Ճարպակալման դեմ դեղամիջոցների ընդունումը դադարեցնելուց հետո կորցրած քաշը կարող է արագ վերականգնվել․ հետազոտություն
Օքսֆորդի համալսարանի գիտնականների իրականացրած նոր ուսումնասիրության համաձայն՝ քաշի կորստի համար նախատեսված դեղամիջոցներ օգտագործող մարդիկ կարող են բուժումը դադարեցնելուց հետո արագ վերականգնել կորցրած քաշը․ գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ սկզբնապես կորցրած քաշը կարող է վերականգնվել երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում, ինչը զգալիորեն ավելի արագ է, քան քաշի կորստի համար մշակված ցանկացած այլ ծրագիր, օրինակ՝ սննդակարգի փոփոխություն և ֆիզիկական ակտիվություն։
Ճարպակալման դեմ օգտագործվող դեղամիջոցները, որոնք հայտնի են որպես GLP-1 ագոնիստներ, սկզբնապես մշակվել են շաքարային դիաբետի բուժման համար։ Դեղամիջոցները կրկնօրինակում են օրգանիզմում առկա GLP-1 (գլյուկագոնանման պեպտիդ-1) բնական հորմոնի ազդեցությունը՝ փակելով ախորժակը, ինչպես նաև իջեցնելով արյան մեջ շաքարի մակարդակը։
Օքսֆորդի համալսարանի դասախոս Սեմ Ուեսթը նշում է, որ դեղամիջոցների դադարեցումից հետո քաշի արագ ավելացումը պայմանավորված չէ դեղամիջոցների վատ կամ անարդյունավետ լինելով։ Նրա խոսքով՝ ճարպակալումը խրոնիկ վիճակ է․ ինչպես որոշ հիվանդություններ են «վերադառնում» բուժման դադարեցումից հետո, այնպես էլ քաշը հաճախ վերականգնվում է, եթե չկա բուժման շարունակական ծրագիր և երկարաժամկետ ռազմավարություն:
