Հովհաննավանքում տեղի ունեցածը Նիկոլի «պռավալն» էր. Նաիրա Զոհրաբյան

Երեկ Հովհաննավանքում տեղի ունեցածը հանրությունը բնորոշում էր՝ որպես պղծություն՝ ուղղված եկեղեցուն, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի անմիջապես նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։

Եկեղեցում գտնվող քաղաքացիներից մեկը փորձեց հենց եկեղեցում բարձրաձայնել տեղի ունեցածը՝ հայտարարելով՝«Ստեփան Ասատրյան, դուք կարգալույծ եք, չե՛ք կարող պատարագ մատուցել», սակայն քաղաքացուն թույլ չտվեցին ավարտել իր խոսքը. եկեղեցում Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները մեկը փակեց քաղաքացու բերանը և նրան դուրս հանեց եկեղեցուց, ավելին՝ անմիջապես էլ հեռացրեցին եկեղեցու տարածքից։

Իրավական ի՞նչ հետևանքներ պետք է ունենա Հովհաննավանքում տեղի ունեցածը։

ԱԺ նախկին պատգամավոր, հանրային ու քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանն իրավական պետություն չէ, որպեսզի այդ ամենն ունենա իրավական հետևանքներ։ Հետևաբար, Հայաստանում կարող են տեղի ունենալ նման պղծություններ, ինչպես տեղի ունեցավ Հովհաննավանքում։

Կարդացեք նաև

«Հովհաննավանքում տեղի ունեցածն, իհարկե, Նիկոլի «պռավալն» էր. այդքան գովազդելուց, վարչական ռեսուրս կիրառելուց հետո հավաքել մոտավորապես 600-620 մա՞րդ… Այնտեղ բոլորը պետական կառույցների ներկայացուցիչներ էին, նիկոլական «սեկտայի» մի քանի առանձնյակներ, և վերջ։ Ավելին՝ ունեմ տեղեկատվություն, իհարկե, այդ մարդկանց չթիրախավորելու համար անուններ չեմ տա, որ Նիկոլի պարտադրված շոուին մասնակցելուց հետո այդ անձինք իրենց տուն չեն մտել, գնացել են քահանայի մոտ, մեղքերի թողություն են ստացել՝ իրենց գործած սրբապղծության համար։ Ես խոսում եմ առնվազն մի քանի պատգամավորների ու մեկ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի մասին, նրանք պարզապես բռնի ուժով քշվել են դեպի Հովհաննավանք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հաղթել է, իր սևեռուն մտքերը կյանքի կոչելով՝ հասավ իր նպատակին, ապա այդպես չէ՝ տեղի ունեցածը նրա «պռավալն» էր։

«Սա է պատճառը, որ Նիկոլը «կրկին փորձիր» տարբերակով նորից կոչ է անում հավաքվել Հովհաննավանքում։

Ինքս խոսել եմ շատ հոգևորականների հետ, և այն, ինչ տեղի ունեցավ Հովհաննավանքում, պղծություն էր։ Կարգը ենթադրում է, որ Նիկոլից եկեղեցին ազատագրելուց հետո, գինով ու մյուռոնով Հովհաննավանքը նորից պետք է օծվի։ Հուսամ՝ Նիկոլը հասկացավ, որ իր պատերազմն Առաքելական եկեղեցու դեմ, որը փորձում է ներկայացնել Վեհափառից ազատվելու ակցիա՝ տապալված է։ նա մարդկային այն տեսակն է, որ իմանալով հանդերձ, որ գնում է կործանման, գնալու է մինչև վերջ։ 1700 տարվա եկեղեցին այսպիսի նիկոլներ չէ, որ տեսել է, և, բնականաբար, Նիկոլի պատերազմը դատապարտված է։

Այդքան գիրք են սկսել կարդալ «Կրթվելը նորաձև է» ծրագրի շրջանակում, խորհուրդ եմ տալիս կարդան նաև Սուն Ցզիի «Պատերազմելու արվեստը», և կհասկանան, որ այն պատերազմը, որն ինքը նախաձեռնել է, ի սկզբանե ձախողման է դատապարտված»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ երեկ սուրբ Աննա եկեղեցի է գնացել, այնտեղ ավելի շատ մարդ է տեսել, քան Հովհաննավանքում բռնի ուժով բերված մարդիկ էին։

«Ինձ ասել են, որ ՀՀ բոլոր եկեղեցիները մարդաշատ են եղել։ Հայ քրիստոնյան իր խոսքն ասաց, տեսել եմ հաշմանդամության սայլակի վրա նստած մարդիկ, որ երեկ եկեղեցում էին՝ այդպես հայտնելով իրենց պրոտեստն այս սրբապղծության դեմ։

Այսօր ժողովուրդը միանշանակ պատրաստ է կազամակերպված և հստակ ճանապարհային քարտեզի դեպքում դուրս գալ փողոց։ Ցավոք, մենք չունենք  ընդդիմադիր առաջնորդություն, կան նաև նորաստեղծ նախաձեռնությունները, որոնք, ցավոք, սխալ ճանապարհով են գնում, որից մեծապես օգտվելու է Նիկոլը։ Հուսամ՝ այդ ընդդիմադիր բևեռը կձևավորվի, և թող որևէ մեկը չփորձի ժողովրդի գրպանը որևէ բան գցել։ Այսօր 10 հոգուց 8-ն ատում է այս ռեժիմին։ Սա ցուցիչ է, որ ժողովուրդը փողոցում պատրաստ է պայքարել իր իրավունքների համար, բայց ինքնուրույն չի կարող ինքնակազմակերպվել, այդպես չի եղել ոչ մի երկրում, այդպես չի եղել նաև 2018 թվականին, երբ հստակ ծրագրված էր, թե որ դագաղն ինչ գույնի թավիշ պետք է ունենա»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս