«Փաշինյանը «վերանալու» է քաղաքական դաշտից․ հասունանում է հականիկոլական ալիք»․ Նժդեհ Գարագավորյան
ՀՅԴ անդամ Նժդեհ Գարագավորյանը (Փարիզ) այն կարծիքին է, որ թեպետ Ֆրանսիայում իրենք ամեն ինչ արել են, որ տեղի իշխանություններն ունենան հայանպաստ դիրքորոշում, բայց ռազմավարական համագործակցության մասին խոսելը տեղին չէ։
«Ֆրանսիան պարզ հասկացնում է, որ իր համար էական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը, այդտեղից կարելի է եզրակացնել, թե ինչքանով է Հայաստանը Ֆրանսիայի այսօրվա իշխանությունների համար կարևոր։ Եթե մենք միայն հակառուսականության լծակ ենք, դա մեր ընկալմամբ՝ պրոհայկական կեցվածք չէ։ Ընդհանրապես, Մակրոնի կուսակցությունը շատ թույլ դիրքում է, և արդեն իրենց կառավարությունը, չեմ կարծում, թե կկարողանա լուրջ որոշումներ կայացնել»,- 168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, ասաց նա։
Փարիզում Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են, որ երկկողմ փոխգործակցությունն ունի ռազմավարական նշանակություն։
Նա շեշտեց, որ ՀՅԴ գործունեությունը Ֆրանսիայում եղել է հիմնական քաղաքապետարանների և խորհրդարանի մակարդակով, բայց ոչ նախարարների․
«Թեկուզ մենք այդպես ենք ազդել ֆրանսիական քաղաքականության վրա, մենք կարողացել ենք լուրջ խնդիրներ ստեղծել թե՛ Մակրոն-Էրդողան, թե՛ Մակրոն-Ալիև հարաբերություններում։ Տարիներ շարունակ Ֆրանսիայում ամեն ինչ արել ենք, որ Արցախի վերաբերյալ ադրբեջանական տեսլականը տեղ չգտնի ֆրանսիական հանրության մեջ, և այդ հարցում մենք հաջողել ենք։ Դժբախտաբար, վերջին 5-6 տարին մեզ փորձում են համոզել, որ մենք միայն պարտության ենք ունակ, բայց այդպես չէ։ Ալիև-Մակրոն հարաբերությունները շատ վատ մակարդակի էին հասել վերջին 5-6 տարին։ Մինչև վերջին շրջանը ֆրանսիական Total-ի հիմնական գործունեությունը չի եղել Ադրբեջանում: Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև չեն եղել լուրջ հարաբերություններ։ Բայց Նիկոլ Փաշինյանի անվերջ զիջումների գնալը, ընդհուպ՝ մինչև մեր ազգային նկարագիրը փոխելուն ուղղված ջանքերը, մեզ դարձրեց բավականին թույլ ամեն տեղ»։

Հարցին՝ այսինքն՝ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառո՞վ է Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում նկատվում սերտացում, նա պատասխանեց․
«Անշուշտ։ Երբ պատերազմի օրերին այստեղ կարողացանք Հաղթանակի կամարի հրապարակը մոտ 1 ժամ զբաղեցնել, ինձ զանգում էին Ֆրանսիայի գաղտնի ծառայության աշխատակիցներ և ասում՝ Ֆրանսիայից ի՞նչ եք ուզում։ Այդ օրերին Ֆրանսիայի խորհրդարանում որոշվել էր, որ ճանաչելու են Արցախի անկախությունը, եթե Հայաստանն այն ճանաչի։ Տեսանք՝ ինչ եղավ․ Փաշինյանը չճանաչեց Արցախի անկախությունը, իսկ 2020-ից հետո, ինչպես ասում էր՝ նշաձողը իջեցրեց զրոյից ցածր։ Հիմա Փաշինյանը շատ պարզ խոսում է Արցախի դեմ, ինչպե՞ս կարող ենք այստեղ ասել, թե Ֆրանսիան պետք է Արցախի հարցում հայանպաստ կեցվածք դրսևորի․․․ Ես դեռ չեմ խոսում Ցեղասպանության մասին, որովհետև Ֆրանսիայում ունեցել ենք երկար տարիների լուրջ աշխատանք Ցեղասպանության մերժումը կամ ժխտումը քրեականացնելու օրենքի գծով, իսկ այսօր Հայաստանում է դա արվում։ ՔՊ-ն և Փաշինյանն ամեն օր դրժում են Հայոց ցեղասպանության հարցը, և մեր արածները փոշիացնում են»։
Նա նշեց, որ Ֆրանսիայի հայ համայնքում հականիկոլականությունը հասել է բարձր մակարդակի․ «Ֆրանսիայում հասունանում է հականիկոլական ալիք․ հուսով եմ՝ հունիսին բոլորի սպասումները կարդարացվեն»։
Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ արշավին, ըստ նրա՝ Փաշինյանը փորձում է ուժայինների միջոցով բոլորին ցույց տալ, թե երկրում միակ հեղինակությունն ինքն է, ինչ ուզի՝ կանի․
«Բայց նա այդպիսով դրսևորվում է՝ որպես բռնապետ։ Երբ ժողովրդին փորձում ես ճզմել, ժողովրդի հակազդեցությունը շատ ուժեղ է լինում։ Մենք սպասում ենք հունիսյան ընտրություններին և կարծում ենք, որ այս անգամ ժողովուրդն իր ոչ-ը կասի բռնապետին․․․ Խաղաղությունը չի գալիս մուրացկանությամբ, ընտրական պայքարի միջոցով, զինվորական ծառայությունը 2 տարուց 1,5 տարի դարձնելով, ռազմական բյուջեն նվազեցնելով։ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը կեղծ է, նա առաջարկում է այն, ինչ մեզ առաջարկում էին 1800-ականների վերջերի Պոլսի հարուստ հայերը։ Կա՛մ գնում ենք պայքարի ճանապարհով և ունենում խաղաղություն, կա՛մ գնում են զիջման, ամոթի, ինքնաոչնչացման ճանապարհով․․․ Փաշինյանը «վերանալու» է քաղաքական դաշտից, նրա կուսակցությունը պարտվելու է, և մենք բերելու ենք արժանապատիվ այլընտրանք ու այդպես գնանք առաջ»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

