Եթե իմ հասցեին շատ հերյուրանքներ լինեն, բաց նամակով կդիմեմ Ալեն Սիմոնյանին. «Հրապարակ»
«Հրապարակ». Արագածոտնի թեմի ութ հոգեւորականների եւ Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան սպասավորների երեկ կանչել էին Քննչական կոմիտե։ Որոշ հոգեւորականների էլ կանչելու են այսօր՝ նոյեմբեր 14-ին։ Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ուրբաթ օրն են իրեն կանչել, սակայն ինքը կգնա երկուշաբթի՝ 16.00-ից հետո։
«Փաստաբանս վաղը նիստի է լինելու այդ ժամին, ես էլ առանց փաստաբանի չեմ ուզում գնալ։ Դառը փորձ ունեմ, չափից դուրս անհարգալից իրենց վերաբերմունքից հետո մտածում եմ՝ խելամիտ չի լինի առանց փաստաբանի գնալ։ Մենք միշտ մտածել ենք, որ մեր հայրենի իշխանություններն են, Եկեղեցու հանդեպ հարգանք ու պատկառանք կա, բայց այս վերջին անգամ հասկացա, որ մեր հայրենի իշխանությունները չեն, այլ կամակատարներ են, որ դրսից տերեր ունեն։ Հավանաբար, դրանց հաշվետվություն պիտի տան, եւ անարխիկ վիճակ է։ Սրբազան հայրն արդեն 2 ամսով կալանավորված է, բայց ես նույնիսկ չգիտեմ, թե երկուշաբթի ինչ թեմայով կլինի իմ հարցաքննությունը, որովհետեւ իրենք դեռ չեն կողմնորոշվել, թե Սրբազանին ինչ հոդվածով դատեն»,- ասաց Տեր Վրթանեսը։ Խոսքն Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի մասին է:
Տեր Վրթանեսը նկատում է, որ այս իշխանությունները հոգեւորականներին ձերբակալում են, հետո են որոշում, թե ինչ հոդվածով կալանավայրում պահեն ու դատեն։ «Փառք Աստծո, կիրակի օրով առավոտյան 9-ին չեն կանչել, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք, մանավանդ Արթուր Պողոսյանից շատ շնորհակալ եմ, որովհետեւ ինքն ասում է, որ քննչականի աշխատակիցների այդ անհարգալից պահվածքն ինքը չի կիսում, ինքը բարի, դրական անձնավորություն է։ Քննիչներն ինքնագործունեությամբ են զբաղվում, երբ մտնում են, տանդ առարկաները թափում են հատակին, քեզ չեն թողնում հագուստ հագնել, զանգի իրավունքից են զրկում կամ նորմալ չեն կերակրում, պարզվում է` քննչականի պետի մեղքով չի դա լինում, այլ ներքին օղակներն են ինքնագործունեություն ծավալում»,- ասաց Տեր Վրթանեսը։
Բյուրականի եկեղեցու հոգեւոր հովիվն ասում է, որ ավելի վաղ Երեւանում անցկացված՝ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղհասարակությունների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցած ադրբեջանցի փորձագետները շատ են նեղվել մեր սարերի, բլուրների վրա տեղադրված խաչերից։ Դա նրանց դուր չի եկել․ «Ես առաջիկայում սպասում եմ, որ տարբեր տեղերում դրված խաչքարեր, խաչեր, որ դնում են լուսավորված, դրանց դեմ արշավ կլինի, մի մասն էլ հրատապ կերպով կապամոնտաժեն, որովհետեւ այդ խաչերի առկայությունն ադրբեջանցիների դուրը չի եկել, շատ դժգոհ են եղել։ Կարծում եմ՝ շուտով կլսենք, որ տարբեր տեղերում կանգնեցված խաչքարերն ապամոնտաժվում են, խաչեր են հանվում, կարծում եմ՝ շատ արագ նման երեւույթի ականատեսը կլինենք»։
Հարցին` Արագածոտնի թեմի հոգեւորականները վախենո՞ւմ են կալանավորվելուց, ասաց, որ կալանավորվելուց, քրեական գործերից չեն վախենում, սակայն դժվար են պաշտպանվում բազմաթիվ զրպարտություններից։ Վերջին օրինակը դեռ թարմ է․ Տեր Վրթանեսը կարծում է, որ ինչ-որ մեկը կարող է հայտարարել, որ Տեր Սարգիսը «խադավիկ» է եղել, եւ իրենք 2-3 ամիս կհիմնավորեն, որ այդ մարդն ընդհանրապես «խադավիկ» չի եղել, Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետն է ավարտել, լուրջ պատմաբան է, թեզ է պաշտպանել։ Մի ամիս հետո էլ մեկ ուրիշը կհայտարարի՝ ձեր հոգեւոր եղբայրը հոգեւոր կրթություն չունի, կաթողիկոսի ազգականն է, դրա համար էլ հոգեւորական է։ «Նման անպատասխանատու բաներ որ հայտարարում են, դրանք ժամանակ առ ժամանակ պտտում ու մեր դեմ են բերում։ Տարբեր հետապնդումների ենք ենթարկվում, նույնիսկ մեր էջերի գրառումների հետ կապված, ամենանենգ ձեւերով, մանիպուլյացիաներով, մարդկանց վարկաբեկելու փորձերով։ Ինձ մեկը մոտեցել է, ասում է՝ գիտեք, էն Տեր Վրթանեսի մասին լսե՞լ եք, շատ հարբեցող է, ծխամոլ է, ասում եմ՝ ճանաչո՞ւմ ես իրեն, ասում է՝ բա ո՜նց չեմ ճանաչում, անձամբ եմ տեսել՝ ինչքան է խմում, ինչքան է ծխում։ Բոլորիս հետ են պարբերաբար նման դեպքեր լինում, միայն ինձ հետ չէ։ Նույն ձեւի Տեր Մանուկի մասին էին այդպիսի բամբասանքներ տարածում, այսինքն՝ համատարած կերպով հոգեւորականների մասին ինչ հերյուրանք, ինչ բամբասանք ասես, տարածվում է»,- ասաց Տեր Վրթանեսը։
Հետաքրքրվեցինք՝ իսկ հերյուրանքների, վիրավորանքների մասով ոստիկանություն դիմելո՞ւ են, ասաց` ոչ, սակայն. «Եթե շատ կրկնվի, բաց նամակով կդիմեմ Ալեն Սիմոնյանին, ինքն է այդ հարցերով զբաղվում, ինքը որ դիմում է, այդ մարդկանց շատ արագ բերման են ենթարկում։ Եթե իմ հասցեին շատ հերյուրանքներ լինեն, բաց նամակով կդիմեմ Ալեն Սիմոնյանին, ինքը հանձնարարական կտա, ոստիկաններն իրենցով արագ կզբաղվեն, թե չէ՝ եթե ես հայց էլ ներկայացնեմ, գիտեմ, ընթացք չի լինի։ Օրենքը ծառայում է իրենց կուսակցության շահերին, միայն ՔՊ-ականներին է պաշտպանում, եթե ՔՊ-ական չես կամ իրենց թիմից չես, քեզ համար օրենքը չի գործում։ Եթե մի ՔՊ-ական քեզ ծեծի, վիրավորի, ապա վերջում քեզ կձերբակալեն»

