Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. արհեստական լճակից հրշեջ-փրկարարը դուսր է բերել 14-ամյա երեխայի դին
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք և Կոտայք գյուղերի միջնամասում գտնվող Կաթնաղբյուր գյուղի վարչական շրջանի արհեստական լճում երեխա է խեղդվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների և ջրասուզակի օգնությունը՝ դին դուրս բերելու համար:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր որոնողական աշխատանքներ կատարելուց հետո լճակից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ, 14-ամյա Թևոս Մելքոնյանի դին: Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ-քննչական խումբը և Աբովյանի շտապ օգնության բրիգադը: Երեխայի դին տեղափոխվեց Աբովյան բշժկական կենտրոնի դիահերձարան: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: