Բաժիններ՝

Սիրիայի նախագահը բասկետբոլ է խաղացել ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների հետ

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և երկրի արտգործնախարար Ասադ աշ-Շայբանին բասկետբոլ են խաղացել ԱՄՆ-ի բարձրագույն ռազմական հրամանատարների հետ՝ պայմաններում, երբ երկու երկրները շարունակում են ամրապնդել իրենց հարաբերությունները, գրում է Al Arabiya-ն։

Աշ-Շարաային և աշ-Շայբանիին տեսել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերի և ԻԳԻԼ-ի դեմ միջազգային կոալիցիայի ղեկավար Քևին Լամբերթի հետ խաղալիս։

Աշ-Շայբանին Instagram-ում հրապարակել է տեսանյութ՝ մակագրելով․ «Աշխատիր ջանասիրաբար, խաղա ավելի ջանասիրաբար։ Մի քանի խաղ անցկացրինք ծովակալ Բրեդ Քուփերի և բրիգադի գեներալ Քևին Լամբերթի հետ»։

Նա չի նշել գտնվելու վայրը, սակայն հրապարակել է տեսանյութ, որտեղ աշ-Շարաան ժամանում է ԱՄՆ՝ կարևոր այցով, որի շրջանակում երկուշաբթի օրը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի վաղ աշ-Շարաան հանդիպել էր Քուփերի հետ Դամասկոսում։

Այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ի Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Թոմ Բերեքը հայտարարել է, որ աշ-Շարաան հույս ունի ստորագրել համաձայնագիր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻԳԻԼ-ի դեմ միջազգային դաշինքին միանալու վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս