«Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատուները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ վաշինգտոնյան պայմանավորվածություններով չեն սահմանափակվելու. դրանք տասնամյակներով ծանր ազդեցություն են թողնելու մեր երկրի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձևավորվող անվտանգության միջավայրի, ինքնիշխանության և տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրա:

«Հայաստանը կհաղթահարի այս ընթացքը միայն այն դեպքում, եթե պատերազմին նախորդած, բուն պատերազմի ու դրան հաջորդած ժամանակահատվածի դիվանագիտական, ռազմական, քաղաքական պայմանավորվածություններն ու դրվագները մանրամասն վերլուծվեն ու հանրայնացվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Հասկանալի է, որ դա գործող ռեժիմի իշխանավարման ընթացքում անհնար է ու դա պայմանավորված է ոչ միայն այս իշխանության՝  իրավիճակի բերումով ստանձնած կարգավիճակով, այլ նաև նրանով, որ այս 5 տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ կառավարչի միակ նպատակը փաստերի ու իրական գործընթացների «սվաղումն» ու պատերազմի ողբերգական ելքն ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործումն է:

Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատուները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակությանը և որպես օրակարգ դիտարկում ոչ թե պատերազմի հանգամանքների պարզումն ու դրանից բխող իրավական գործընթացները, այլ իշխանության երկարաձգումը: Այս շղթայական պարտությունները մեր երկրին բերել և կանգնեցրել են մի կետում, որտեղ բոլոր ընտրությունները վատի ու վատթարագույնի միջև են»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն իրականում շարժվում է «կախյալ Հայաստանի» կոնցեպտով, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի պետական և ազգային շահերն են, այլ նեղ կուսակցականը:

Կարդացեք նաև

«Գործող կառավարչին այլևս հետաքրքիր չէ սեփական երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը, որովհետև դա անորոշ հեռանկարով արդեն արտապատվիրակված է երրորդ կողմին, և որում ինքն ունի բացառապես լուռ լսելու և կատարելու գործառույթ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930