Կփակենք Սերժի ճամփան …Իսկ վարչապետը «վամպիր» ա, «վամպիրը» մենակ թվերի հետ ա խաղում ու օդից փող ա բռնում
Արմավիրցիները այսօր հերթական բողոքի ցույցն են կազմակերպել, սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հաջողվել է համոզել գյուղացիներին, որ այսօր տոն է՝ Վերջին զանգ և չի կարելի արմավիրցի շրջանավարտների «քթից բերել ու տոները հարամել»:
Այս մասին galatv.am-ին փոխանցել է արմավիրցի ակտիվիստ, Շենավան համայնքի բնակիչ Բարունակ Ղուկասյանը, ում տնտեսությունը ևս ավերվել է 100 տոկոսով: Նա ասել է, որ մարզպետը, իմանալով, որ գյուղացիներին չի բավարարել ՀՀ վարչապետի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խոստումներն ու հայտարարությունները՝ հողահարկի զիջման վերաբերյալ, շրջում է գյուղերում և դժգոհ գյուղացիներին համոզում, որ հանկարծ չսկսեն բողոքել:
«Մարզպետն էլ տոնական հագուստով, զարդարված, եկել էր մեր Վերջին զանգը շնորհավորելու, ձեռի հետ էլ գյուղացիներին համոզում էր…մենք էլ հասկանում ենք, որ իրա ձեռքը բան չկա:
Մարզպետը ի՞նչ… կատարող անձ է, նրան հրամայված է, որ գա ժողովրդին համոզի և վերջ: Ժողովուրդը բացարձակ հուսախաբ է եղել, էլ ոչ մի ակնկալիք էլ չունի, ուղղակի սաղս զոմբիացել-մնացել ենք,- ասել է Բարունակ Ղուկասյանը, ապա շարունակել: – Լավ, հողի հարկից, ասենք թե, ազատեցին, մեր վարչապետը «վամպիր» ա, իսկ «վամպիրը» մենակ թվերի հետ ա խաղում ու օդից փող ա բռնում: Հիմա օդից ուզում է ժողովրդին կերակրի, ասենք թե, էդ հարկը հանեց, լավ, դրանից իմ երեխի ստամոքսը ի՞նչ ա լցվում: Էդ հարկը հանի-չհանի, մեկ ա` ժողովուրդը չի կարենալու տա ու չի տա: Էն էլ հարկը հանում է մենակ էն տնտեսություններից, որը որ հարյուր տոկոսով վնասվել ա, օրիակ` Շենավան գյուղը 100 տոկոսով տուժել ա, նույնիսկ երկարաժամկետ վարկերը հլա քննարկման առարկա է՝ ասում ա` հլը պտի քննարկենք,տեսնենք՝ ինչ անենք: Վնասի փոխհատուցումը ո՞րն է, դուք չե՞ք պատկերացնում, գիտե՞ք՝ ինչ վիճակ է, ես ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ ասեմ՝ ինչ վիճակ ա ստեղ: Էն «արմագեդոն» ասածը մեր ժողովրդի գլխին ա եկել»:
Արմավիրցիները վստահեցրել են, որ մայիսի 28-ին փակելու են Սերժ Սարգսյանի ճանապարհը:
«Էսօր չէ, բայց ամսի 28-ին անպայման փակելու ենք: Էն աստիճանի է արդեն հասել, էն աստիճանի ենք հիասթափվել… բայց որոշել ենք ու պիտի անենք»: