
Երկիրն օկուպացված է, Միքայել և Բագրատ սրբազանները՝ գերիներ․ Հովհաննես Իշխանյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նախօրեին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման, խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ․ դատավոր Արմինե Մելիքսեթյանին երկու ամսից էլ քիչ ժամանակ պահանջվեց դատաքննությունն ավարտին հասցնելու համար։
Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականներին կալանավորելու հապշտապ որոշումները հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ համարում են Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցին «ազատագրելու» հակաեկեղեցական արշավի մի դրվագ միայն՝ նկատելով, որ սա, հնարավոր է, դառնա օրինաչափ վարքագիծ։
Ի վիճակի՞ է արդյոք ընդդիմությունը քաղաքական այս հարվածը վերցնել իր վրա, որպեսզի Մայր Աթոռը չդառնա թիրախ՝ հարցի պատասխանը 168.am-ը լսել է իրավապաշտպան, վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանից։
«Հայաստանում, ընդհանրապես, ընդդիմություն բառի կիրառությունը սխալ է, որովհետև Հայաստանն օկուպացված է․ այսինքն՝ կա օկուպանտների իշխանություն, որը «Քաղաքացիական պայմանագիրն» է։
«Ընդդիմություն» ասվածն այս պարագայում ճիշտ չէ, որովհետև, օրինակ, Սովետական Միության ժամանակ նրանք, որոնք դեմ էին իշխանությանը, կոչվում էին «դիսիդենտ», այսինքն՝ բառով, որը համապատասխանում է տվյալ վիճակին։ Հիմա Հայաստանի պարագայում էլ նույնն է, և այն, որ արքեպիսկոպոսի գլխին գործ են սարքում ու նստեցնում են, ևս մեկ քար է դնում այն տրամաբանությանը, որ Հայաստանն օկուպացված է»,- ասաց Հովհաննես Իշխանյանը։
Նա չբացառեց, որ եկեղեցականներին «իզոլացնելու» քաղաքականությունը դառնա օրինաչափություն՝ նկատելով, որ դրա մասին արդեն իսկ կարելի էր ենթադրել, երբ Նիկոլ Փաշինյանը նախ կառավարության նիստում խոսեց «չուլանացված» եկեղեցիների մասին, ապա նաև՝ գրառումներ արեց «դոմփելու» ու ավազանի անունով դիմելով՝ հոգևորականներին անվանարկելու մասին։
«Այդ պահից, կարծես, մեկնարկեց հայ եկեղեցին քանդելու թուրքական քաղաքականությունը, քանի որ գիտենք՝ Թուրքիան ստեղծման օրից խնդիր ունի Հայ Առաքելական եկեղեցին վերահսկելի դարձնելու»,- շեշտեց Հովհաննես Իշխանյանը։
Ըստ նրա՝ այս օպերացիան մեկնարկեց նախ անտեսանելի կերպով, ապա ստացավ հստակ դեմք․ հասարակության պառակտում, բանակի ջլատում, Արցախի հանձնում։
«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, Թուրքիային և Ադրբեջանին՝ այդ բորենիներին, նստեցնելով մեր սարերին, արդեն հանգիստ անցավ եկեղեցուն՝ մի քանի ամիս տեռորի մեջ պահելով, վարկաբեկելով, ավազանի անունով կոչելով հոգևորականներին, ու հետո արդեն՝ սկսվեց գերի վերցնելու պրոցեսը․ Բագրատ ու Միքայել Սրբազանները քաղբանտարկյալ չեն կարող կոչվել, նրանք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական պատերազմի հետևանքով թշնամու ձեռքն ընկածներն են, նրանք գերիներն են։
Արքեպիսկոպոսները գերիներ են, և նրանց հարցերի դեպքում, օրինակ, պետք է առաջնորդվել Ժնևի կոնվենցիայով»,- պարզաբանեց իրավապաշտպանը։
Ի՞նչ անել, որ Մայր Աթոռը չդառնա առաջնագիծ՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց՝ հիշեցնելով, որ ընդդիմադիր տարբեր շրջանակները, որոնց նա անվանում է «ազատագրական շարժման խմբեր», արդեն մի անգամ կարողացել են լավ աշխատել, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ինչ-որ խումբ հավաքել՝ Մայր Աթոռ արշավելու համար։ Սակայն հավելեց՝ ներընդդիմադիր տարակարծությունն այս պարագայում ևս առկա է, չկա կենտրոնացվածություն, պլան՝ ինչպես իշխանությունների մոտ է։
«Մենք տեսնում ենք, արդեն 3 քահանա դուրս եկան եկեղեցու դեմ, բայց մենք չենք տեսնում ազատագրական շարժման անելիքներ»,- նկատեց նա, ապա նշեց, թե սցենարը ենթադրում է, որ հերթով հոգևորականներ կկալանավորվեն՝ բացելով ճանապարհը դեպի Մայր Աթոռ, դեպի Կաթողիկոս,- Առջևում Էջմիածնի համապետական ընտրություններն են, և, բնականաբար, եկեղեցին կարող էր մեծ քարոզչական դեր ունենալ, և դրա համար են փորձում հասցնել, որ մինչև գոնե 2026 թվականը կաթողիկոսին ձերբակալեն»։
Հովհաննես Իշխանյանն այս իրավիճակը կանխելու համար ակնկալում է, որ սրան դեմ բոլոր շրջանակները կկարողանան հաշվարկել բոլոր սցենարները և գործել։
«Նկատենք՝ իրենք արդեն ունեին ծրագրած, որ հենց արքեպիսկոպոսին բռնում են, հայտնվում է եղբորը մեջքից հարվածող հերթական քահանան՝ Տեր Տարոնը, տեղադրվում է ինչ-որ շեղող տեսանյութ, Աննա Հակոբյանը, որպես Հայաստանի օկուպացիայի նշան, Էրդողանի գիրքը կարդալն է վերջացնում-ծանուցում։
Այսինքն՝ պլանավորված գործողությունների շղթա է, որ ասում է՝ սա անելուց հետո նաև այս բաներն ենք անում, որպեսզի լեգիտիմացվի սրբազանին բռնելը, և հանկարծ այնտեղ ուրիշ մոբիլիզացիաներ չլինեն։
Հիմա հարցը հետևյալն է՝ լավ, այդ պարագայում, եթե մենք գիտենք, որ սրբազանին կալանավորելու վճիռ է լինելու, մենք ինչի՞, օրինակ, չկարողացանք անել որևէ տրիվիալ հակադարձում այս ամենին․ ասենք, մի հատ գիրք կարդանք Նեմեսիսի մասին, պատրաստած լինեինք տեսանյութեր՝ ի պաշտպանություն սրբազանի, կամ ինչ-որ արվեստագետների հետ արդեն քննարկած լինեինք անելիքներ։ Իրենք հիմա արվեստագետներին մոբիլիզացնում են, տանում-ցույց են տալիս Կիրանցի գունավոր դպրոցը, ասում են՝ տեսե՛ք, ինչ լավ է, նրանք էլ գալիս են, սկսում են այստեղ պատմել։ Իսկ մե՞նք։
Ամեն դեպքում, ես վստահ եմ՝ Եկեղեցու շուրջ աջակցությունը լինելու է, բայց վստահ չեմ, որ երևակայությունը հրաշալի է աշխատելու․ մաղթում եմ բոլորիս անսահման երևակայություն»,- ամփոփեց իրավապաշտպանը։