ԾԱՓ ՏՎԵՔ, ԱՐԱ՛. ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՆՁՆՈՂՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ ՑՈՐԵՆ ԵՆ ԲԵՐԵԼ. ՍՐԱՆՑ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ՈՒՄ ՄԱԶԵՐԸ ԲԻԶ-ԲԻԶ ՉԿԱՆԳՆԵՆ. ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.


- Երեկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, որոշակի փակագծեր բացեց՝ կապված 2018 թվականի, Արցախյան բանակցային գործընթացի, այլ թեմաների հետ։ Խնդիրն այն է, որ 2019 թվականի բանակցային այն փաստաթուղթը, որն ինքը (Փաշինյանը,- հեղ.) սքան է անում, այն ուղարկողներն էլ ունեն, այնպես որ, այն ոչնչացնել հնարավոր չէ։ Բացահայտում էր նաև այն, որ Երևանի հետ, փաստորեն, Ադրբեջանը պայմանավորվածություն է ունեցել, թե ով է որպես գերի տարվելու Բաքու 2023 թվականին…
- Սերժ Սարգսյանը նաև առաջին անգամ խոսեց 2018-ին երկրում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ, Եվրամիության ու նրա՝ Հայաստանում դեսպան Պյոտր Սվիտալսկու դերակատարության մասին՝ չբացելով շատ փակագծեր, որովհետև նա պետականամետ մտածողություն ունեցող գործիչ է։
Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» պոդքասթի ֆորմատով տված ծավալուն հարցազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկիին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի:
«Ո՞վ էր իրեն առաջարկել։ Գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
- Նախագահ Սերժ Սարգսյանն անհամեմատ ավելի մեծ տեղեկատվության է տիրապետում, քան հատուկ ծառայությունները, որոնք բոլորը չէ, որ հրապարակման ենթակա են, և ամեն բան չէ, որ հիմա հրապարակելն օգտակար է։ Բայց նա տվեց ազդակներ, և հուսանք, որ դա չի մնա պատմաբանների հետազոտման առարկա, այլ կդառնա քաղաքագետների ու քաղաքական գործիչների ուսումնասիրման առարկա։
- Այն, որ 2018թ․իրադարձությունները, բացի ներքինից, ունեցել են նաև արտաքին շահառուներ, գաղտնիք չէ։ Եվ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին չէր էլ թաքցնում, որ դրա շահառուներից մեկն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ԵՄ-ից շնորհավորանքներ էին գալիս Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, բայց Սվիտալսկին դա թաքցրել է, ու միայն ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ նրան զանգելուց ու ըստ էության կոշտ խոսելուց հետո է այդ շնորհավորանքը փոխանցել։ Թե ո՞ր շրջանակների շահերն էր սպասարկում Սվիտալսկին, անհասկանալի է, բայց փաստ է, որ այդ շրջանում մենք գործ ենք ունեցել մի դիվանագետի հետ, ով բացահայտորեն միջամտել է մեր երկրի ներքին գործերին ու երկրում հեղաշրջում իրականացնելուն։

- Հայաստանն իր հարաբերությունները հետագայում պետք է վերանայի ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ՝ այն համատեքստում, թե ինչպես են նրանք կառուցել վերջին 10 տարիների հարաբերությունները Հայաստանի հետ։ Չի կարող Հայաստանը ԵՄ-ի հետ ունենալ նույն հարաբերությունները, ինչ 2018թ.-ից առաջ։ ԵՄ նախկին և ներկա դեսպանների գործողություններին պետք է գնահատական տրվի։
- Ադրբեջանում ընտրությունները տեղի ունեցան 2018թ․ փետրվարին, մինչդեռ դրանք պետք է տեղի ունենային 2018թ․ նոյեմբերին։ Բայց իրենք, փաստորեն, տեղյակ էին, որ ապրիլին Հայաստանում տեղի է ունենալու հեղափոխություն, որից հետո էյֆորիայի տակ՝ հայտնի չէր՝ ինչ կլիներ Ադրբեջանում։ Դրա համար առաջ գցեցին, Ալիևի ընտրություններն անցկացրեցին փետրվարին։ Ակնհայտորեն մեկը զգուշացրել էր Ադրբեջանին, և դա այն մարդիկ էինք, ովքեր նախապատրաստել էին Հայաստանի «հեղափոխությունը»։
- Ո՞վ է որոշել, որ այս երկրում գոյություն ունի քաղաքացիական հասարակություն, դա ո՞նց եք որոշել, դրա ձևակերպումը ո՞րն է, ու ո՞նց եք որոշել, որ հենց ա՛յս մարդիկ են քաղհասարակությունը, ու նրանք պիտի որոշեն՝ «Ընտրական օրենսգիրքը», ասենք, լինի՞ այս տեսքով. թե՞ ոչ… Ա՛յ բոմժ, դու ո՞վ ես, քեզ ո՞վ է բերել-դրել այդտեղ, աշխատավարձդ հանեն, տակդ ի՞նչ կմնա։
- «Փափուկ ուժի» միջոցով գունավոր հեղափոխություններ անելը նոր տեխնոլոգիա չէ, հին է։ Դրա մասին ամերիկյան մի գեներալի հուշերում խոսվում է։ Գունավոր հեղափոխության ցայտուն օրինակներ են Ուկրաինան ու Հայաստանը։ Վրաստանում հրապարակվեցին այն մարդկանց անունները, ովքեր նպաստել էին երկրի կործանմանը, ընդունեցին օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Դա շատ լավ օրինակ է։ Այն ժամանակ էր դեռևս Հայաստանում պարզ, որ այդ ցանցը վարկաբեկում է պետությունը, բանակը։
Հիշեցնենք, «Իմնեմնիմիի» եթերում Սերժ Սարգսյանն ասել է.
«Եթե 2018 թվականի իրադարձությունները չլինեին, 2-3 ամիս հետո մենք էլ էինք ընդունելու օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Ինչո՞ւ, որովհետև մինչև այդ նախադեպը չկար, միայն Ռուսաստանն էր ընդունել այդ օրենքը։ Բայց եթե չեմ սխալվում, 2018-ից 1-2 ամիս հետո Ավստրիան ընդունեց էդպիսի օրենք, և արդեն նախադեպը կար, մենք էլ կընդունեինք, և որը ճիշտ է»:
- Ոչ մեկը չի ուզում էս երկրում քննարկել՝ քանի՞ կոպեկ արժե այդ ժողովրդավարությունը, որ մեզ տարիներով ասում էին՝ որ ժողովրդավար լինեք, ձեզ լավ աչքով կնայենք, նույն Ղարաբաղի հարցում, որ արդյունքում ունենանք էս պատկերը… Ու նորից շարունակեն քարոզել, թե դուք պետք է ժողովրդավար լինեք։ Իրական ժողովրդավարությունը շատ լավ բան է, բայց այդպիսի երկիր մենք ինքներս պիտի կառուցենք, որ ինքներս որոշենք՝ ինչպիսին ենք ուզում լինել։ Պարզ է, չէ՞, որ ժողովրդավարական կառավարումն ավելի լավ բան է, քան բռնատիրականը, բայց կլինի՞ մենք դա որոշենք, ոչ թե կոնֆետի պես մեզ տան ու պարտադրեն՝ ինչ անենք, վերջում էլ ասեն՝ ծափ տվե՛ք, արա, ձեզ մոտ ավելի լավ է։ Իրենք ու Հայաստանում իրենց դրածոն որոշել են, որ լավը մի փոր հաց լափելն է։

- Երբ այս իշխանություններին հեռացնելուց հետո հրապարակվեն փաստաթղթերը, Հայաստանում մարդ չի լինելու, ում մազերը բիզ-բիզ չկանգնեն՝ տեսնելով, թե ինչպես են սրանք լափել բյուջեն, ինչի համար են կրկնակի ավելացրել պետական պարտքը։ Բոլորը զարմանալու են, թե ինչ անկուշտների հետ են գործ ունեցել։ Անպայման պետք է ՔՊ անդամների ֆինանսական ու գույքային ռեգիստր ստեղծել, որտեղ գրված կլինի՝ 2018-ից առաջ ինչ են ունեցել ու իշխանությունը թողնելու պահի դրությամբ ինչ ունեն։ Թվերով բոլորը տեսնելու են, թե ինչպես են «թալան» գոռալով՝ եկել, ու ինչքան են թալանել։ Գործ ունենք անբարոյականների հետ, ովքեր Հայրենիք են հանձնել, 5000-ից ավելի տղերքի զոհաբերել, 150 000 հոգու անտուն են թողել, հիմա էլ ասում են՝ ծափ տվեք, արա, Ադրբեջանով ցորեն է եկել։
- Հարգելի հայ ժողովուրդ, չեմ մեղադրում ձեզ, բայց էս ճշմարտությունից չես փախչի։ 2018թ․ դուք հեղափոխություն եք արել, որ հետո սրանք գան, Արցախ ու մի ամբողջ սերունդ հողին հանձնեն, որ Ալեքսանյան Սամվելն Ադրբեջանի տարածքով ցորեն բերի Հայաստան…
- «Իսկանդերը» սարսափելի զինամիջոց է, որի միջոցով կարելի էր շատ խնդիրներ լուծել, որն այս փոքրիկ դավաճանը թույլ չի տվել կիրառել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ ասելով, որ ադրբեջանցիների շրջանում շատ զոհեր կլինեն, միջազգային հանրությունը լավ չի ընկալի… «Իսկանդերը» ոչ թե չկարողացան օգտագործել, այլ չուզեցին, հայկական Շուշիի վրա կիրառեցին…
- Գործ ունենք տղամարդկային արժանապատվության դեֆիցիտ ունեցողի հետ։ Դրա հետ ի՞նչ խոսես, ո՞ւմ հետ, ինչի՞ համար․ ոնց որ պատի հետ խոսես։ Նորմալ մարդը պատի հետ կխոսի՞։
- Թյուրքերի ընկալման մեջ՝ Ղարաբաղում հաղթելով՝ իրենք պատմական հաղթանակ են տարել Ռուսաստանի նկատմամբ։ Իրենց ընկալման մեջ Ղարաբաղի հայերը հենարան ժողովուրդ էին, որոնց շնորհիվ իրենք իրենց պատմական ազդեցությունը պետք է պահեին այստեղ։ Այո՛, երբ Ռուսաստանը եկել է այստեղ, այս տարածաշրջանում հայկական գործոն չի եղել, ռուսներն այն վերաստեղծել են, իհարկե, ոչ մեր սիրուն աչքերի համար։ Իսկ ադրբեջանցիների ընկալումների մեջ դա օկուպացիա էր։
- Մեր նախնիները պարտվել են թուրքերին, որովհետև չեն հասկացել՝ ում հետ գործ ունեն, չեն հասկացել, որ այդ մարդիկ չեն եկել պարզապես թալանելու, այլ եկել են, ճիշտ է, քոչվորական մոդելով, բայց այդտեղ ապրելու։ Եվ առաջին անգամ հայերն էթնիկ զտումների ենթարկվել են՝ սկսած 11-րդ դարից, երբ այստեղ են եկել թուրքերը։ Դրանից հետո այլ արշավանքներ էլ են եղել, բայց հիմքը դա է։ Դրա հետևանքով է ամայացել հայկական լեռնաշխարհը։
- Ադրբեջանական էլիտան վերջին 30 տարում վերջնականապես որոշել է, որ իրենք թուրք են, բայց սրանց պապերն օղուզ թուրքերն են։
- Երկրի ղեկավարը միգուցե անգրագետ է, բայց պաշտպանության նախարարի ու արտաքին գործերի նախարարի պաշտոնները զբաղեցնողները պատմաբաններ են, ավարտել են ԵՊՀ-ն ու ամենևին վերջին ուսանողները չեն եղել, շատ լավ հասկանում են՝ ինչ են անում։
- Դա ո՞վ է, որ հետը բան քննարկեն․ԱՄՆ ադմինիստրացիան շատ-շատ սրա ձեռքը կարող է շուն տալ, ասեն՝ տար, ման տուր։ Դոնալդ Թրամփն ընդամենը ներքաղաքական հարց է լուծում, իր երկրի շահերն է առաջ մղում, աշխարհում տեղ է ման գալիս, որ հակամարտություն կարգավորի։

- Հայ ազգը պետք է համախմբվի, հասկանա՝ ինչ է ուզում և ուր է գնում․իսկ այդ հեռանկարի մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը չեն մտնում։
- Չե՞ք զգում, որ այն մարդկանց հետ, ում դեմ դուք ատելություն էիք գեներացրել, տեղերով փոխվել եք։ Լուրջ, չե՞ք զգում․ շուտով կզգաք։

