Բունդեսվերի ղեկավարը դեմ է «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության հետ հետախուզական տվյալների փոխանակմանը. Politico
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ հանդես է գալիս ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցության պոտենցիալ նախարարներին երկրամասային վարչակազմերում գաղտնի տեղեկատվության փոխանակմանը մասնակցող անձանց շրջանակից բացառելու օգտին։
Որպես հիմնական պատճառ՝ Պիստորիուսը նշել է «Գերմանիայի համար այլընտրանք»-ի սերտ կապերը Մոսկվայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Բավական է լսել «Գերմանիայի համար այլընտրանք»-ի բազմաթիվ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները։ Պուտինի հետ նրանց սերտ կապերն անժխտելի են», — ասել է Պիստորիուսը։ «Կան նաև կասկածներ, որ գումարները ստացվում են Ռուսաստանից։ Ակնհայտ է, որ նման բան չպետք է լինի», — հավելել է նախարարը։
«Գերմանիայի համար այլընտրանք»-ը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում իշխանության գալու իրենց լավագույն հնարավորությունները կապված են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ, որտեղ կուսակցությունը կարող է ստանալ բացարձակ մեծամասնություն։ Սա ցնցում կառաջացնի ողջ Գերմանիայում, քանի որ կուսակցությունն առաջին անգամ հնարավորություն կունենա ձևավորել երկրամասային կառավարություն։
Գերմանիայի դաշնային համակարգի շրջանակներում 16 երկրամասերի կառավարությունները լայն լիազորություններ ունեն բազմաթիվ ոլորտներում, ներառյալ հետախուզական ծառայությունների որոշ գործունեություններ։

