
ՈՉ ՈՔ ԹՈՂ ՎԵՐ ՉԹՌՉԻ. ՄԵԶ ՓՈՍԻՑ ՀԱՆՈՂԸ ԵԿԵՂԵՑԻՆ Է. ՀԻՇԵՔ՝ ԻՆՉ ԷՐ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ՄՈՒՀԱՄԵԴԸ. #ԴԱՍԵՐ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հոգևոր իշխանությունն ու կրոնը մնայուն արժեք են, ու այդ ինստիտուտի հետ պետք է վարվել շատ զգուշաբար և խնայողաբար։ Աշխարհիկ, քաղաքական իշխանությունն անցողիկ է, անգամ, եթե դինաստիոն է, Եկեղեցին, հոգևորը՝ մնայուն։ Հոգևոր այդ ինստիտուտի հետ չպե՛տք է գնալ կոնֆլիկտի, առավել ևս՝ մեզ փոսից հանողը հայ ազգի միասնականությունն է, որն ապահովում է Եկեղեցին։
- Ինչպե՞ս կարող են ձայնագրություններ հայտնվել իշխանական շրջանակների ձեռքին, ինչպե՞ս կարող է խուզարկություն իրականացվել եկեղեցում, առավել ևս՝ նման բիրտ մեթոդներով։
- Հայ Առաքելական եկեղեցին այն սյունն է, որի վրա կանգնած է եղել հայ ժողովուրդը պատմության քառուղիներում։ Ոչ ոք թող վեր չթռչի ու ասի՝ եկեղեցին դուրս պիտի մնա քաղաքականությունից։ Ամեն ինչ մեր կյանքում քաղաքականություն է:
- Իշխանությունը, հնարավոր է, իր վերարտադրության խնդիրները պատկերացնում է եկեղեցուն հարվածելու, նրան հեղինակազրկելու միջոցով։ Եկեղեցին շատ մեծ ազդեցություն ունի անգամ մեր ամենավերջին գյուղերում, որտեղ 10 տուն կա։ Որ գնաս, հարցնես՝ կասեն՝ մեր Սուրբն այնտեղ է։ Դա տրադիցիոն ընկալում է, նրանք համարում են, որ իրենք ու իրենց երեխաները հայ քրիստոնյաներ են։
- Ի՞նչ է նշանակում՝ «սոցիալական սեռ», որը պրոպագանդվում է Արևմուտքում։ Դա այն է, որ հիմա դու քեզ զգում ես մի սեռի, 3 ժամ հետո՝ մեկ այլ սեռի, և այդպես շարունակ։ Թրամփը փորձում է դեմն առնել, դեռ չի կարողանում։ Դրա համար փորձում է դրսում քաոսային իրավիճակներ ստեղծել ներսի քաոսը կոծկելու համար։ Ամերիկան այն վիճակում է, որ արտաքին միջամտությունը կարող է հասնել մինչև առանցքային կերպարների ոչնչացում ԱՄՆ-ի ներսում։
- Ասենք թե բռնաճնշումներով հանեցիք Հայոց կաթողիկոսին։ Ի՞նչ եք անելու։ Կաթողիկոսը Հայոց եկեղեցու սակրալ՝ սրբազան իշխանությունն է։ Որտեղ էլ նա գտնվի՝ նա շարունակում է մնալ Ամենայն Հայոց կաթողիկոս, եթե անգամ նրան կալանավորեն: Ինչքա՞ն կդիմանա Հայ Առաքելական եկեղեցին, եթե կաթողիկոսները քաղաքական իշխանության քմահաճույքով, քամու փչելով՝ թողնեն, հեռանան… Որևէ քաղաքական իշխանություն ժամանակավոր է, իսկ Հայոց եկեղեցու միասնականությունը պահպանելն արխիկարևոր է։
- Իսրայելում, իհարկե, մեզ չեն սիրում, բայց ասում են՝ Ադրբեջան չի եղել, իսկ Հայաստան միշտ եղել է։ Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանը պրոքսի պետություն է։
- Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ Ադրբեջանի և Թուրքիայի իներցիոն հայատյացությունը կարող է վերանալ։ Ի՞նչ է փոխվել, որ հանկարծ բարեկամացել ենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ… Այլևս չե՞ն ուզում հային վերացնել, Մեծ Թուրան ծրագիրը փոխվե՞լ է, որը վերակենդանացրել ու վերագործարկել է բրիտանական ՄԻ-6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Մուրը (որը բազմիցս հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և Հայաստանում, և դրսում,- Ս.Ս.)։
- Իսլամադավան երկրներում ամենասարսափելի բանն է Մուհամեդ մտածողի զգուշացումը՝ «Հայ սպանողը դրախտ չի՛ ընկնելու»։ Նա իսլամական վերածննդի խոշորագույն մտածողն էր ու համարում էր՝ այն ժամանակ, երբ հայերին կջնջեն, կգա արաբների հերթը։
- Մենք այսօր այնպիսի վիճակում ենք, որ 4 հայ երեխաներից 3-ը ծնվում են Սփյուռքում։ Իսկապես այսօր Հայ Առաքելական եկեղեցին ավելի մեծ է, քան Հայաստանը, և սրան պետք չէ նայել խանդով։
- Էս էլ կանցնի, բայց պետք է հիշել՝ հնարավոր չէ ճոճանակը միշտ մի ուղղությամբ հրել ու չսպասել, որ այն հետ կգա… հարվածը գալու է:
- Որպես ինստիտուտ՝ Հայ Առաքելական եկեղեցին մեր ժողովրդի համար անփոխարինելի է, և նրա ղեկավարի նկատմամբ որևէ գործողություն ծայրահեղ զգուշորեն պետք է արվի, լայն հասարակական քննարկմամբ։ Ես պատրաստ եմ մասնակցել այդ քննարկմանը։ Մեր ժողովուրդը պետք է տեսնի, որ եպիսկոպոսները չեն կարող Վեհափառին դեմ գնալ։ Նա Աստծո օծյալն է, ու ինչ էլ լինի, մնալու է Հայոց կաթողիկոս, որովհետև ոչ ոք չի կարող ապացուցել, որ նա գործել է Հայոց եկեղեցու ուսմունքի դեմ։
- Մենք այսօր ազգի հարց ենք լուծում։ Իշխանությունը ձեռնոց է նետել, ու մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերը։ Ժողովուրդը պետք է մասնակից լինի այս ամենին։ Վերջին հարցումներով Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հեղինակությունը 80% է եղել, ամենաբարձրն է Հայաստանում։
- 17-րդ դարում մենք ունեցել ենք Եկեղեցուն քննադատող մի շարք մտավորականներ՝ Գաբրիել Այվազովսկի, Րաֆֆի և այլք։ Բայց նրանցից ոչ ոք Վեհափառի փոփոխության, եկեղեցին լուծարելու, քանդելու հարց չի դրել, որովհետև հասկացել են՝ աղբի ցեխով չի կարելի պատել Եկեղեցու պատերը։
- Պետք չէ մեզ խաբել, որ «Զանգեզուրի միջանցքով» ամեն ինչ վերանալու է։ Դա գործողությունների առաջին հատվածն է, նպատակը Հայաստանի աստիճանական վերացումն է։ Մեծ Թուրանը պետք է շրջել արաբական աշխարհի դեմ, միայն այդ ժամանակ Արևմուտքը կհամարի, որ իր գործն աջ է գնացել, դա է նրանց նպատակը:
- Այն, որ Գազայի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի 20 կետերը չեն իրականացվելու, պարզ է։
- Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրն Իրանի դեմ ակտ էր, որն Իրանը չի մոռանալու՝ իր հնարավոր հետևանքներով։ 2015թ.-ից սանկցիաների տակ գտնվող Իրանը չի կարող ներել, որ իր համար Հայաստանը փակում է դեպի Չինաստան ու արտաքին աշխարհ դուրս գալու իր վերջին հույսը։ Քանի՞ անգամ է Իրանն ասել՝ կմտնեմ, զորքով այդ հատվածը կվերցնեմ։
- Ալիևի համար շատ տհաճ իրավիճակ է ստեղծվել։ Եթե նա մի քայլ անի դեպի Ռուսաստան, Ալիևի վիճակը կդառնա ծայրահեղ։ Մենք պետք է օձի խելք ու բանականություն ունենանք, որ Հայաստանը չմտցնենք Արևմուտք-Ռուսաստան դիսկուրսի մեջ։
- Արդարացի երկիր է պետք, որը կպաշտպանի իր երկիրն էլ, իր Սփյուռքն էլ։ Բարոյական, պարկեշտ մարդիկ պետք է գան իշխանության։ Երկրից պետք է վերանա թալանի մթնոլորտը։ Մենք արդեն այդ ռեսուրսը չունենք այլևս։
- Հնամենի ճշմարտություն է՝ եթե դու չես ուզում կերակրել քո բանակը, ստիպված կլինես կերակրել թշնամու բանակը։
- Ես չեմ պատկերացնում՝ մենք ինչ գործ ունենք Աբրահամյան համաձայնագրերում։ Մենք սեմեր չենք։ Իսրայելի հետ հարաբերությունները պետք է լինեն երկկողմ, այլ ոչ թե մտնենք ինչ-որ դաշինքների մեջ ու ներկայացնենք այս կամ այն կողմի շահերը։ Մեզ տանում են, մտցնեն մի տեղ, որտեղ մեր շահերը որևէ կերպ չեն սպասարկվելու։ Եվ պետք է հաշվի առնել, որ Իսրայելը գործել է և գործելու է մեր դեմ։
- Բրիտանիան երբեք չի հրաժարվում իր կայսերապետական նկրտումներից, որ իրենք պետք է աշխարհին վերահսկեն։
- Էս երկրում ապրում է 80%-ից ավելի մարդ, ովքեր իրենց համարում են հայ քրիստոնյա։ Ու նրանք թույլ չեն տալու, որ մեր երկիրը դրսի ուժերը և Հայաստանի իշխանությունները քանդեն։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, որ քանդվի ու հավաքվի, հանդես գա ուրիշ անվան տակ։ Եկեղեցու կոչումն ազգային ինքնության անձնազոհ պահպանությունն է։ Վտանգը շատ մեծ է, չպետք է թույլ տանք հարվածել Եկեղեցուն:
Մանրամասները՝ տեսանյութում։