Թուրքիայի ռազմարդյունաբերությունն ընդգրկվել է գերտերությունների շարքում
Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի արագ զարգացող ռազմական արդյունաբերությունն ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ռազմական արդյունաբերական ընկերությունների առաջատար 20-ի մեջ՝ ընկերությունների շուկայական արժեքների հիման վրա կազմված միջազգային վարկանիշում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ցանկում ընդգրկված է թուրքական «ASELSAN» ընկերությունը՝ շուրջ 27․82 մլրդ դոլար շուկայական արժեքով՝ առաջ անցնելով մի շարք միջազգային հսկաներից և ամրապնդելով Թուրքիայի դիրքերը գլոբալ ռազմական արդյունաբերության շուկայում։
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր ընկերությունների գերակայությամբ ցուցակում «ASELSAN»-ը դարձել է միակ թուրքական ընկերությունը, որը տեղ է գտել առաջին 20-յակում։
Միջազգային գնահատականների համաձայն՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերության զարգացումը նկատելի է նաև արտահանման ոլորտում, որտեղ վերջին տարիներին արձանագրվել է աճ՝ նոր տեխնոլոգիաների ներդրման և արտաքին շուկաներում ներկայության ընդլայնման հաշվին, ինչը միաժամանակ ուժեղացնում է երկրի ռազմավարական և տնտեսական դիրքերը։
