«Եթե հայրս ողջ լիներ, այս ամեն ինչը տեսներ, նորից կմահանար». Մանվել Գրիգորյանի դուստր

Գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը, մասնակցելու է նոյեմբերի 16-ին Վաղարշապատում սպասվող համայնքապետի ընտրություններին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ իր հայրիկի անվան հետ կապված «մաքրելու» որևէ բան չկա, քանի որ 2018 թվականից սկսած՝ մարդիկ տեսել են, որ ամեն ինչ շինծու էր։

«Խնդիր չկա ինչ-որ բան ապացուցելու, իմ հայրն իր գործով ամեն ինչ ապացուցել է։ Եթե նա ողջ լիներ ու այս ամենը տեսներ, համոզված եմ, որ նորից կմահանար, այլ բան չեմ կարող ասել, որովհետև նա մեկ կտոր հող չէր տա։ Եկեղեցու նկատմամբ ճնշումներն էլ թույլ չէր տա։ Դրա համար առաջինը նա թիրախավորվեց, այս երկրում ոչ մեկն այնպես չթիրախավորվեց, ինչպես նա»,- նշեց Այծեմնիկ Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին, Այծեմնիկ Գրիգորյանն ասաց, որ իշխանությունը ՔՊ-ի ձեռքին է, ինչպես ուզեն, այնպես էլ կանեն, սակայն 2018 թվականից հետո ժողովուրդն արթնացել է ու շատ բաներ է տեսնում։

«Քարոզարշավի գնալուց մարդիկ ինձ հետ զրուցում են, ասում են, որ՝ «մենք այն ժամանակ այլ ձև էինք մտածում, հիմա եթե ձեր հայրը ողջ լիներ, նման բան չէր լինի»։ Առհասարակ բոլոր գիտակից մարդիկ, ովքեր մեզ դիմում են, նրանց խնդիրն այն է, որ ՔՊ-ն չլինի, իսկ մնացած խնդիրները մենք գրի ենք առնում և անցնելու դեպքում դրանց կանդրադառնանք»,- ընդգծեց նա։

Կարդացեք նաև

Նշենք, որ Արծեմնիկ Գրիգորյանը Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին մասնակցելու է «Ժառանգություն» կուսակցության ցուցակով։

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր», «Մայր Հայաստան», «Հայրենիք», «Ազատ դեմոկրատներ», «Համահայկական ճակատ», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Ազգային առաջընթաց» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս