Ալիևն ուղիղ ասել է, որ նախապատրաստվել է պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, իմաստը ո՞րն է ՀՀ-ի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին․ Տաթևիկ Հայրապետյան
Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ես ընդամենը ցանկանում եմ ներկայացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները, որտեղ նա պարզ ու ուղիղ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է այդ պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, հստակ ու նպատակադրված պատրաստել է բանակը, իրականացրել է ատելության քարոզ, այսինքն՝ համակարգված աշխատել է պատերազմ սկսելու համար։ Դա արել է 20 տարի շարունակ։
Հիմա սա թողած, սրան հաջորդած զավթողական ծրագրերն ու դրանց կանխման մասին զրույցը թողած՝ իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին։ Ես դա համարում եմ վտանգավոր ու վնասակար հենց Հայաստանի Հանրապետության համար»,-գրել է նա։







