Իմ գործողությունները հակառակորդի հետ միշտ զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին. արդյո՞ք Արշակ Կարապետյանը նաև բանակցողի կարգավիճակում է եղել
Երեկ անդրադարձել ենք 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ իրականացվող հեռակա վարույթին և դրա ոչ իրավական հնարավոր շարժառիթներին:
Ավելի ուշ նախկին նախարարը որոշել է անձամբ արձագանքել իրեն առաջադրված այս մեղադրանքին՝ պնդելով, թե երբեք բանավոր կամ գրավոր հրաման չի տվել որևէ ուղղությամբ հակառակորդին դիրք զիջելու կամ՝ հակառակորդի առաջ գալու դեպքում չկրակելու վերաբերյալ:
«Երբևիցե գեներալ Արշակ Կարապետյանը նման հրամաններ չի տվել»,- շեշտել է նա:
Ըստ նրա, եթե ընդունենք, որ ինքը բանավոր նման հրաման տվել է համապատասխան կորպուսի հրամանատարին, ապա «կորպուսի հրամանատարն իրավունք չունի կատարել այն», եթե առկա չեն մի շարք պարտադիր հանգամանքներ:
«Առաջին՝ մինչև այդ հրամանը չդառնա ԳՇ պետի հրաման, երկրորդը՝ կորպուսի հրամանատարն անմիջապես պետք է զեկուցի ԳՇ պետին, որ ստացել է այսպիսի հրաման, ինչ անի: Եթե ԳՇ պետն ասում է՝ կատարել, դա ստացվում է ոչ թե իմ հրամանը, այլ ԳՇ պետի: Բացի դա, միևնույն է՝ Գլխավոր շտաբի պետը պիտի տար գրավոր հրաման: Մինչև չլիներ գրավոր հրամանը, իրավունք չունեին կատարել, եթե հրամանատարը հիմք է ընդունել բանավոր հրամանը և կատարել է, ուրեմն՝ հանցագործը նա է»,- մանրամասնել է Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ ըստ ԶՈՒ կառուցվածքի, զորքերը ենթարկվել են Գլխավոր շտաբի պետին, և զորամիավորումներին հրամաններ կարող է արձակել միայն Գլխավոր շտաբը, որի տակ ստորագրում է ԳՇ պետը, այսինքն՝ ԳՇ պետի տեղակալը նման իրավասություն չուներ:
Այսինքն՝ Արշակ Կարապետյանը պատասխանատվության սլաք է որոշակիորեն ուղղում ԳՇ պետին, այն ժամանակվա և համապատասխան բանակային կորպուսի հրամանատարին:
Նշենք, որ նշված ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր, որը, հնարավոր է՝ կարգավիճակային այս հանգամանքով պայմանավորված, անցնում է գործով որպես վկա, պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, իսկ ինչ վերաբերում է կորպուսին, ապա խոսքն այդ ժամանակ դեռ գործող ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի մասին է, որի հրամանատարը գեներալ Ժիրայր Պողոսյանն էր. այս պաշտոնից նա ազատվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին, իսկ նշանակվել էր 2018 թվականի հունիսի 18-ին: Ավելի ուշ առաջին կորպուսի բազայի վրա (նաև՝ 4-րդ կորպուսի միաձուլմամբ), այսպես ասած, կազմավորվել է Հատուկ բանակային կորպուսը:
Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր տեսաարձագանքում նաև պնդել է.
«Իմ գործողությունները հակառակորդի հետ միշտ զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին: Բացի դրանից, եթե նույնիսկ դիրքը փոխվել է, ԳՇ պետը պետք է նորից տար հրաման, պետք է զեկուցեր ԱԽ-ում: Ի՞նչ են զեկուցել, որ Կարապետյան Արշակը բանավոր հրաման է տվել, դրա համար հետ են գնացե՞լ»:
Թե ով որքանով է ճիշտ, արդյոք իրականում դիրքերը լքելու բանավոր հրաման տրվե՞լ է, թե՞ոչ, դեռ բացահայտումներ կլինեն: Սակայն հստակ է՝ կան հստակ կանոնադրական օրենքներ, այսպես ասած, աստիճանակարգություն, և եթե դա խախտվել է, ապա դա վկայում է զինված ուժերում կառավարման լրջագույն խնդիրների մասին:
Մյուս կողմից, մի առիթով Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ բազմիցս բանակցել է ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ։ Թեև կար Արցախի թեման, բայց հնարավո՞ր է՝ ՀՀ օկուպացված տարածքների մասով նույնպես բանակցողի դերում եղած լինի պաշտպանության նախկին նախարարը, հատկապես, երբ ասում է՝ «իմ գործողությունները հակառակորդի հետ միշտ զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին», և հիմա Փաշինյանը փորձում է ինչ-որ բաներ բարդել Կարապետյանի վրա, կամ՝ փորձում է դրա համար հիմք ստեղծել:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 17-ին ԱԽ նիստի ժամանակ Փաշինյանը, մասնավորապես, հայտնել էր.
«Երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Մենք պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: Նկատի ունեմ՝ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար»:
Ինչ վերաբերում է բանավոր հրաման տալ-չտալու խնդրին, հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս հետո Փաշինյանը Սյունիքից զորքի հետքաշման հրաման էր տվել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Սյունիքում զորքի հետքաշման հրամանն անձամբ ինքն է տվել, իսկ Վաղարշակ Հարությունյանն ընդամենը կատարող է եղել, հնարավոր է՝ բանավոր հրամանի: Արդյո՞ք նման իրավունք ուներ Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք այստեղ չպետք է լիներ ԳՇ պետի՝ տվյալ դեպքում՝ Օնիկ Գասպարյանի, գրավոր համաձայնությունը, եթե, իհարկե, եղել է գրավոր համապատասխան հրաման: Այս հարցի վերաբերյալ մենք փորձել ենք պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, որտեղից մեկ անգամ ոչ հերքել են, ոչ էլ հաստատել են, մեկ անգամ էլ՝ համարել են գաղտնիք:
Այնպես որ՝ այս հարցն առավել քան պատասխանատվություն է ենթադրում, որը բավականին ծանր հետևանքների է հանգեցրել, նպաստավոր պայմաններ ստեղծել տարածքային հետագա կորուստների համար:

