Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել. կրակը պատել է 1500 հեկտար
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում բռնկված անտառային խոշոր հրդեհն արդեն ընդգրկել է 1,5 հազար հեկտար տարածք, այս մասին հայտնել է դեպարտամենտի պրեֆեկտ Պիեռ Ռենոն։
«Կրակի գոտու երկարությունը կազմում է 18 կմ, դրա մարման համար ցամաքում և օդում զգալի ռեսուրսներ են ներգրավված», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Պրեֆեկտի խոսքով, հրդեհը շատ արագ է տարածվել Տրիվելաշ կոմունայի շրջանում. միայն կիրակի գիշերը կրակը պատել է ավելի քան 900 հեկտար տարածք։ Դրա մարման աշխատանքներում ներգրավված են հրշեջ-փրկարարական ծառայության 700 աշխատակից, ինչպես նաև 200 մեքենա և 9 ինքնաթիռ ու ուղղաթիռ։
Առայժմ ուժեղ քամու և հրդեհի գոտու դժվարամատչելիության պատճառով չի հաջողվում զսպել կրակի տարածումը։ Պրեֆեկտը նախազգուշացրել է, որ մինչև օրվա վերջ իշխանությունները կարող են որոշում կայացնել «Տուր դը Ֆրանս» բազմօրյա հեծանվավազքի փուլերից մեկի չեղարկման մասին։

