վերջին 1 տարում ավելացել է ընդամենը 2.1 տոկոսով կամ 3000 դրամով։ Հայաստանում այդպիսի շուրջ 147.000 աշխատող կա, որոնց միջին աշխատավարձը, առանց հարկման, կազմում է ընդամենը 141.000 դրամ։ Հարկումից հետո կկազմի գրեթե 100 հազար դրամ։

Աճել են ավելի բարձր վարձատրություն ստացողների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ երկրում արդեն տևական ժամանակ նկատվող սոցիալական բևեռացումը շարունակում է խորանալ։ Հետո էլ կասեն, թե ինչպես է ստացվում, որ տնտեսությունն այսքան աճում է, առևտրի շրջանառություններն ու բյուջեի եկամուտներն այսքան ավելանում են, բայց աղքատությունը համարժեք չի նվազում։

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում մեկ այլ երևույթ էլ է նկատվում. Չնայած, պաշտոնական տվյալներով, տնտեսական ակտիվության տեմպերը գնալով ավելանում են, միջին աշխատավարձը գնալով նվազում է։

Սեպտեմբերին անվանական արտահայտությամբ միջին աշխատավարձը Հայաստանում ավելի ցածր է եղել, քան անգամ մայիսին։ Հաջորդող ամիսների մասին էլ չենք խոսում, որոնց նկատմամբ տարբերությունը շատ ավելի մեծ է։

Միջին անվանական աշխատավարձը վերջին մի քանի ամիսներին նվազել է, իսկ բազմաթիվ առաջնային ապրանքներ հետևողականորեն թանկացել են։

Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, արևածաղկի բուսական յուղը թանկացել է 18.6 տոկոսով, կարագը՝ 12.3 տոկոսով, ձուկը՝ 16 տոկոսով, շոկոլադը՝ 12 տոկոսով, սուրճը՝ 12.6 տոկոսով, կակաոն՝ ավելի քան 25 տոկոսով, մակարոնեղենը՝ 8.2 տոկոսով, ալյուրը՝ 6 տոկոսով, խոզի միսը՝ 9.9 տոկոսով, գառան միսը՝ 10.6 տոկոսով։

Արժե հիշեցնել, թե թանկացումների հետ կապված՝ ժամանակին ինչպես էր նախկիններին նախատում Նիկոլ Փաշինյանը։ Ասում էր՝ կարագը թանկացե՞լ է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել, որ, գառան միսը թանկաց՞ել է, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք՝ ինչ օգտակար է կանաչ սոխը, որևէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացե՞լ է՝ է, սխտոր կերեք, ձեր ցավը տանեմ։

Այսօր, երբ կարագը, գառան ու խոզի միսը, նաև խառը կանաչին ու կանաչ սոխը, էլի բազմաթիվ կենսական ապրանքներ էապես թանկացել են, ու շատերն իրենց ստացած չնչին աշխատավարձերով դրանք գնելու հնարավորություն չունեն՝ Նիկոլ Փաշինյանը նույն էնտուզիազմով այլևս Ազգային ժողովի ամբիոնից, իբր ժողովրդի շահերի պաշտպան, կոկորդ չի պատռում։ Հանգիստ վայելում է վարչապետի աթոռը՝ անտեսելով ժողովրդին էլ, ժողովրդի հոգսերն էլ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս