Թրամփի նոր օրակարգը՝ Կենտրոնական Ասիայում. աշխարհաքաղաքական լարումը սրվելու է նաև Հարավային Կովկասում

Վերջին օրերին Սպիտակ տանը կայացած Թրամփի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների (C5+1 ձևաչափով) գագաթնաժողովը ցույց տվեց ԱՄՆ նոր քաղաքականությունն ու դիրքավորումը դեպի Եվրասիա։

Աշխարհաքաղաքական մրցակցության ներկայիս փուլում Թրամփի վարչակազմը սկսում է կարևորել այս ռեգիոնը՝ այն դիտարկելով որպես աշխարհաքաղաքական միջանցք դեպի այլ ռեգիոններ, ինչպես նաև առանցքային տարածք, որը հարուստ է հանքային ռեսուրսներով, էներգետիկ պաշարներով, նաև՝ Չինաստան-Ռուսաստան մրցակցության և ազդեցության հանգույցով։

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց իր գործընկերներին Ուզբեկստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից և Ղրղըզստանից: Սպիտակ տունը կազմակերպեց C5+1 գագաթնաժողովը Կենտրոնական Ասիայի առաջնորդների մասնակցությամբ՝ տարածաշրջանում իր շահերն առաջ մղելու հնարավորություններն ուսումնասիրելու և առաջին պայմանավորվածությունները ձեռք բերելու համար:

C5+1 գագաթնաժողովը, որպես ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև փոխգործակցության հարթակ, գործում է 2015 թվականից: Դրա նախաձեռնողը 2013-2017թթ.  պետքարտուղար Ջոն Քերին էր: Մինչև 2023 թվականը Սպիտակ տունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ փոխգործակցում էր միայն արտաքին գործերի նախարարության մակարդակով՝ C5+1 շրջանակներում: Այժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անձամբ հանդիպել Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի առաջնորդների հետ:

Կարդացեք նաև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գագաթնաժողովը խիստ կարևոր էր համարել ԱՄՆ-ի համար: Նոյեմբերի 5-ին Կենտրոնական Ասիայի պետությունների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ նա ընդունել էր, որ Վաշինգտոնը վերջին տասնամյակում անտեսել է տարածաշրջանը և այժմ պլանավորում է շտկել դա։ Ռուբիոն հայտարարել էր, որ Սպիտակ տունը մտադիր է զարգացնել փոխադարձ առևտուրը հետխորհրդային երկրների հետ։

Վերլուծաբանների գնահատմամբ, նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովն արդյունավետ էր Միացյալ Նահանգների համար։

Ամերիկացիները դեռևս մեկ ամիս առաջ էին հաստատել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանակցությունների ժամանակ Ուզբեկստանի և Ղազախստանի հետ ձեռք բերված համաձայնությունները։ Այդ ժամանակ Ղազախստանը ստորագրել էր 4 միլիարդ դոլարի համաձայնագիր՝ ամերիկյան բեռնատար գնացքաքարշ գնելու համար և համաձայնեց համագործակցել Թենգիզի և Կարաչագանակի հանքավայրերում նավթի արդյունահանման հարցում: Ուզբեկստանը պարտավորվեց ամերիկացիներից գնել Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռներ 8,5 միլիարդ դոլարով:

Ավելին, կողմերը համաձայնեցին իրականացնել ավելի քան 100 միլիարդ դոլարի համատեղ նախագծեր:

Նոյեմբերի 6-ին Ղազախստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման վերաբերյալ: Վաշինգտոնին հազվագյուտ մետաղներ և ուրան են անհրաժեշտ՝ իր միջուկային էներգետիկայի և ռազմական արդյունաբերության գործունեությունն ու զարգացումն ապահովելու համար:

Բանակցություններից հետո Թրամփը հայտարարեց, որ Ուզբեկստանը կդառնա ԱՄՆ ներդրող՝ երկրի հիմնական ոլորտներում ներդնելով մոտ 135 միլիարդ դոլար։ Նա նաև հայտարարեց, որ Ղազախստանը կստորագրի Աբրահամի համաձայնագրերն Իսրայելի հետ։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է Կենտրոնական Ասիայում համագործակցության հիմնական շեշտը դնել տնտեսական համագործակցության վրա՝ առաջարկելով ներդրումներ էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում, որով ծրագրում է ամրապնդել իր տնտեսական ներկայությունը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև նվազեցնելով և մրցակցելով Ռուսաստանի ու Չինաստանի՝ այդ ռեգիոններում ազդեցության ու պրոյեկտների հետ:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ սա պետք է դիտարկել նաև մեկ այլ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական շղթայի մեջ՝ ԱՄՆ-ի համար այս ռեգիոնը կարևոր է՝ որպես ազդեցության գոտի՝ կապող օղակ, դեպի Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք։

«Ուստի պատահական չէ, որ այս ուղղությամբ ԱՄՆ-ը ակտիվանում է հենց այն փուլում, երբ Հարավային Կովկասում ակտիվորեն քննարկվում են ճանապարհներն ու ապաշրջափակման սխեմաները: Եվ տրամաբանական է, որ այս զարգացումներն առնչվում են նաև Հարավային Կովկասին, որտեղ ԱՄՆ-ը փորձում է ամրապնդվել քաղաքականապես, նաև՝ տնտեսապես, որի ապացույցն ԱՄՆ նախագահի պայմանավորվածություններն էին Հայաստանի ու Ադրբեջանի հետ:

Այս տարածաշրջաններն այնպիսի աշխարհագրական դիրքավորում ունեն, որ ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի ենթակառուցվածքային նախաձեռնությունները կարող են կապվել միմյանց, հատկապես, երբ քննարկվում է Միջին միջանցքի գաղափարը և այլ խոշոր պրոյեկտներ: Բնականաբար, սա նաև ռիսկեր է պարունակում, քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանը և Չինաստանը չեն ցանկանա կորցնել ազդեցությունն իրենց անմիջական հարևանությամբ և արձագանքելու են ԱՄՆ-ի այս նկրտումներին տնտեսական կամ քաղաքական քայլերով, որը մեծացնելու է աշխարհաքաղաքական լարումը: Եվ նման իրավիճակում տարածաշրջանային երկրների համար գլխավոր մարտահրավեր է դառնում՝ չդառնալ աշխարհաքաղաքական մրցակցության գործիք»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը:

Նա գտնում է, որ Թրամփի և Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովը կարելի է դիտել որպես ԱՄՆ-ի փորձ՝ հաստատվել Եվրասիական տարածքում տնտեսական շահերի միջոցով։ «Այս քաղաքականությունը դեռևս վաղ փուլում է, այն կարող է շատ խնդիրների ու մարտահրավերների հանդիպել, և սա, կարելի է ասել, որ նոր փուլ է լինելու այս ռեգիոնի համար, քանի որ տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ը չի եղել այս ռեգիոնում և ներկայումս նման հայտ է ներկայացնում, որը մարտահրավեր է Ռուսաստանի ու Չինաստանի համար: Ակնհայտ է, որ լինելու է արձագանք և սրվելու է մրցակցությունը Կենտրոնական Ասիայից մինչև Հարավային Կովկաս և ավելի հեռու»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս