
Ի՞նչ է հերպեսը, ինչպե՞ս է փոխանցվում, ուռուցքային ո՞ր հիվանդությունների պատճառ կարող է լինել
Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Այն ունի կրկնվելու հատկություն: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վիրուսից խուսափելու, առաջացրած բարդությունների մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանի հետ:
– Ի՞նչ է հերպեսը և ինչպե՞ս է փոխանցվում:
– Աշխարհում այսօր ապացուցված է, որ մի շարք հիվանդություններ պայմանավորված են հերպես վիրուսով: Այն մեծ վիրուսների շարք է, և քչերը գիտեն, որ դրանց շարքին է դասվում նաև ջրծաղիկի վիրուսը, ցիտոմեգալովիրուսը: Ընդհանուր առմամբ հերպես վիրուսների շարքը բաժանված է 8 խմբի, որոնցից մեզ ամենահայտնիներն առաջին և երկրորդ տեսակի հասարակ հերպես վիրուսներն են, երրորդ խմբում ջրծաղիկի և հետագայում գոտևորող որքինի հարուցիչն է, 4-րդ խումբը ցիտոմեգալովիրուսներն են, մյուս խմբերն ավելի քիչ ուսումնասիրված են:
Ապացուցված է, որ որոշ ուռուցքային հիվանդություններ, որոնք բավականին տարածված են, պայմանավորված են հերպես վիրուսի 6, 7, 8 տիպերով:
Նշեմ, որ հերպեսները երկար ժամանակ կարող են պահպանվել օրգանիզմում, նույնիսկ մարդիկ կարող է չիմանան դրա մասին և որոշակի պայմաններում՝ հիմնականում իմունդեֆիցիտային վիճակներում, արտահայտվում է:
Ցանկացած տեսակ ունի օրգանները, թիրախ համակարգերը, որտեղ երկարատև մնում է: Ջրծաղիկի 3-րդ տիպի վիրուսները երկարատև մնում են նյարդային համակարգում, ցիտոմեգալովիրուսը, Էպշտեյն Բարի վիրուսները՝ արյան բջիջներում: Էպշտեյն Բարի դեպքում հետազոտել են 29-30 տարեկանների և պարզվել է, որ 95 տոկոսից ավելին երբևէ հիվանդացել կամ անախտանիշ տարել են հիվանդությունը:
– Օրգանիզմում լուռ պահպանվելով հանդերձ և՞ս կարող են վնասել մարդուն:
– Նայած՝ որ խմբի հետ գործ ունենք: 1-2-րդ տիպ վիրուսները շատ չեն տարածվում, սովորաբար տեղակայվում են բերանի, դեմքի շրջանում: Մյուս խմբերը կարող են դանդաղ, բայց իրենց ազդեցությունն ունենալ, ուռուցքային հիվանդությունների պատճառ դառնալ: Դա կարող է լինել արյունաստեղծ համակարգի, իմունային համակարգի ուռուցքային հիվանդությունը: Կա քրոնիկ հոգնածություն հասկացությունը, որ մարդիկ չեն էլ պատկերացրել, որ դա կարող է վիրուսով պայմանավորված լինել: Կա նման ձևակերպում, որ եթե մարդը հանկարծակի կորցրել է աշխատունակության 50 տոկոսը և որևէ այլ հիվանդություն չի հիմնավորում այն, ներկայումս փորձում են կապել հերպես վիրուսների հետ:
Իմունային համակարգը ճնշող դեղորայք ստացողների, ՄԻԱՎ վարակակիրների մոտ առաջին դրսևորումներից մեկը լինում են հերպես վիրուսով պայմանավորված հիվանդությունները:
– Ատոպիկ դերմատիտ ունեցողները ռիսկի գոտո՞ւմ են:
– Դրանք իրականում տարբեր հիվանդություններ են, բայց առաջնային է հերպեսը ատոպիկ դերմատիտից տարբերակելը: Վիրուսը մաշկային հիվանդություն չէ, ավելի շատ նյարդային համակարգում է տեղակայվում, և այդ դրսևորումը, ինչը որ մենք տեսնում ենք արտաքինից՝ ցանային էլեմենտների տեսքով, դրանք արդեն երկրորդային դրսևորումներ են: Օրինակ, գոտևորող որքինի ժամանակ տեղի է ունենում նյարդի բորբոքում, որից հետո նոր ցանավորում է լինում:
Գոտևորող որքինը ջրծաղիկի նույն վիրուսն է, որն առաջացնում է ջրծաղիկ, ցմահ պահպանվում է օրգանիզմում և իմունիտետի ընկճման դեպքում դրսևորվում է տվյալ նյարդի նյարդավորման շրջանի ախտահարումով: Կոչվում է գոտևորող որքին, քանի որ սովորաբար կրծքային նյարդերի հատվածում է լինում կամ ախտահարում է գոտկային, ողնաշարից դուրս եկող նյարդերը, ախտահարում է, առաջանում են ցանային էլեմենտներ և տպավորություն է, որ գոտու հատվածով է լինում, սակայն իրականում նյարդի հատվածն է:
– Ջրծաղիկի դեմ պատվաստվելով՝ հերպեսով վարակվելը չենք կանխի՞:
– Իրականում լավ մոտեցում է: Բոլորը գիտեն, որ պատվաստվում են ջրծաղիկի դեմ, բայց կարևոր ու մեծ խնդիր են լուծում: Պատվաստվելով՝ մեզ ապահովագրում ենք, որ հետագայում գոտևորող որքինով չհիվանդանանք:
– Հերպեսի դեմ պատվաստանյութ չկա՞:
– Ոչ, բայց կանխարգելելու հեշտ միջոցներ կան, որովհետև կոնտակտային է, շփման արդյունքում է փոխանցվում:
– Մանկական տարիքում կարո՞ղ է ի հայտ գալ:
– Ցանկացած տարիքում կարող է լինել: Կա հերպես վիրուսի շարք, որը մեծ վտանգ է ներկայացնում նորածինների շրջանում: Լուրջ և ծանր ընթացք կարող է ունենալ: Խոսքը ցիտոմեգալովիրուսի մասին է: Անգամ մահվան դեպքեր են լինում:
– Աչքերի շրջանում ևս լինում է:
– Այո: Լինում է աչքի հերպես, գոտևորող որքին: Ցիտոմեգալովիրուսը հանգեցնում է ընդհուպ կուրության:
– Հերպես նաև բերանի ներսում է լինում. ստոմատիտի հետ չեն շփոթո՞ւմ:
– Տարբերակման առումով բավականին շատ խնդիրներ ենք ունենում:
– Որո՞նք են վիրուսի փոխանցման ուղիները:
– Կենցաղ-կոնտակտային, սեռական ճանապարհով է փոխանցվում: Համբույրի միջոցով է փոխանցվում:
– Դեպք էր եղել, որ մեծահասակը մի քանի ամսական երեխայի հետ շփվել է՝ նրան վարակելով վիրուսով, որից հետո նոր պարզել էին, որ մեծահասակի մոտ կա հերպես վիրուս: Ի՞նչ հետազոտություններ կարող է մարդը կատարել, որ պարզվի՝ ունի՞ վիրուս, թե՞ ոչ:
– Երևի հիմնավորված չէ հետազոտություն կատարելը, որովհետև գրեթե բոլորն ունենալու են:
Կարևորը հիվանդության դրսևորումն է: Ջրծաղիկի, Էպշտեյն Բարի վիրուսները վտանգավոր չեն, չնայած պահպանվում են օրգանիզմում: Հակամարմիններով կարող ենք որոշել հիվանդության առկայությունը, բայց դա այնքան էլ ինֆորմատիվ չի լինելու:
Եթե մենք զբաղվենք վիրուս հայտնաբերելով ու ոչնչացնելով՝ ոչ մի հաջողություն չենք ունենա, որովհետև հերպես վիրուսները ցմահ են մնում օրգանիզմում: Դրանց դեմ պայքարելը ոչ մի պարագայում արդարացված չէ: