Լուրջ փոփոխություններ՝ Ազգային ժողովում

Աժ-ում լուրջ փոփոխություններ կան. ձևավորվել է համախմբված ընդդիմություն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ընդդիմությունը ԱԺ այս քառօրյայի երեք  քվեարկությանն էլ միասնական գործեց: Ինչ վերաբերում է խորհրդարանական ամբիոնից իր հասցեին հնչեցրած մեղադրնանքներին, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Նյարդայնացած արձագանքներ կային ու փոխանակ պատասխանեին փաստարկներին, մեր հաշվարկներին, զբաղված էին ընդդիմությանը վիրավորելով: Մի կարևոր փոփոխություն կարձանագրեմ, որը  ՀԱԿ ռազմավարության կարևորագույն ձեռքբերումներից է. խորհրդարանը դարձել է խորհրդարան, թեև ունի կեղծված մեծամասնություն, գող-ավազակներ, բայց խորհրդարան է դարձել, որովհետև սուր քննադատություն է հնչում: Այս իշխանությունը տարիներ շարունակ սովորել էր, որ կարող է  հափշտակել ազգային հաստությունը, գողանալ, բայց գալ խորհրդարան ու ներակայանալ որպես սոլիդ: Այդ հաճույքից  իրենց զրկեցինք, որովհետև կորցրել են իքնանվստահությունը»: Նրա խոսքով, թեպետ իրենք դեռ չեն կարողանում դադարեցնել կողոպոտը, բայց կարողանում են ճշմարտությունը «նետել իշխանության երեսին»: Եթե այն ժամանակ, Զուրաբյանի խոսքով, նրանք գողանում էին ու հաճույք  ստանում, հիմա գողանում են, բայց հաճույք չեն ստանում:

Ինչ վերաբերում է Գ. Սահակյանի հայտարարությանը, թե Լ. Զուրաբյանը «զրո է», ՀԱԿ պատգամավորը արձագանքեց. «Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղվի նման բան է: Այդ օրը ես մի անգամ ասացի, որ բանականության առումով պուճուր եղբայրների վրա չեն նեղանում: Փաստորեն, մի զրո կա Հայաստանում, որը հունից հանում է ՀՀ վարչապետին, մեծամասնության խմբակցության ղեկավարին: Այդ զրոյի մասին ամբողջ իշխանական պրոպագանդան օր ու գիշեր խոսում է: Ես ուրախ եմ՝ շատ հզոր զրո է»: Հարցին, թե ինչով կմնա Գալուստ սահակյանը պատմության մեջ, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Տափակ շուլուխներով: Բայց չեմ էլ կարծում, որ կմնա: Հիմա վիքիպեդիայում անգամ նրա շուլուխների գրադարանը կա: Չեմ կարծում, որ արժանանա Գրիգորիչը դրան»:

Տեսանյութեր

Լրահոս