«3000 քառակուսի մետր վարդի ջերմոցը որևէ հարց չի լուծում, Գառնիում հեկտարներով վարդի ջերմոցներ կան». Ջերմոցատեր
Օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Աջակցում են տնտեսվարողներին՝ Արարատի մարզի Մխչյան բնակավայրում փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով հիմնվել է 3000 քառակուսի մետր վարդի ջերմոց»։
Սա նույն այն գյուղն է, որտեղ 2024 թվականի վերջին վարդի ջերմոցներ ունեցող բնակիչները փակել էին գյուղի ճանապարհը, նրանց բողոքին միացել էին նաև հարակից գյուղի բնակիչները, քանի որ ջերմոցները չէին կարողանում գազով ջեռուցել՝ գազի հաշվիչների վրա փականներ էին դրվել։ Մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնելուց հետո բնակիչներն, իհարկե, բացեցին ճանապարհը, հետո նրանցից տեղեկացանք, որ հարցն ամբողջովին չի լուծվել, սակայն առաջարկել են, որ գազի գծերը հզորացնեն, որպեսզի կարողանան ջերմոցային տնտեսություններն աշխատեն։
Մխչյան գյուղի բնակիչ, վարդերի ջերմային տնտեսությամբ զբաղվող Անդրանիկ Բարսեղյանի խոսքով՝ 3000մ² վարդի ջերմոցն ի՞նչ է, որ դրա համար էլ հայտարարություն են տարածում, ավելի մեծ ջերմային տնտեսություններ կան, այդ թվում՝ Գառնիում։
«Չգիտեմ էլ՝ դրանք ինչ ջերմոցներ են, ես էլ ձեզ նման միայն լսել եմ, ասում են՝ ինչ-որ պետական սուբսիդավորմամբ ստեղծված ջերմոցներ են։ Բայց այս պահին մեր խնդիրը ոչ թե դա է, այլ այն, որ այնպիսի աշխատանքներ տանեն, որպեսզի մեր մշակած վարդերը կարողանանք հանգիստ արտահանենք։
Բան չունեմ ասելու, այս պահին արտահանումը նորմալ է՝ «թու-թու», հիմնական արտահանումն անում ենք Ռուսաստան, Վրաստան։ Բայց ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի»,- 168.am–ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։
Ջերմոցատերն ասաց, որ եթե արտահանման խնդիր չեն ունենում, գազը նորմալ օգտագործում են, ապա կարողանում են ջերմոցների համար վերցրած վարկը փակել ու չմնալ պետության հույսին։
«Հիմա էլ են արտահանում ծաղիկներ, կլոր տարին եթե խնդիր չլինի, ծաղկի արտահանումը կա։
Մեզ համար նաև խնդիր էր, որ Իրանից ու Թուրքիայից էին ներկրում ծաղիկներ, գոնե այս պահին չկա, լավ է։
3000մ² վարդի ջերմոցը որևէ հարց չի լուծում, գնացեք Գառնիում տեսեք՝ հեկտարներով վարդի ջերմոցներ կան, իմ հիշելով՝ 22 հեկտար է։ Այս 3000-ը 22 հեկտարի մոտ չնչին մի բան է։ Նման մեծ ջերմոցներ՝ հեկտարներով, շատ կան, այս 3000 մետրը որոշիչ չէ»,- ընդգծեց նա։
